Կորոնավիրուսային խաչմերուկ

Կորոնավիրուսային խաչմերուկ

Տեսնելով և հասկանալով կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված իրավիճակի լրջությունը, որպես բժիշկ ցանկանում եմ որոշակի պարզաբանումներ և խորհուրդներ տալ համաճարակի հետագա վերահսկման, կանխարգելման և արդյունավետ կառավարման միջոցառումների հետ կապված հարցերում: 

Իմ դիտարկումներով, որն ապացուցվում է նաև ամենօրյա կորոնավիրուսային վարակի դեպքերի նվազման միտման բացակայությամբ, միայն դիմակների համատարած կրումը, սոցիալական հեռավորության պահպանումը, ձեռքերի պարբերաբար ախտահանումը և ներկա պահին գործող մնացած հակահամաճարակային միջոցառումները` չնայած իրենց տված հսկայական օգուտին, այլևս չեն կարող կանգնեցնել համավարակի տարածման ալիքը Հայաստանում: 

Գրեթե համոզված եմ, որ երբ ամեն փողոցում, ամեն շենքում,  ամեն շքամուտքում, ամեն տանը, ամեն ընտանիքում արդեն կան վարակվածներ և վարակակիրներ, երբ այդ վիրուսով ախտահարված են անգամ այդ փողոցները, բակերը, շենքերի պատերն ու շքամուտքերը և շրջապատող առարկաները, երբ կան աշխատանքային կուտակումներ, հավաքներ, թաղումներ, հարսանիքներ, ծնունդ-կնունքներ և ալյ գաղտնի կամ բացահայտ զանգվածային միջոցառումներ, այլևս անհնար է դառնում վարակի տարածմանն ուղղված արդյունավետ վերահսկողությունը և կանխարգելումը հակահամաճարակային ներկայիս կանոններով:

Ստեղծված իրավիճակի հանգուցալուծման համար կան մի քանի ելքեր, որոնց վրա ցանկանում եմ հրավիրել առողջապահական ոլորտի և այլ պատկան մարմինների ուշադրությունը:  
 Առաջին տարբերակը դա  ներկայիս գործող հակահամաճարակային միջոցառումների փաթեթն անփոփոխ թողնելն է, և որպես հետևանք ազգաբնակչության մոտ հիվանդացության մակարդակի շարունակական աճի   «ապահովումն» է` մինչև 40-60 % բնակչության ախտահարմամբ և  հետագա որոշակի իմունային պատնեշի առաջացմամբ, որը, սակայն, ներկայիս պայմաններում կարող է բերել և արդեն բերում է ժողովրդագրական աղետի` հասանելի բուժօգնության անհնարինությամբ ու բազմաթիվ մահերով: Համավարակն այս սցենարի դեպքում լավագույնը կնահանջի ավելի քան մեկ միլիոն բնակչության վարակվելուց հետո միայն, որն այս տեմպերի դեպքում, կարծում եմ, արդեն սարերի ետևում չէ, իսկ դա արդեն կդառնա մեր երկրի համար ոչ միայն ժողովրդագրական, այլ նաև սոցիալական աղետ` իր բոլոր տնտեսական հետևանքներով: 
 Ստեղծված իրավիճակից դուրս գալու մյուս ելքը դա 15-օրյա համընդհանուր, խստագույն կարանտինային ռեժիմի (total lockdown) ընդունումն է` նաև երեկոյան պարետային ժամի հաստատումով: Համընդհանուր, ոչ ձևական բնույթ կրող, շատ կոշտ կարանտինից հետո միայն, երբ բավական կնվազի հիվանդացության մակարդակը, նոր միայն կարելի է անցնել «դիմակ-ձեռնոցային» կարանտինային ներկա ռեժիմին: Այս տարբերակը, ինչպես համաշխարհային փորձն է ցույց տալիս, ամնաարդյունավետն է, սակայն ելնելով մեր պետության և ժողովրդի ֆինանսատնտեսական ծանր պայմաններից, երևի թե ամենադժվար իրագործելին: 
 Մեր երկրում կորոնավիրուսային համավարակի հաղթահարման երրորդ և ամենաընդունելի տարբերակը, ըստ իս, կարող է դառնալ պայքարը վիրուսի կլաստերային տարածման դեմ: 
 Վերջին շրջանում գիտնականների կողմից վարակի բազմաթիվ դեպքերի վերլուծումից հետո նրանք ավելի ու ավելի են հակված կարծելու, որ համաճարակը պայմանավորված է եղել ոչ թե պատահական շփումներով, այլ հասարակության որոշակի խմբերում զանգվածային վարակման դեպքերով: 

Պատկերացրեք խարույկից թռչող կայծեր, որոնց  մեծ մասը բացարձակապես անվտանգ են շրջապատի համար:  Եվ եթե նույնիսկ դրանք ընկնում են շրջապատող առարկաների վրա, շատ փոքր է հրդեհի բռնկման հավանականությունը: Բայց երբեմն մի փոքր կայծ, ընկնելով արագ բռնկվող  խոտի կույտի վրա, կարող է մեծ հրդեհի պատճառ դառնալ:
 Ըստ շատ գիտնականների հենց այդպես է տարածվում նաև կորոնավիրուսային համավարակը։ Վիրուսակիրներից շատերը, ինչպես այդ  խարույկի կայծերը, կարող են առանձնահատուկ վտանգ չներկայացնել հասարակության համար, բայց երբեմն միայն մեկ վարակված անձ բավարար է շղթայական ռեակցիա հրահրելու և հիվանդության կտրուկ բռնկման պատճառ դառնալու համար: Տարածման այս եղանակը կոչվում է կլաստերային  (անգլ. Cluster-կույտ, խումբ, պարս), և այն այս կամ այն չափով բնորոշ է բազմաթիվ այլ վարակիչ հիվանդություններին։
 Այս եղանակով է համաճարակը բռնկվել 2015 թ.-ին MERS-ի (Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշ) համավարակի բռնկումը գերազանց հաղթահարած և հզոր հակահամաճարակային ծառայություն ունեցող Հարավային Կորեայում, ինչպես նաև աշխարհի շատ այլ երկրներում` այդ թվում նաև Հայաստանում (Էջմիածնի, կարի արտադրամասերի և այլ մասսայական վարակման հայտնի դեպքերը):

Կլաստերային վարակման մոդելը բնորոշ է բազմաթիվ վարակիչ հիվանդություններին, և հատկապես օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վարակներին:  
Մի շարք զարգացած երկրների գիտնականների  կողմից հիվանդներից հավաքված վիրուսի նմուշների գենետիկական վերլուծությունը ցույց է տվել, որ կորոնավիրուսով վարակվածների ընդամենը մինչև 10% -ն է  վարակում «հաջորդ ալիքի» հիվանդների ավելի քան 80% -ին:
Բազմաթիվ երկրներում զանգվածային վարակման պատկերը նույնն է՝ վիրուսակիրը արագորեն տարածում է հիվանդությունը հասարակության որոշակի խմբի (կլաստերի) մեջ։ Եթե ուրեմն համաճարակի գլխավոր շարժիչ ուժը այսպես կոչված «գերտարածողներն» են, ապա հիվանդության տարածումը դադարեցնելու, կամ գոնե այն դանդաղեցնելու և կառավարելի դարձնելու համար բավական է սահմանափակել զանգվածային միջոցառումները և մարդկային կուտակումները: 

Այդ իսկ պատճառով առաջարկում եմ շեշտադրումը կատարել ոչ թե փողոցում միայնակ, առանց դիմակի զբոսնող անհատ մարդկանց վրա, այլ կանխարգելել առաջին հերթին արտադրամասերում, խանութներում, բանկերում, հանրային սննդի օբյեկտներում, բակային  և այլ հանրային տարածքներում մարդկանց զանգվածային կուտակումները:
 Բացի այդ, որպես այդ պայքարի կարևոր նախապայման, առաջարկում եմ նաև շեշտակի  բարձրացնել տուգանքները հակահամաճարակային կանոնները խախտող անհատների և հատկապես ձեռնարկությունների համար, առանց հետագա ներման իրավունքի: Ներկայիս գործող տուգանքների չափերը չեն նպաստում մարդկանց կողմից հակահամաճարակային կանոնների պատշաճ պահպանմանը:

Տուգանքների բարձ չափերը պետք է միտված լինեն ոչ թե ժողովրդի առանց այն էլ ծանր սոցիալական վիճակն էլ ավելի վատթարացնելու, այլ հակահամաճարակային կանոնների պահպանման վերահսկումն ավելի արդյունավետ դարձնելուն:  

Գրպանում մի քանի հազար դրամ ունեցող քաղաքացին, որը ներկայիս գործող տուգանքի չափերի պայմաններում «լավ տղայի» կամ «դուխով աղջկա» դերի մեջ մտած առանց վախենալու խախտում է հակահամաճարակային կանոները, այլևս կմտածի արդյո՞ք արժե խախտել այդ կանոները, եթե տուգանքի չափերը, օրինակ,  հավասարվեն իր մեկ ամսվա եկամտին: 
 Պատմության լաբիրինթոսներում հայ ազգը հաղթահարել է բազմաթիվ և բազմաբնույթ արհավիրքներ և աղետներ: Վստահ եմ, որ այս անգամ նույպես ազգովին, միահամուռ ուժերով կկարողանանք հաղթահարել նաև այս չարիքը:
Մնացեք առողջ:

Արտաշես Ղազարյան
Բժիշկ, բ.գ.թ.
«Դիագնոստիկա» ԲՄ
Ընդհանուր բժշկության կլինիկայի ղեկավար