Ինչի՞ է բերելու Թորոսյանի «պացիենտի սորտավորումը․․․»

Ինչի՞ է բերելու Թորոսյանի «պացիենտի սորտավորումը․․․»

Հանրային խորհրդի հետ տեսահանդիպման ժամանակ  Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ հնարավոր է՝ պացիենտների խորը սորտավորման գնան: Տեղեկացրեց նաև, որ չի բացառվում, որ նույնիսկ այս տեմպերի պահպանման դեպքում՝ մոտ օրերս դրան գնան, բայց իրենք ամեն ինչ անում են, որ չգնան:

Իտալիայում էլ նման բան գնաց, բայց ոչ ոք չէր կասկածում, թե սորտավորում ասելով կարող են հասկանալ այլ բան։ Հայաստանում սորտավորում ասելով հասկանում են բոլորովին այլ բան։ Մի հասարակություն, որը պետական մակարդակով բաժանվել է  սև ու սպիտակի, շատ մեծ անջրպեդ գոյություն ունի հասարակության տարբեր շերտերի միջև ու առկա է ծայրահեղ  ատելության մթնոլորտ, սորտավորման գնալը կարող է հանգեցնել շատ լուրջ հետևանքների։

Ասենք թե այլախոհ մեկին կամ հարազատին սորտավորում ու ասում են, որ ինքը չի ապրի։ Իսկ իշխանությանը մոտ կանգնած մեկին էլ ընդունում ու փրկում են։ Սա Իտալիա չի, Հայաստան է ու մեկը մեկին ճանաչում է։ Նախարարը  պատկերացնու՞մ է, որ այլախոհի հարազատը կհավատա, որ իր բարեկամին հնարավոր չէր փրկել, բայց «Իմ քայլի» բարեկամին հնարավոր էր։ Նման բան հնարավոր չէ՝ մեկ, երկու, սոցիալական մեծ պայթյուն տեղի կունենա, այնպիսին, որ ոչ ոք չի պատկերացնի։

Այ դրա համար էինք ասում, որ երկրի ղեկավարը պարտավոր էր հասարակության բոլոր շերտերի համար Հայր լինել, իսկ առողջապահության նախարարը պիտի լիներ Բժիշկ, (Բժիշկ բառը մեծատառով եմ գրել՝ այլ շնորհներ հաշվի առնելով) և ոչ թե քաղաքական գործիչ։ Բայց քանի որ այդպես չէ, հանգեցնելու է հասարակական մեծ բախման։ Այս պարագայում եթե քաղաքական շատ գործիչներ նվազագույնը պահանջում են Արսեն Թորոսյանի պաշտոնանկությունը, դա առայժմ կլինի չարիքի փոքրագույնը։ Այլ ելք չկա։  Ահագնացող վարակի դեպքում՝ սորտավորման պարագայում, լինելու է սցենարներից ամենավատագույնը։ Արսեն Թորոսյանն ասում է այդպես է եղել պատերազմի ժամանակ, չնայած պատերազմ նա տեսել է միայն կինոներում, բայց ասեմ նրան, որ պատերազմի ժամանակ մարդիկ միասնական են լինում, այսօր հայ ժողովրդին ցախավելի պես անջատել են․․․ Իսկ ցախավելի պատմությունը հայտնի է, թե ինչու են անջատում։