Նա ահավոր սուտասան մարդ է․ Սահակյանը՝ Սասուն Խաչատրյանի հայտարարության մասին

Նա ահավոր սուտասան մարդ է․ Սահակյանը՝ Սասուն Խաչատրյանի հայտարարության մասին

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու ՀՔԾ-ի միջնորդության վերաբերյալ դատական նիստը քիչ առաջ արդեն երկրորդ անգամ ընդմիջվեց։ 
Նիստերի դահլիճից դուրս գալուց հետո Քոչարյանի պաշտպաներից Ռուբեն Սահակյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց հիմնավորումները, որոնք իրենք ներկայացրել են միջնորդության դեմ առարկելիս․ «Ասացինք էն, ինչ-որ պատրաստել էինք խոսելու՝ կապված հիմնավոր կասկածի հետ, անձեռնմխելիության հետ, անվտանգության հարցերի,առաջադրված մեղադրանքի, միջնորդության հետ, որը վերաբերում է կալանքի ժամկետը երկարացնելուն»։

Մասնավորապես, անվտանգության հարցերի հետ կապված ի՞նչ են ասել դատարանում, պատասխանեց․ «Պաշտպանության բանակը իրավունք չունի խառնվելու ներքին հարցերին, անվտանգության հարցերը միայն սահմաններին պետք է լինի․ դա կատարյալ անգրագիտություն  է, ովքեր այդպես են ասում։ Եթե ասում են, թող հղումներ կատարեն  օրենքներին, մենք հղում ենք կատարում օրենքներին եւ ասում ենք, որ դա ներքին հարց է, մենք հղումներ ենք կատարում միջազգային փաստաթղթերին։ Նրանց ասածը ջուր է, ես ասում եմ՝ 0038 հրամանը իր մեջ որեւէ հանցավոր բան չի պարունակում։ Դրա բացատրությունն ավելի լավ, քան տվել է Սեյրան Օհանյանը , ոչ ոք չի կարող տալ։ Ես հիմնվում եմ մասնագետների կարծիքների վրա ։ Խնդրում եմ՝ կարդացեք Սեյրան Օհանյանին եւ ընդունեք որպես հիմք»։

Անդրադառնալով ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայտարարությանը, թե այդ օրերին զինվորներին վարձկաններ էին սարքել եւ որոշ օլիգարխներ վճարում էին, որպեսզի իրենց տները հսկեին, Ռուբեն Սահակյանը պատասխանեց․ «Նման հայտարարություն կարող է անել մարդը, որը որ նենգափոխում է գործի փաստերը։ Մի հավատացեք, նա սուտասան է, ահավոր սուտասան մարդ է։ Ես քրեական գործն եմ կարդում»։