Զառիվայրից ընկել է երկաթուղային գծերի վրա

Զառիվայրից ընկել է երկաթուղային գծերի վրա

Դեկտեմբերի 4-ին, ժամը 08:30-ի սահմաններում, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցները Լոռու մարզի Թումանյան-Սանահին հատվածում, երկաթուղային գծերի վրա հայտնաբերել են ավտոճանապարհից ընկած մեքենա: 

«Opel Zafira» մակնիշի 90OT101 պետհամարանիշով ավտոմեքենայի վարորդին կամ հավանական ուղեւորներին տեղում հայտնաբերել չի հաջողվել: 
Դատելով ասֆալտի վրա անվադողերի հետքերից՝ վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, ինչի հետեւանքով այն գլորվել է ճանապարհից եւ հայտնվել երկաթուղային գծերի վրա: Բարեբախտաբար, վթարի պահին այս հատվածում գնացքի բացակայության պատճառով հնարավոր է եղել խուսափել ավելի մեծ աղետից:

2020 թվականին սա թվով արդեն հինգերորդ նմանատիպ դեպքն է, երբ միայն Լոռու մարզում է երկաթուղային գծերի վրա մեքենա ընկնում:

ՀԿԵ-ն իր հերթին ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ երկաթուղային երթեւեկության անվտանգությունն ապահովելու համար, եւ տրանսպորտային միջոցների վարորդներին կրկին հորդորում է՝ խստորեն պահպանել երթեւեկության կանոնները: