Նազարյանը պնդում է՝ հանրային վտանգավորության որևէ արարք չի կատարել

Նազարյանը պնդում է՝ հանրային վտանգավորության որևէ արարք չի կատարել

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի պաշտպանը բողոքարկելու է դատարանի որոշումը, որով դատարանը մերժել էր վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված կալանքի միջնորդությունը։ Նազարյանի պաշտպան Սասուն Ռաֆայելյանը մեզ հետ զրույցում ասաց՝ դատարանը գտել է, որ քրեական գործում կա հիմնավոր կասկած, ինչի հետ էլ իրենք համամիտ չեն․

«Դատարանը վարույթն իրականացնողի միջնորդությունը մերժել է, բայց մենք համաձայն չենք որոշման մեջ նկարագրված հանգամանքների և դատարանի եզրահանգումների հետ, ուստի, բնականաբար, բողոքարկելու ենք։ Բողոքարկելու ենք և՛ հիմնավոր կասկածի հետ կապված, և՛ կալանավորման հիմքերի հետ կապված դատարանի եզրահանգումների դեմ։ Դատարանը եկել է համոզման, որ առկա է հիմնավոր կասկածը, առկա են կալանավորման հիմքերը»,- ասաց պաշտպանը։ 

Ռաֆայելյանը չմեկնաբանեց ՀՔԾ-ի հայտարարության մեջ տեղ գտած դրվագները՝ նշելով, որ նախաքննական գաղտնիք է, սակայն նշեց, որ Ռոբերտ Նազարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը և պնդում է, որ հանրային վտանգավորության որևէ արարք ինքը չի կատարել։ Ռաֆայելյանն ասաց նաև, որ Նազարյանի մասնակցությամբ, բացի հարցաքննությունից, դեռևս որևէ քննչական- դատավարական աշխատանք չի կատարվել։

Հարցրինք նաև, թե գործով քանի մեղադրյալ կա, պաշտպանն ասաց, որ իրեն հայտնի տվյալներով 4 հոգի, անունները չնշեց, սակայն ասաց, որ հանձնաժողովի անդամներ և տեղակալներ են։ 

Հիշեցնենք, որ ըստ ՀՔԾ-ի՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ռ. Նազարյանը առանձին տնտեսվարող սուբյեկտի համար արտոնություններ սահմանելու անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով՝ 2011 թվականի ընթացքում չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Մասնավորապես՝ Ռ. Նազարյանը, 2011 թվականի սեպտեմբերին կայացած նիստերի ընթացքում ՀՀ-ում հիդրոէներգետիկայի զարգացումը խրախուսելու պատրվակով սակագնային արտոնություններ է սահմանել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ ենթադրաբար փոխկապակցված անձանց պատկանող «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության համար։ Արդյունքում պետությանը պատճառվել է ավելի քան 7 մլրդ դրամի վնաս։

Ուշագրավ է, որ Ռ․Նազարյանի կալանավորման միջնորդությունը դատարանը մերժել է, սակայն այս գործով կալանավորված է հանձնաժողովի տեղակալը, որն ինքնուրույն չի գործել, այլ հանձնաժողովի կազմում։