Բուն հեղափոխականները, ովքեր մեզ այսօր պետք են, գործել են լուսանցքում

Բուն հեղափոխականները, ովքեր մեզ այսօր պետք են, գործել են լուսանցքում

«Հրապարակ» օրաթերթի «Հոգեւոր Հայաստան» մենախոսությունների շարքի հաջորդ հերոսը գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանն է, ով տալիս է հոգեւոր Հայաստանի իր սահմանումը եւ այն, թե ինչ կփոխեր ներկայիս Հայաստանի հոգեւոր-մշակութային կյանքում։

Ցեղային ավազանի գիտակցություն

Անկեղծ ասած՝ այդքան չեմ սիրում, երբ հոգեւոր Հայաստանի մասին խոսելիս անընդհատ Վահան Տերյանին են մեջբերում, որովհետեւ եթե ծանոթանանք Կոստան Զարյանի Արարատյան մարդու տեսակի ձեւակերպումներին կամ Հրանտ Մաթեւոսյանի ստեղծագործական տարածքում սփռված ամենատարբեր ձեւակերպումներին, կտեսնենք, որ սա այդքան էլ տերյանական ձեւակերպում չէ։

Դա մեր պատմության, գաղափարաբանության փորձով եկած ճշմարտություն է, որ Տերյանը ցավագին մի պահի ձեւակերպեց, եւ որը պարբերաբար կրկնվեց գրական տեքստերում՝ մեր խոշոր մտածողների կողմից։ Ինչո՞ւ է այսօր այս հարցն ակտուալ, որովհետեւ էլի կա կազմակերպման խնդիր։ Որքան էլ մեկ տարի առաջվա դեպքերը փոխեցին շատ բաներ, բերեցին լավատեսություն մեր երկրին, այդուհանդերձ, կարծես այդ հեղափոխությունն էլ եկավ հերթական անգամ ցույց տալու, որ այս ժողովուրդը դատապարտված է բաժանված լինելու։ Կարեւոր փաստ կա մեր պատմության մեջ՝ 387 թ․ Հայաստանի առաջին բաժանումը Բյուզանդիայի եւ Պարսկաստանի միջեւ։ Այս բաժանումը ոչ միայն պատմական փաստ է, այլեւ ֆենոմենալ ձեւակերպում մեր ժողովրդի հետագա գոյության, կենսակերպի եւ ընդհանրապես՝ բնույթի։ Ցավոք, նյութական, տարածական բաժանում լինելուց զատ, հետագայում դարձավ ներքին տարածության մեջ բաժանումների սիստեմ, մենք առանց բաժանումների ուղղակի չենք կարող ապրել։

Անպայման մեր մեջ պետք է լինեն վրացամետներ եւ ռուսամետներ, ամերիկամետներ եւ եվրոպամետներ։ Թավշյա հեղափոխությունից հետո սեւերի եւ սպիտակների բաժանման այդ պրոցեսը գուցե պահի տակ արված արտահայտություն էր, բայց շատ առումներով արտահայտում է այն հոգեբանական բարդույթը, որի մեջ գտնվում ենք։ Եվ հոգեւոր Հայաստանն այդ միասնության, կազմակերպման մեջ է, որը հիմնականում հասկանում ենք մշակույթի տեսանկյունից եւ մշակույթ ասելով էլ պատկերացնում ենք արվեստ, գրականություն, թատրոն, բայց մշակույթը լայն հասկացություն է, եւ ես Տերյանի ասածն էլ նախեւառաջ ընկալում եմ որպես ժողովուրդ՝ ներքին տարածքում իրար հետ ապրելու, հարաբերվելու մշակույթի մեջ։

Հոգեւոր միասնության մեջ գտնվելու համար շատերն այսօր ողբ են կապում, որ մշակույթի նախարարություն չկա, դա չէ խնդիրը։ Կազմակերպման տեսանկյունից մեզ այդ ներքին կուլտուրան է պետք, հարգանքը դիմացինի հանդեպ․ Հակոբ Օշականի մոտ մի լավ արտահայտություն կա՝ ցեղային ավազանի գիտակցություն, որ մենք նույն ցեղային ավազանից ենք։ Այս գիտակցությունն է, որ բացակայում է մեզ մոտ եւ նախկինում արտահայտվում էր ղարաբաղցի, երեւանցի, հիմա նաեւ՝ իջեւանցի արտահայտություններով։ Այնպես որ, հիմա նույնքան դժվար ժամանակներ են, որքան 1914թ․, երբ Տերյանը գրեց այդ հոդվածը՝ Առաջին համաշխարհային պատերազմի վտանգ, եղեռն, որը Տերյանը կանխազգում էր։ Ներքին չկազմակերպվածության արդյունքում նմանատիպ վտանգներ կարող են լինել նաեւ այսօր։

Իրական հեղափոխականները

Ո՞վ է համարվում հեղափոխական մեր երկրում՝ 2018թ․ ապրիլյան իրադարձություններին ակտիվ մասնակցած, Գյումրիից Երեւան քայլած, հետո էլի քայլած, ցույցերին մասնակցած, ոստիկանության տարբեր բաժիններ ընկած, շատ պաթետիկ ճառերով ու սելֆիներով աչքի ընկած մարդիկ։ Ես համոզված եմ ու ասել եմ պարբերաբար, որ իրականում բուն հեղափոխականները, ովքեր մեզ այսօր պետք են, գործել են լուսանցքում եւ գործել են փոխելու գիտակցությամբ։ Երբ հասարակությունդ մի վիճակում է, որ ունակ է հեղափոխություն իրականացնելու, այն էլ այնպիսի ժայռացած սիստեմի դեմ, որը Հանրապետականն էր, դա քանդելու համար միայն քայլելը կամ օրերով փողոցներում կամ ոստիկանական բաժանմունքներում մնալը բավարար չէին։

Այդ ժամանակ հաղթեց ոգին, իսկ ոգին ո՞նց է ձեւավորվում՝ նախընթաց տարիների ընթացքում կատարված աշխատանքների շնորհիվ։ Ես շատ մարդկանց համարում եմ իսկական հեղափոխականներ, որովհետեւ իրենք ընտրել են հեղափոխությունն իրականացնելու մեկ այլ ճանապարհ։ Օրինակ՝ 90-ական թվականներից «Սարգիս Խաչենց» եւ «Փրինթինֆո» հրատարակչությունները՝ Սարգիս Խաչենցի եւ Արամ Մեհրաբյանի գլխավորությամբ, անում էին փառահեղ գործ՝ համաշխարհային մշակույթի գանձերը թարգմանաբար բարձր որակով ներկայացնում էին մեր հանրույթին։ Եվ եթե մենք այսօր ունենք ինտելեկտուալ բարձր կարգ հասարակության մեջ, նաեւ այդ գրքերի շնորհիվ է։

Դա է ռեալ փոփոխությունն այս երկրում։ 2011-ից էլ «Անտարեսը», ես էլ ներառյալ սկսեցինք թարգմանական պրոցեսները՝ գեղարվեստական եւ ժամանակակից գրականության քարոզչության, տարածման հարցում։ Սա էլ է յուրովի հեղափոխական քայլ, եւ փոփոխություններն ապահովում են հենց նմանատիպ մոդելների միջոցով։ Գլոբալ փոխելու բան ես չեմ տեսնում, ես տեսնում եմ սա՝ այն, ինչ փոխում են մարդիկ լոկալ տարածություններում, պետությունը, իշխանությունը պետք է դարձնի իր քաղաքականության կարեւոր մաս, որովհետեւ, այսպես թե այնպես, փոխվում է, անկախ նրանից՝ գիտակցում, ընդունո՞ւմ ես դա, թե՞ ոչ։ Ինչքան էլ խոսենք ժողովրդավարությունից, ազատությունից, բայց որոշ բաների դեպքում բռնության կողմնակից եմ, ես կողմ եմ, որ բռնությամբ այս ժողովուրդը դառնա ընթերցասեր, թատրոններ գնա, բարձրացնի իր ինտելեկտուալ մակարդակը, քաղաքացիական գիտակցությունը։ Կարծում եմ՝ պետությունն իր քաղաքականության մեջ նմանատիպ «բռնություններ» պետք է կիրառի, որովհետեւ սրանք բռնություններ են բժշկի նշտարի նման, դու ցավեցնում ես, բայց կարողանում ես առաջ տանել, բուժել։

Ունենալ ներքին կուլտուրա

Այն, ինչ հաջորդեց հեղափոխությանը, եւ այն, ինչ կատարվում է այսօր, բնական է։ Այստեղ արդեն շատ կարեւոր է Տերյանի մատնանշած ներքին կուլտուրան, հեղափոխությունը բացառիկ էր, որ այն շերտավորումը, կաստայացումը, որ կար հանրապետականների օրոք, վերացավ։ Բոլորին թվաց, թե իրենք հիմա վեր են թռչելու։ Սա մարդկային նորմալ հոգեբանություն է, բայց եթե լիներ ներքին կուլտուրան, մարդիկ կհասկանային, որ հեղափոխություններ լինում են, բայց վեր են թռչում քիչ մարդիկ, որովհետեւ սա պետություն է, այստեղ պետք է լինի համակարգ, պետք է ձեւավորվի իշխանություն, որը սկսի կառավարել եւ քեզ բերի բարեկեցիկ վիճակի։ Իրականում կատարվեց այն, որ ամեն մեկը մտածեց՝ ինչո՞ւ ոչ ես․ սա բախումներից մեկն էր։

Մյուս կողմից՝ որոշ բաներ ուշացած արվեցին, եւ 3 ամսում կարելի էր նույն դատական համակարգի հետ կապված հարցերն արագորեն լուծել, որովհետեւ լեգիտիմության, ոգեւորության այդ բարձր մակարդակը որ կար, էլ երբեք չի լինի։ Այդուհանդերձ, հեղափոխությունից հետո կադրային քաղաքականությունը, մարդկանց ընտրությունն այդքան ճիշտ հունով չընթացավ։ Մյուս կողմից էլ՝ ներքին հեղափոխական օրենք էլ կա, որ ովքեր մասնակցել են, պետք է «պարգեւատրվեն», որը պետք է արվեր շատ արագ։ Այդ պրոցեսը շատ երկարեց, եւ դա է, որ հիասթափեցնում է մարդկանց, եւ այդ անարդարության զգացումը բերում է ոգեւորության անկման։

Վերջերս Արմեն Մարտիրոսյանը մի ստատուս էր գրել, որտեղ պատմել էր, որ մեկը եկել էր չափագրման ու տեղյակ չէր գործից, հարցրել էր՝ ի՞նչ կրթություն ունես, ասել էր՝ ես քայլել եմ, ու դա ինձ հերիք ա։ Այն, որ իր առավելությունը ոչ թե քեզնից շատ կարդացած լինելն է, այլ ընդամենը քայլած լինելու հանգամանքը, բնականաբար, բերում է մշակութային անկման։ Ու երբ տեսնում ես, որ այդ մշակույթի, ինտելեկտի «թուրը չի կտրում» այսօր, դա նույնպես բերում է անկման եւ մշակույթի հանդեպ որոշակի անտարբերության։ Դրան էլ ֆորմալ առումով գումարվում է մշակույթի նախարարության լուծարումը, թեպետ դա երեւույթ էր, որին ես կողմ էի, որովհետեւ եթե իշխանությունն ունի վերաբերմունք մշակույթի հանդեպ, կարեւոր չէ՝ ունես մշակույթի նախարարություն, թե՝ ոչ։

Լուսանկարը՝ Նառա Վարդանյանի