Մի տպավորվիր, որպեսզի չտպավորես

Մի տպավորվիր, որպեսզի չտպավորես


ՌԱՀՀ տնօրեն Մանվել Սարգսյանն անդրադարձել է Արցախի ներքաղաքական կյանքին այն կտրվածքով, որ ստեղծվել է նախագահի թեկնածուների Սամվել Բաբայան-Վիտալի Բալասանյան-Արայիկ Հարությունյան «եռանկյունի»: Ընդ որում, նա երեքին էլ կապում է այսպես ասած «հին համակարգի» հետ եւ շեշտը դնում Ստեփանակերտի փողոցներում տեղի ունեցած «Ոչ վարչակարգին» ակցիայի վրա` ամփոփելով, թե «ընտրությունների նախաշեմին կարող են նոր խաղացողներ հայտնվել»: Սարգսյանը կարծում է, որ ներկայումս հայտ ներկայացրած թեկնածուները հանրային աջակցություն չունեն: «Նրանք ունեին մեկ ուժ` յուրացված իշխանություն եւ արտաքին հովանավորներ:Նրանք հիմա չունեն ոչ մեկը, ոչ մյուսը»: Պատկերացում կազմելու համար, թե սույն վերլուծությունն ինչ տեղեկատվական բազայի վրա է կատարվել, հարկ է նշել, որ Սարգսյանը դիտարկումներ անելիս հղում է անում արցախյան «հայտնի գործիչ» Դավիթ Կարաբեկյանի ֆեյսբուքյան գրառումներին:

Յուրաքանյուր ոք, իհարկե, ազատ է տեղեկատվության աղբյուր ընտրելիս եւ այդ հիման վրա դատողություններ անելիս: Բայց այն դեպքում, երբ տեղեկատվությունը քաղված է իրականությունից: Մեկ անձի իրականացրած ակցիան` «Ոչ վարչակարգին» կարգախոսով, կարելի՞ է գնահատել հանրային տրամադրությունների ցուցիչ: Ստեփանակերտում Բակո Սահակյանի հրաժարականի պահանջ ներկայացրել է մեկ անձ:

Շրջել է մի քանի փողոցներով, դիմել է անցորդներին, բայց ոչ ոք նրան չի միացել: Սա հիմք է տալիս տպավորվելու, թե «ընտրությունների նախաշեմին կարող են նոր խաղացողնե՞ր հայտնվել»: Ի դեպ, հեղինակն ինչու՞ է մոռացության մատնել Ազգային ժողովի գործող նախագահ Աշոտ Ղուլյանին, ով նույնպես հայտարարել է նախագահական մրցապայքարին մասնակցելու լուրջ մտադրության մասին: Այդ դեպքում կստացվեր Սամվել-Բաբայան-Վիտալի Բալասանյան-Արայիկ Հարությունյան-Աշոտ Ղուլյան քառանկյունի եւ վերլուծաբանի համար, երեւի, դժվար կլիներ գլուխ հանել, թե իրականում ո՞ր թեկնածուների միջեւ է ծավալվելու մրցակցությունը: Բայց ավելի հետաքրքիր պահ էլ կա. նախագահի թեկնածու առաջադրելու մասին հայտարարել է նաեւ ՀՅԴ Արցախի կառույցը: Գուցե նրան նկատի ունի Մանվել Սարգսյանը, երբ ակնարկում է նոր խաղացողների հայտնվելու հավանականության մասին:

Հնարավոր է: Բայց նրա տեղեկացվածությունը, կարելի է ասել, վիրտուալ է: Իրականում քաղաքական զարգացումներն ընթանում են նախագահի հավանական թեկնածու-հասարակություն հանդիպումների ձեւաչափում: Այս պահի դրությամբ որոշիչը դա է, որովհետեւ այդպես է ձեւավորվում հանրային կարծիքը: Գործող իշխանությունների ներդրումն է, որ հանդիպումներն անցնում են ազատ եւ անկաշկանդ մթնոլորտում:

Դա խոսում է այն մասին, որ նախագահ Բակո Սահակյանը լիովին վերահսկում է ներքաղաքական իրավիճակը` միաժամանակ պահպանելով չեզոքություն, չկանգնելով հավանական թեկնածուներից ոչ մեկի կողքին: Դա երաշխիք է, որ Արցախում ներքաղաքական ցնցումներ չեն լինի, իշխանափոխությունը տեղի սահմանադրությամբ եւ օրենքով նախատեսված կարգով եւ ժամկետներում: Խնդիրն անձնավորելու հարկ, անհատականապես տպավորվելու եւ հանրային տպավորություն ձեւավորելու փորձ ձեռնարկելու անհրաժեշտություն չկա: Բայց հնարավոր է` Մանվել Սարգսյանը խաղի մեջ մտնելու ցանկություն ունեցող մեկի շու՞րջ է փորձում տպավորություն ձեւավորել:

Բացառված չէ: Բայց այդ դեպքում արժե՞ փաստարկել Դավիթ Կարաբեկյանի ֆեյսբուքյան գրառումներով, ինչը միայն մի բան է վկայում` վերլուծաբանը բացարձակապես անտեղյակ է Արցախի քաղաքական իրողություններին: