«Համահայկականի» ֆիասկոն

«Համահայկականի»  ֆիասկոն

Խորհրդարանական ընտրությունների նախնական պատկերը հայտնի է: Ազգային ժողովում մանդատներ կստանան երեք քաղաքական ուժեր՝ Իմ քայլը դաշինքը, ԲՀԿ-ն եւ Լուսավոր Հայաստանը: ՀՀԿ-ն կարող էր, բայց չհաղթահարեց անցումային շեմը: Որովհետեւ կենտրոնացել էր Նիկոլ Փաշինյանի քննադատության, ոչ թե պոտենցիալ համակիներին համախմբելու նպատակի վրա: Օրինաչափ էր Դաշնակցության եւ «ծռերի» ֆիասկոն: Նրանք չափազանց բարձր նոտա էին վերցրել եւ ընտրողի հետ հարաբերվում էին «համահայկական ուժի» իռացիոնալ հեռուներից եւ չկարողացան քաղաքացիներին համոզել, թե ինչու՞ պիտի մի կողմ թողնեն իրենց օրվա խնդիրները եւ քվեարկեն հանուն ինչ-որ վերացական, Հայաստանի իրականության հետ որեւէ կենսական առնչություն չունեցող գաղափարների:

Այն, ինչ ավելի քան քսան տարի խնամքով քողարկվում էր իշխանական քարոզչությամբ, այս ընտրություններում բացահայտվեց՝ Դաշնակցությունը, որպես աշխարհասփյուռ-ցանցային կառույց, Հայաստանի խնդիրների հետ պատասխանատու կապվածություն չունի: Այդ կուսակցության քարոզած գաղափարները, թեեւ գեղեցիկ եւ անգամ գուրգուրանքով փաթեթավորված՝ Հայաստանի քաղաքացիներին խորթ եւ գերազանցապես անհասկանալի են: Իռոցիոնալ է ոչ միայն Հայ դատը, այլեւ Դաշնակցության ընկերվարական տնտեսության տեսլականը: ՀՅԴ-ն, կարելի է ասել, սիմվոլ է, ոչ թե իրական երկրի պատասխանատու քաղաքական կուսակցություն: Նունը՝ «ծռերի» պարագայում, որոնց գաղափարախոսությունը դարձյալ անորոշ-վերացական-իռացիոնալ է, եթե այդ համատեքստից հանվում է «ապստամբության իրավունքի» թեզը:

Ապրիլին Հայաստանում տեղի ունեցած բաց ձեռքերի իշխանափոխությունը «ծռերին» մղեց հանրային աջակցության լուսանցք: Նրանք փորձեցին այդ ահռելի կորուստը փոխհատուցել «համահայկականությամբ»: Դա ոչ այլ ինչ էր, քան քաղաքական ալիքի վրա մնալու փորձ, որը, սակայն, մատնվեց կատարյալ ֆիասկոյի: ՀՅԴ-ն, չնայած ծանր պարտությունը, ներսում փոխակերպվելու, ցանցային կառույցից բացառապես հայաստանյան քաղաքական ուժ վերակազմավորվելու ռեսուրս, թվում է, ունի: Պարզապես հարկ է ապավինել հարյուրս քսանութամյա կենսունակության սիմվոլիկային եւ իրական քաղաքականության մեջ դրսեւորվել որպես բազմաթիվ կուսակցություններից մեկը, որ ունի երկու-երեք տասնյակ հազար համակիրներ եւ այդ մեկնակետային հնարավորությունները փորձել զարգացնել:

«Ծռերի» ֆիասկոն քաղաքական դատավճիռ է: Նրանք կարող են կրկնել վաղամեռիկ բանաստեղծին՝ վախ, իմ սկիզբն իմ վախճանը եղավ: Այդ կուսակցությունն, ամենայն հավանականությամբ, գործնականում կդադարի գործելուց: «Համահայկականության» առասպելի ժամանակը, թվում է, մնաց անցյալում: Ապագան պրագմատիկ կուսակցություններինն է: Քաղաքական դաշտը պետք է վերակախմբավորվի, վերակազմավորվի այնպես, որ Հայաստանում գործեն երկու, երեք լուրջ եւ իրականում գաղափարական, երկրի մարտահրավերների հանդեպ պատասխանատվություն ստանձնելու պատրաստ կուսակցությունները: