Արտակ Զեյնալյանը դե՞մ է Մարտի 1-ի տուժածներին փոխհատուցելուն

Արտակ Զեյնալյանը դե՞մ է Մարտի 1-ի տուժածներին փոխհատուցելուն

ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանը դեռեւս ամիսներ առաջ  շրջանառության մեջ են դրել «2008 թվականի մարտի 1, 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագիծ։ Փետրվարի կեսերին նախագիծն ուղարկվել է կառավարություն, եւ առաջիկա հինգշաբթի, արդարադատության նախարարության մամուլի խոսնակի փոխանցմամբ, կհրապարակվի գործադիրի եզրակացությունը։

«Նախագծի վերաբերյալ նախարարության եզրակացությունն ընթացքի մեջ է: Մասնավորապես, պետաիրավական նախարարական կոմիտեի նիստում հարցը քննարկելիս արդարադատության նախարարությանը հանձնարարվել է աշխատել նախագծի հեղինակների հետ: Աշխատանքները ներկայում ընթացքի մեջ են, իսկ նախարարության եզրակացությունը ներառված կլինի կառավարության առաջիկա նիստի օրակարգում»,- հայտնեցին մեզ։ Սակայն, մեր տեղեկություններով, արդարադատության նախարարությունում հակված չեն դրական եզրակացություն տալու։

Թե որն է պաշտոնական բացատրությունը, չկարողացանք պարզել, սակայն մեզ ասացին, որ նախարար Արտակ Զեյնալյանն անձնական շահագրգռություն ունի, քանի որ ՄԻԵԴ-ում Մարտի 1-ի գործով 9 հայց ունի ներկայացված։ Նախարար դառնալուց հետո նա հրաժարվել է այդ գործերով ներկայացուցչությունից, սակայն ուզում է այս գործերով հաղթել, որ ՄԻԵԴ-ը փոխհատուցի սույն գործով տուժածներին, այլ ոչ թե Հայաստանը։ Նախագծի համահեղինակ, ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը մեզ հայտնեց, որ նախագիծը քննարկման փուլում է։ Մեր հարցին՝ արդարադատության նախարարությունը դրակա՞ն, թե՞ բացասական եզրակացություն է տվել նախագծին, Նազարյանը պատասխանեց․ «Քանի դեռ կառավարության նիստում չի քննարկվել, եզրակացությունը հայտնի չէ։ Մինչ դա էլ հանդիպումներ կունենանք, կգանք ընդհանուր հայտարարի։ Եթե փոփոխությունների ու լրացումների առաջարկներ լինեն, որպես հեղինակներ՝ բնականաբար, պատրաստ ենք համագործակցել»։