Անահիտ Բախշյանին «27»-ի վերաբացված գործի մասով ոչինչ չեն ասել, բայց նա նորից առանց փաստերի հայտարարում է

Անահիտ Բախշյանին «27»-ի վերաբացված գործի մասով ոչինչ չեն ասել, բայց նա նորից առանց փաստերի հայտարարում է

Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ԱԺ ամբիոնից արցախյան պատերազմում իր կրած պարտության ամբողջ մեղքը, ըստ էության, բարդեց Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի վրա և նաև հայտարարեց. «Եթե Ռոբերտ Քոչարյանը լիներ թուրքական գործակալ, այո, նրա օրոք Հայաստանի խորհրդարանում կգնդակահարեին Վազգեն Սարգսյանին և Կարեն Դեմիրճյանին: Որովհետև ում, եթե ոչ թուրքական գործակալների օրոք կարող էին դա անել: Եթե Ազգային անվտանգության ծառայությունը 1999-ին ղեկավարվեր թուրքական գործակալի կողմից, այո, կգնդակահարեին խորհրդարանում արցախյան հաղթանակի հեղինակին և Հայաստանն արդյունաբերական երկիր դարձրած առաջնորդին: Դա կարող էր տեղի ունենալ մի պայմաններում, եթե նրանց անվտանգությունն ապահովված լիներ թուրքական գործակալների կողմից»:

Ինչպես Նիկոլ Փաշինյանը ժամանակին հայտարարում էր, որ «Մարտի 1-ը» բացահայտված է, հիմա էլ, ըստ էության, ասում է, որ «Հոկտեբերի 27-ի» հեղինակը Քոչարյանն է։ Գուցե նոր բա՞ն կա «Հոկտեմբերի 27-ի» վերաբացված գործով, որով 2020 թ․ փետրվարից նորից նախաքննություն է ընթանում ԱԱԾ-ում։

Նման բան ասե՞լ են Անահիտ Բախշյանին նախաքննության մասով։ Մեզ հետ զրույցում Անահիտ Բախշյանը, ում դիմումով այս գործը հարուցվեց, ասաց․

«Իբր ի՞նչ են ասել, որ դա ասեն։ Ոչինչ էլ դեռ չեն ասել»։ Անահիտ Բախշյանն ասաց, որ ինքն էլ է կիսում այն, որ «Հոկտեմբերի 27-ի» հետևում կանգնած է Ռոբերտ Քոչարյանը։ Բայց կարո՞ղ է Նիկոլ Փաշինյանը միշտ, առանց դատարանի վճռի նման բան հայտարարել։ «Ճիշտ չեմ համարում, պետության գլխին կանգնած մարդը`ինքը, իրավունք ունի խոսելու այն մասին, ինչը փաստով ապացուցվել է»,-ասաց նա։ 

Անահիտ Բախշյանն ասաց, որ ավել բան հիմա պատրաստ չէ ասել։