Փամբուխչյանը «փակովի տարբերակո՞վ» է ավտոմեքենան փոխել

Փամբուխչյանը «փակովի տարբերակո՞վ» է ավտոմեքենան փոխել

Օրերս մենք պատահաբար ականատես եղանք, թե ինչպես է կառավարական ամառանոցից իր ավտոմեքենայով դուրս գալիս Արմեն Փամբուխչյանը։ Նա Land Rover-ի ղեկին էր, որը հավանաբար այս տարի է ձեռք բերել, քանի որ նախորդ տարվա եկամուտների հայտարարագրում նման մեքենա գրանցված չէ։ Ավելին, 2019-ին armdaily.am կայքը «Չորնի բումեր» շարք է արել, որի շրջանակներում բացահայտել է պաշտոնյաների մեքենաները։ Դրանցից մեկը՝ փետրվարի 7-ի հոդվածը նվիրված է եղել Փամբուխչյանին, որտեղ գրված է․ 

«Փամբուխչյանը վարում է 2005 թվի արտադրության «Nissan Tida Latio» մակնիշի ավտոմեքենա (շարժիչը`1,5 լիտր)։ Սա պատգամավորի առաջին մեքենան է, որը ձեռք է բերել 2018 թ-ի փետրվարին: Մինչ Ազգային ժողովի կողմից 009 HH 11 համարանիշերի հատկացնելը, մեքենան վարում էր 35 QO 758 համարանիշերով․․․Ինչ վերաբերում է մեքենան փոխելուն, ցանկություն ունի, անգամ ավելին՝ աչքի տակ անցկացնում է՝ փնտրում է փակովի տարբերակով, իսկ թե ինչ մակնիշի՝ էական չէ, կարևորը լինի լավ որակի ու տեսքի»:

Արձանագրենք, որ Իմքայլականների կենսամակարդակը բավականին բարձրացել է վերջին մեկ տարում՝ էժանագին Նիսսան Տիդաներից անցում են կատարել միջին դասի մեքենաների՝ Լենդ Ռովերների։

Ավելի վաղ, մեզ հետ զրույցում Փամբուխչյանն ասել էր

«Իմ մասով՝ կոնկրետ նշեմ, որ իմ գործերը միշտ լավ են եղել, ես բանկում շատ բարձր աշխատավարձ եմ ստացել, սա՝ մեկ։ Իմքայլականների մասով էլ՝ ես կարծում եմ, որ բոլորս, եթե նկատի ունեք պետական պաշտոնյաներին, շուտով կհայտարարագրեն իրենց գումարները, էնտեղ բոլորին պարզ կլինի, թե ով ինչքան եկամուտ է ստացել, ինչ փոփոխություններ է արել, ու ինչով է դա պայամանվորված։ Իսկ ինչ վերաբերում է նախասիրություններին, ես էն ժամանակ քշել չեմ իմացել, գնել եմ համեմատաբար այնպիսի մեքենա, որի վնասվելը շատ ցավ չէր լինի ինձ համար, քանզի ինքը բավավականին էժան մեքենա էր, հիմա ունեմ էդ հմտությունները, և իմ, և իմ երեխաների ապահովության համար նախընտրել եմ այնպիսի մեքենա, որը, Աստված մի արասցե, թե՛ վթարների դեպքում է ավելի ապահով, և թե՛ երկար ճանապարհ գնալու համար ավելի հարմարավետ է։ Այսինքն՝ էստեղ ոչ մի իշխանական ճոխության մասին չի խոսքը, այլ զուտ տարրական մարդկային հարմարավետություն ստեղծելու հարց է»։