Ուկրաինայում փորձում են «անկախացնել» Եկեղեցուն 

Ուկրաինայում փորձում են «անկախացնել» Եկեղեցուն 

Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհուրդը հանձնարարել է Ուկրաինայի կառավարությանը Գերագույն Ռադա ներկայացնել օրենքի նախագիծ, որով Ռուսաստանում գտնվող կրոնա-եկեղեցական կենտրոնների հետ կապ ունեցող եկեղեցական կառույցների գործունեությունը արգելվելու է։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Վերջինս նշել է, ու Ուկրաինայում գործող կրոնա-եկեղեցական շրջանակները չափազանց սերտ կապեր ունեն Ռուսաստանի հետ։

Մասնավորապես ուկրաինական իշխանությունների թիրախում հայտնվել է Ուկրաինական Ուղղափառ եկեղեցին, որը հոգեւոր առումով կապված է Ռուս Ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքության հետ։ Նույնիսկ հանձնարարվել է էթնոքաղաքականության եւ խղճի ազատության հարցերով զբաղվող պետական մարմնին փորձաքննության ենթարկել Ուկրաինայի Ուղղափառ եկեղեցու կանոնադրությունը, պարզելու համար, թե որքանով է այն կանոնական առումով կապված Մոսկվայի պատրիարքության հետ եւ հարկ եղած դեպքում ձեռնարկել օրենքով նախատեսված միջոցներ։

Ինքնին հասկանալի է, որ ամեն կերպ Ռուսաստանից, ռուսական հոգեւոր, մշակութային միջավայրից «պոկվելու» քաղաքականություն որդեգրած Ուկրաինան նորից ակտիվացնում է «կրոնա-եկեղեցական խաղաքարտը»։ Եւ սա ի դեպ, նոր բան չէ, քանի որ Զելենսկու նախորդ Պետրո Պորոշենկոն էլ իր նախագահության վերջերում կարծես թե, ակտիվորեն զբաղվում էր, այսպես ասած՝ «Ուկրաինայի եկեղեցու անկախացմամբ», որի արդյունքում նոր «սխիզմա» (պառակտում) առաջացավ այդ երկրի կրոնա-եկեղեցական տիրույթում։

Հիշեցնենք, որ Ուկրաինայում վերջին շաբաթներին բավականին հաճախակիացել են տարբեր եկեղեցական-վանական հաստատություններում ուժայինների կողմից իրականացվող խուզարկություններն ու ռեպրեսիվ այլ գործողությունները։