Հայ ժողովրդի աչքի առաջ ձեզ որպես դավաճան զգո՞ւմ եք. նախկին փոխոստիկանապետը շարունակում է ցուցմունք տալ

Հայ ժողովրդի աչքի առաջ ձեզ որպես դավաճան զգո՞ւմ եք. նախկին փոխոստիկանապետը շարունակում է ցուցմունք տալ

«Սասնա ծռերի» տասը անդամի գործով այսօրվա դատական նիստին նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը շարունակում է ցուցմունք տալ: Ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանն ուղղեց Եղիազարյանին. «Ձեր պարտականություների թերացման պատճառով է, որ ներքին գործերը լավ չի աշխատել, ինչ-որ տեղ հակապետական գործողութուններ իրականացրել, ծառայել է հանցավոր ռեժիմին: Ձեր մասնակցությունը կար թերությունների մեջ, դուք ընդունո՞ւմ եք, որ դուք տուժող եք»:

Եղիազարյանը տվեց դրական պատասխան՝ նշելով, որ իր կամքին հակառակ է պահվել: Պավլիկ Մանուկյանը նաեւ հարցրեց՝ հայ ժողովրդի աչքի առաջ ձեզ որպես դավաճան զգում եք, հարցը հանվեց: Ամբաստանյալներից Արեգ Կյուրեղյանը նախ հետաքրքվեց, թե երբվանից է աշխատում ոստիկանությունում, ապա հարցեր տվեց: Եղիազարյանը պատասխանեց, որ համակարգում է 1980 թվականից, հիմա կենսաթոշակառու է:

Կյուրեղյանն ապա հարցրեց. «2008 թվականի զոհերի պատասխանատվությունը իր վրա վերցրել է ոստիկանությունը, Դուք պատրաստվո՞ւմ եք ներողություն խնդրել: Սահմանադրական կարգ տապալված է եղել, գնդակահարվել են անմեղ քաղաքացիներ: Հիմա ո՞ր մեկս է եղել ավելի ազնիվ՝ մե՞նք, թե՞ դուք, որ պաշտպանել եք հանցագործների, որոնք յուրացրել էին իշխանությունը»:

Կյուրեղյանի հարցերը դատարանը հանեց, քանի որ գործի հետ առնչություն չունի: Դրանից հետո հարցի փոխարեն ելույթ ունեցավ ամբաստանյալ Արմեն Բիլյանը. «Բազմիցս անգամ ձեզ ասել եմ, որ անարդարությունը չեմ հանդուրժելու, հիմա ես գնացել եմ անարդարության համար, նստած են անարդարության դեմ»:

Պավլիկ Մանուկյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանի հարցերի մեծ մասը դատարանը հանեց, քանի որ դրանք կապ չունեին քրեական գործի հետ: Եղիազարյանը, պատասխանելով Փոստանջյանի այն հարցին, թե իրեն, բացի Ղազախստանի ոստիկաններից, այլ երկրի գործընկեր իրեն զանգահարե՞լ է, նշեց. «Ռուսաստանից է զանգահարել իմ ոստիկանական գործընկերը, ինտերպոլի իմ ընկերներից, որտեղ ես աշխատել եմ»: