Հրդեհի հետեւանքով մահացած Սերգեյը անճանաչելի է եղել. ԴՆԹ անալիզ է նշանակվել

Հրդեհի հետեւանքով մահացած Սերգեյը անճանաչելի է եղել. ԴՆԹ անալիզ է նշանակվել

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված Պաշտպանության նախարարության N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով մահացածներից մեկը Սերգեյ Գևորկովն է։

Նա Մասիսի Դարբնիկ գյուղից էր։ Սերգեյի համադասարանցու մայրը` տիկին Մարինեն, որի մեծ որդին քառօրյա պատերազմի զոհերից է, մեզ պատմեց, որ Սերգեյը 19 տարեկան էր։

«Փոքր որդուս համադասարանցին էր, մենք մեծ ցավ ենք ապրում։ Դպրոցն ավարտել էր, մեկնել ծառայության»։

Տիկին Մարինեն պատմում է, որ Սերգեյը ի սկզբանե ծառայել է Վարդենիսում` Սոթքի զորամասում, անցած տարի թշնամին պայթեցրել է իրենց զորամասը, որից հետո տեղափոխվել է Ազատ գյուղի կացարան։

Սերգեյի մարմինը ճանաչելու համար ԴՆԹ անալիզ է նշանակվել. «Իր մարմինը չեն բերել, անճանաչելի է եղել, ինչպես Դաշտավանի մյուս զինվորի դեպքում, որը էլի ծանոթ է։ ԴՆԹ անալիզ են հանձնել, 4-5 օրից պատասխանը հայտնի կլինի»։

Նշենք, որ հրդեհից տուժած երեք զինվորները տեղափոխվել են Այրվածքաբանության կենտրոն։ 2-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, 1-ի վնասվածքներն ավելի թեթև են, բաժանմունքում է։

Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է վառարանն ավտոբենզինով վառելու պատճառով։