Աշոտ Մելոյանը դատի է տվել Դավիթ Խաժակյանին

Աշոտ Մելոյանը դատի է տվել Դավիթ Խաժակյանին

Երեւանի քաղաքապետարանի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի քարտեզագրման հսկիչ, «Կարգին հաղորդումից» հանրությանը հայտնի դերասան Աշոտ Մելոյանը դատի է տվել Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին։ Մելոյանը պահանջում է պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները հերքել եւ փոխհատուցում տրամադրել։Մեզ հետ զրույցում Խաժակյանն ասաց, որ դեռևս հայցադիմումը չի ստացել, և չգիտի, թե կոնկրետ որ հայտարարությունն է Մելոյանը համարել պատիվն ու արժանապատվությունը արատավորող, սակայն ենթադրեց, որ մեկ ամսվա կտրվածքով Մելոյանի մասին ինքն ընդամենը մի գրառում է կատարել․

«Իր վերաբերյալ մի գրառում էի արել, ենթադրում եմ, որ առիթը դա է։ Հայցադիմումը չեմ ստացել, որ կարողանամ իմանալ, թե ինչն է բուն պատճառը։ Մայիսի 8-ին իմ ֆեյսբուքյան պատին գրառում եմ արել, մտածում եմ՝ պատճառը դա է, քանի որ դատարան դիմելու ժամկետ կա, պետք է մի ամսվա ընթացքում դիմես, այդ ժամանակահատվածում միայն դա է մտնում։ Հնարավոր է, որ էլի ինչ-որ բան գրած լինեմ, բայց դա մեկ ամիս ժամանակահատվածից դուրս է»,- ասաց Խաժակյանը։

Իսկ մայիսի 8-ին Խաժակյանը անդրադարձել էր Աշոտ Մելոյանի այն գրառմանը, թե «Ով մտածում է, որ թավիշը ձեռքեր չունի, և անընդմեջ կարող են լեզվի տակ եղածը շռայլել, ուրեմն թող պատրաստ լինեն թավշյա ապտակի»։ Խաժակյանը Մելոյանի հայտարարության վերաբերյալ գրել էր․
«Այս գրառումը կատարել է Կարգին հաղորդման դերասան Աշոտ Մելոյանը, ով իր ընկեր, քաղաքապետ դարձած Մարությանի որոշմամբ աշխատում է համայնքապատկան թափառող կենդանիների վնասազերծման հիմնարկում: Հաշվի առնելով, որ հիմնարկի աշխատանքները խիստ անբավարար են, կարելի է ենթադրել, որ Մելոյանը վարձատրվում է հենց այսպիսի գրառումներ կատարելու համար:
Ընդ որում հիշեցնեմ, որ հիմնարկում հայտնաբերվել է առանձնապես խոշոր չափերի յուրացում և հարուցվել քրեական գործ: Տեսնես Մելոյանը կապ ունի՞ այդ գործի հետ»։

Մեզ հետ զրույցում Խաժակյանը դժվարացավ ասել, թե կոնկրետ իր գրառման որ հատվածն է արատավորել Մելոյանի արժանապատվությունը՝ «Դա թող ինքը բացատրի»,- ասաց Խաժակյանը։

Մենք փորձեցինք կապ հաստատել նաև Մելոյանի հետ, սակայն չհաջողվեց։