Սասուն Միքայելյանի հեղափոխությունն ու դիմափոխությունը

Սասուն Միքայելյանի հեղափոխությունն ու դիմափոխությունը

Երեկ կառավարության շենքի մոտ կոմունալ վճարումների դեմ բողոքի ակցիա էր անում երգահան Միքայել Մարգարյանը: «Նոր իրականության մեջ պարետը որոշում է, որ մենք ակցիա չենք կարող անել, բայց պարետը որոշել է, որ մենք պետք է վճարենք կոմունալները կամ պետք է մնանք մեր տներում»,- ուղիղ եթերում ասում էր նա։ Ոստիկանները պահանջում էին դադարեցնել ակցիան եւ անջատել հեռարձակումը: Վերջինս, տեսնելով ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանին, ասաց. «Պարոն Միքայելյան, քաղաքացուն այսօր խանգարում են ակցիա անել, հարգելիս, մի հատ լուծում տվեք այս հարցին, միջամտեք… խնդրում եմ, աղաչում եմ»։ Սակայն Միքայելյանը չմոտեցավ նրան, իսկ ոստիկանները, ձեռքից վերցնելով հեռախոսը, բերման ենթարկեցին։ Ինչո՞ւ Սասուն Միքայելյանն այդպես անտարբեր անցավ իրեն դիմող քաղաքացու կողքով՝ մոռանալով, որ ընդամենը 2 տարի առաջ, երբ ոստիկաններն իրեն բերման էին ենթարկում, նույն քաղաքացիները, առանց վախի, միջամտում էին, փորձում էին ազատել իրեն: Սասուն Միքայելյանը 2018թ․ իշխանափոխությունից հետո հաճախ է հայտնվում անհեթեթ իրավիճակներում՝ ինքն իրեն ու իր կենսագրությանը հակասող հայտարարություններ անելով: 

«Մեկնարկը» 2018-ին էր, երբ «Սասուն» ջոկատի հրամանատարը հանրահավաքի ժամանակ ասաց հեղափոխությունն ավելի կարեւոր է, քան արցախյան պատերազմը: Հայտարարությունն արժանացավ բուռն քննադատության, իսկ նրան սկսեց արդարացնել անձամբ Փաշինյանը՝ վկայակոչելով Միքայելյանի մարմնում առկա հրազենային բեկորները: Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից ու կալանավորումից հետո Միքայելյանը պնդում էր, որ ԵԿՄ-ն պետք է լուծարվի, հերքում էր, թե ինքը հավակնում է կառույցի ղեկավարի պաշտոնին: Բայց ԵԿՄ-ն չլուծարվեց, Միքայելյանը դարձավ ԵԿՄ վարչության նախագահ: Սահմանադրական դատարանի գործող կազմից ձերբազատվելուն ուղղված նախագծի քննարկման ժամանակ Միքայելյանն ԱԺ-ում կրակոտ ելույթ ունեցավ. «Էս դահլիճից արյան հոտ ա գալիս, ինչքան էլ բերեն զարդարեն, օվալաձեւ անեն, չգիտեմ՝ տափակ, երկար, քառակուսի անեն, էս դահլիճից արյան հոտ ա գալիս»: Այնպիսի տպավորություն էր, թե հոկտեմբերի 27-ից հետո Սասուն Միքայելյանը ծանր վշտից ոտք չի դրել ԱԺ դահլիճ: Մինչդեռ նա 1995-ից ի վեր ԱԺ պատգամավոր է, ընտրվել է նաեւ 1999-ի ողբերգությունից հետո, այն էլ իշխող ՀՀԿ-ի մանդատով: Բայց այդ ժամանակ նա չէր զգում դահլիճի արյան հոտը, այդ հոտն առավ 23 տարի անց, այն էլ՝ դահլիճը հիմնովին վերանորոգելուց հետո: 

 Այսօր Սասուն Միքայելյանի՝ ԱԺ կայքում տեղադրված կենսագրությունից կարելի է կարծել, թե նա քաղաքականություն մտել է այն ժամանակ, երբ դարձել է ՀԱԿ-ի անդամ: Ոչ մի նշում չկա այն մասին, որ եղել է «Միասնություն» դաշինքի, այնուհետեւ՝ ՀՀԿ անդամ: Ճարպիկ մարդ է Սասուն Միքայելյանը՝ գիտի, թե երբ, ինչպես եւ որ ճանապարհով մտնի իշխանական ճամբար եւ իր համար ուղի հարթի դեպի ԱԺ «արյունահոտ» նիստերի դահլիճ: Նա, հավանաբար, մոռացել է, որ 2008-ին ՀՀԿ համագումարում առաջադրել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

Բայց երբ տերպետրոսյանական ճամբարից  վստահեցրին, թե իրենք են շուտով գալու իշխանության, Մանվելն էլ է միանում իրենց, հավատաց եւ շտապ ճամբարափոխ եղավ. Սերժին նախագահ առաջադրողը կանգնեց «Լեւոն, նախագա՛հ» գոռացողների կողքին եւ դարձավ ընդդիմադիր գործիչ՝ իր բոլոր հետեւանքներով. նախ դատապարտվեց ազատազրկման՝ Մարտի 1-ի գործով, համաներմամբ ազատ արձակվեց, իսկ 2018-ին Փաշինյանի հաղթանակից հետո նորից դարձավ իշխանություն: Հիմա այնպես է հաճոյախոսում Փաշինյանին, որ թվում է, թե իր կյանքի երազանքն է եղել՝ երկրի ղեկին տեսնել ընդդիմադիր Նիկոլին։ «Նորանկախ պետության ձեւավորման գործում ամենամեծ դերակատարությունն ունեցել եք Դուք»,-ասում է նա: «Եվ այս թավշյա հեղափոխությունից հետո, պարո՛ն վարչապետ, որ առաջնորդեցիք Դուք, գրեթե 20 տարի մեր ժողովուրդը միշտ եղել է պայքարի, բայց ինչ-որ առաջնորդների թերացումների, թե ինչ-որ քաղաքական նկատառումներով մեր ժողովրդին չկարողացան տանել դեպի հաղթանակ: Դա Ձեզ հաջողվեց…»,- Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա ելույթն էլ ոչ այնքան Վազգեն Սարգսյանին, որքան Փաշինյանին էր նվիրված: Այնուհետեւ հիշեց, թե ինչ վատն էր ԵԿՄ-ն մինչ իր ղեկավար լինելը. «…Նախորդ ռեժիմը փորձեց «Երկրապահը» ծառայեցնել իրեն՝ իր հանցավոր ռեժիմն ամրապնդելու համար: Կասեի, որ մասնակի հաջողվեց․․․»:

Այո, նախորդ ԵԿՄ-ն, բոլորս գիտենք, ծառայում էր իշխանությանը: Բայց ինչո՞ւ այդ մասին չէր խոսում այն ժամանակ, երբ ինքը ԵԿՄ Հրազդանի, Կոտայքի մարզի կառույցի ղեկավարն էր, ինչո՞ւ չէր հրաժարվում այդ պաշտոնից: Իսկ ի՞նչ է անում ներկայիս՝ «սասունական» ԵԿՄ-ն․ անձամբ Սասունն է վարչապետի հետ դուրս գալիս քաղաքական քարոզի՝ հանուն ՍԴ հանրաքվեի «այո»-ի: Իսկ դա ի՞նչ է, եթե ոչ իշխանության կցորդը լինելու ապացույց: Քարոզարշավի ժամանակ էլ ասում է. «Վերջին զարկը տանք Սերժի, Ռոբի գլխին, որ խորտակվեն»՝ մոռանալով, որ նրանց օրոք ինքը մարզի օլիգարխներից էր եւ շատ լավ հարաբերություններ ուներ նախկին 2 նախագահների հետ: 2012-ին, օրինակ, հայտարարում էր, որ Սերժ Սարգսյանն իր մարտական ընկերն է. «Մարտական ընկերությունը սրբություն է, որ ի վերուստ է տրվում»: 2017-ին դեմ չէր, որ երկիրը շարունակի ղեկավարել Սերժ Սարգսյանը. «Ավելի ճիշտ կլինի, որ ինքը լինի, որ վերջիվերջո մի անգամ պարտավորություն վերցնի իր վրա: Թե չէ տարիների ընթացքում եսիմ քանի վարչապետ է փոխվել, եւ ինքն իր վրա ոնց որ պատասխանատվություն չի վերցրել»: Եզրակացնենք, որ Սասուն Միքայելյանը Նիկոլ Փաշինյանին այնքան ժամանակ կգովի, քանի դեռ նա իշխանության է, իսկ երբ այս իշխանության նավն սկսի երերալ, նա շուտ կկողմնորոշվի, թե ո՛ր ճանապարհով գնա, որ էլի լինի իշխանության կողքին…