Մենք այսօրվա համար ենք պայքարել, որ լինեն հավասար պայմաններ թեկնածուների համար

Մենք այսօրվա համար ենք պայքարել, որ լինեն հավասար պայմաններ թեկնածուների համար

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր ընդունեց Արարատի մարզի Ուրցաձոր խոշորացած համայնքի նորընտիր ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանին, Արևաբույր համայնքի նորընտիր ղեկավար Ջիվան Մանուկյանին և Վարդաշեն համայնքի նորընտիր ղեկավար Գևորգ Բարխոյանին։

Մարզպետ Սարգսյանը նախ շնորհավորեց ընտրված համայնքապետերին՝ մաղթելով բեղուն աշխատանք։ Նա շեշտեց՝ հաշվի ենք նստում համայնքի բնակիչների ընտրության հետ։
«Վիճարկելու որևէ պատճառ չունենք։ Մենք արձանագրում ենք, մենք հաշվի ենք նստում, ժողովրդի կամքն է սա, մենք այսօրվա համար ենք պայքարել, որ լինեն հավասար պայմաններ թեկնածուների համար, և համայնքը ընտրություն կատարի։

Սա ՏԻՄ երկրորդ ընտրություններն են հետհեղափոխական շրջանում, և մենք պատվով դուրս եկանք։ Բոլորի համար հավասար հնարավորությունները ստեղծված են եղել՝ մասնակցելու, իրենց ուժերը չափելու և համոզվելու՝ ով է ժողովրդի համակրանքը վայելում։ Ընտրություններն անցել են օրենքին համապատասխան»,- ասաց Գարիկ Սարգսյանը։
Ընտրված համայնքապետերն իրենց հերթին շեշտեցին, որ ընտրություններն անցել են պատշաճ մակարդակով, իրենք էլ իրենց որդեգրած ռազմավարությունը կշարունակեն։