Եթե ՊԵԿ-ում նշանակվի ծառայողական քննություն, ապա դա կնշանակի շանտաժ

Եթե ՊԵԿ-ում նշանակվի ծառայողական քննություն, ապա դա կնշանակի շանտաժ

Հանրության մի ստվար հատվածի մոտ, այն է` «չկողմնորոշվածների», «անտարբերների», տարբեր պատճառներով «վախեցածների», այս կամ այն անձին «չսիրողների»և այլն, կա շատ խորը թյուրըմբռնում դիմադրության շարժման բովանդակության և նպատակների մասին։ Այդ հատվածը, շարժումը շփոթում կամ նույնականացնում է քաղաքական պայքարի և ընդիմության` իշխանության ձգտելու հետ։ Այնինչ սա շարժում է հանուն ազգի և պետության ապագայի, երկրի տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը պաշտպանելու համար։ Բնական է, որ դրան պետք է նպաստեն այս կամ այն պետական պաշտոնյաները իշխանական գործիչները, բազմաթիվ լրատվամիջոցներ և այլն։ Վերջերս ՀՀ ՊԵԿ նախագահը լրագրողի հարցին ի պատասխան հնչեցրեց հետևյալ միտքն  առ այն, որ ՄԱՔՍԱՅԻՆ և ՀԱՐԿԱՅԻՆ ծառայողները, ԸՍՏ ՕՐԵՆՔԻ, պարտավոր են պահպանել ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶՍՊՎԱԾՈՒԹՅՈՒՆ և չենթարկվելու դեպքում սպառնաց ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՈՎ։ Եթե սա լիներ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ պայքարի փուլ, իշխանության ձգտելու շարժում, ապա ինչ որ տեղ գուցե կարելի էր ըմբռնումով մոտենալ դրան։  Ինչ եմ ցանկանում ասել սրա վերաբերյալ.

1. Նախ, առնվազն«Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում, այսպես կոչված, քաղաքական զսպվածության կամ մաքսային ծառայողների քաղաքական գործունեությանն առնչվող կամ դա արգելող որևէ դրույթ նախատեսված չէ

2. Քանի որ դիմադրության շարժումը քաղաքական պայքար չէ, ուստի յուրաքանչյուր ոք կարող է արտահայտել իր քաղաքացիական դիրքորոշումը:

3. Ինչ վերաբերում է այն բանին, որ հարկային և մաքսային ծառայողների` դիմադրության շարժմանը մասնակցելու դեպքում ՊԵԿ-ում կնշանակվի ծառայողական քննություն, ապա դա կնշանակի ոչ այլ ինչ, քան շանտաժ, հետապնդում և մարդու իրավունքների  սահմանափակման փորձ։

Հայկ Ֆարմանյան