«Ականջ ծամել» խոստացող աղջիկը՝ «հուզված աղջկա» կերպարում

«Ականջ ծամել» խոստացող աղջիկը՝ «հուզված աղջկա» կերպարում

«ՄեդիաՆյուզ» կայքի (medianews.site) ֆեյսբուքյան էջում «Վարչապետի խոսքերը հուզեցին աղջկան» վերնագրով մի տեսանյութ է տարածվում, որում երևում է, թե ինչպես է մի աղջիկ «աչքերը լցրել» Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանի ելույթը լսելիս։

Ուշագրավ է, որ տեսանյութում «հուզված» աղջիկը բավականին նման է Երևանի քաղաքապետարանի Քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նուարդ Վարդանյանին։ Վարդանյանը Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ է և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի հարազատ քույրն է։

Իսկ թե ինչ նպատակ ուներ Փաշինյանի ելույթի ներքո «հուզված» աղջկա կերպար ներկայացնելը համացանցում, ակնհայտ է՝ նպատակը հանրության տրամադրության վրա ազդելն է և Փաշինյանի վարկանիշը բարձրացնելը։ 

«Հազարավոր քույրեր մեզ թև տվեցին հարազատ քրոջ պես, հազարավոր եղբայրներ մեզ թիկունք եղան հարազատ եղբոր նման: Հազարավոր երեխաներ մեզ խինդ ու երջանկություն պարգևեցին հարազատ զավակի նման», - տեսանյութում լսվում է Փաշինյանի ձայնը՝ մելամաղձոտ երաժշության ներքո։ Խոսքը վերցված է 2021 թվականի հունիսի 17-ին Հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական եզրափակիչ հանրահավաքում ելույթից:

Նուարդ Վարդանյանը հատկապես աչքի էր ընկել, երբ ֆեյսբուքյան իր էջում «ականջ ծամելու» մասին էր գրել։ «Սա ձեզ համար 90-ականները չի, որ մարդ սպանեք շքամուտքի մոտ ու կոծկեք ձեր կերած բողկերը: Ես որպես 90-ականների երեխա, ով էդ սարսափի մեջ է մեծացել, թույլ չեմ տալու, որ զարմուհիս ու մնացած մեր երեխաները դա ապրեն: Անհրաժեշտության դեպքում հատ-հատ բոլորիդ ականջները կծամեմ», - 2019 թվականի սեպտեմբերի 25-ին գրել էր ավագանու իմքայլական անդամը։

Սունկ կայքի տեսք ունեցող «medianews.site» կայքը փոխկապակցված է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ, որը հայտնի է նաև «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում իր ակտիվությամբ և իմքայլական վարչապետի քարոզչությունն ապահովելով։