22 թվականին` 22-րդ առաջնություն

22 թվականին` 22-րդ առաջնություն

Ուղիղ մեկ տարի հետո՝ ճիշտ այս օրերին, արտակարգ եռուզեռով առլեցուն է լինելու ֆուտբոլային կյանքը։ 32 ազգային ընտրյալ թիմեր Քաթարում անհաշտ պայքար են մղելու ամենապատվավոր` աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։ Հարկ է շեշտել, որ հերթական՝ 22-րդ խոշորագույն ստուգատեսին արաբական այս երկրում ըստ արժանվույն նախապատրաստվելու լրջագույն աշխատանք է տարվում․ նախատեսված նորագույն ոճի ութ ստադիոններից յոթն արդեն վերջնական տեսքի են բերվել։ Հատկանշական է, որ ճարտարապետական մտքի ֆանտաստիկ թռիչքների մասին իրենց հիացմունքն են արտահայտել նրանք, ովքեր բախտ են ունեցել լինել այդ շքեղ կառույցների առաջին այցելուները։ Իրոք, ցուցադրված՝ մեկը մյուսից շքեղ այդ մարզական ասպարեզները, որոնցում ստեղծվել են հանդիսականների լիարժեք սպասարկման համար նախատեսված բոլոր պայմանները, աչք են շոյում իրենց անսովոր հրաշք տեսքով։ Նույնիսկ նկատի ունենալով սույն երկրին բնորոշ արտակարգ շոգ եղանակները՝ բոլոր ստադիոններում գործելու են օդը զովացնող հատուկ սարքեր։ Այն էլ ասենք, որ առանց վիզայի Քաթար մեկնելու հնարավորություն ունեն 85 երկրների, այդ թվում՝ նաեւ Հայաստանի քաղաքացիները։

Հիշեցնենք, որ ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությունը (այդ մրցումներն անցկացվում են չորս տարին մեկ) մեկնարկելու է նոյեմբերի 21-ին եւ շարունակվելու է մինչեւ դեկտեմբերի 18- ը։ Օրական նախատեսված է անցկացնել 4-ական հանդիպում, Երեւանի ժամանակով ժամը 14-ին, 17-ին, 20-ին եւ 23-ին։ 32 մասնակից թիմերը նախապես բաժանվելու են 8 ընտրական խմբի` 4-ական մասնակցով։ Շրջանաձեւ խաղերից հետո 2-ական լավագույնները պայքարը շարունակելու են 1/8 եզրափակչում։ Զույգեր կազմածների մասնակցությամբ մրցամարտերն անցկացվելու են դասական կանոնակարգով` պարտվողները դուրս են մնալու առաջնությունից։

Մրցումների մասնակիցների վիճակահանությունը տեղի կունենա եկող տարվա ապրիլի 1-ին՝ 30 թիմերի անվանումների մասնակցությամբ։ Բանն այն է, որ մնացած 2 ուղեգրի հարցը, համաճարակի պատճառով (խոսքը Օվկիանիայի ընտրական խմբի մասին է), կորոշվի մի փոքր ավելի ուշ։ Իսկ այսօր հայտնի են միայն 13 երջանիկների անունները։ Դրանք եվրոպական 10 ընտրական խմբերի հաղթողներն են` Սերբիայի, Իսպանիայի, Շվեյցարիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Դանիայի, Նիդերլանդների, Խորվաթիայի, Գերմանիայի եւ Անգլիայի հավաքականները, Հարավային Ամերիկայի խմբի մրցումներում մյուս 8 հակառակորդների նկատմամբ զգալի առավելության հասած եւ ժամկետից շուտ արգելքը հաղթահարած Բրազիլիայի եւ Արգենտինայի ֆուտբոլիստները, ինչպես նաեւ առաջնության կազմակերպիչ երկրի` Քաթարի թիմը։ Մյուս ախոյաններն ի հայտ կգան եկող տարվա մարտ ամսին։

Ինչպես հայտնի է, աշխարհի առաջնությունում Եվրոպային հատկացվել է 13 տեղ։ Բացի վերոհիշյալ 10-ից, մնացած 3 ուղեգրերի համար պայքարը դեռ չեն ավարտել ենթախմբերում երկրորդ տեղեր գրաված Պորտուգալիայի, Շվեդիայի, Իտալիայի, Ուկրաինայի, Ուելսի, Շոտլանդիայի, Թուրքիայի, Ռուսաստանի, Լեհաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի, ինչպեսեւ նրանց միացած Չեխիայի եւ Ավստրիայի թիմերը, որոնք վիճարկելու են մնացած 3 ուղեգրերը։ Անցած ուրբաթ օրը կայացած վիճակահանությամբ այս 12 ընտրանիները բաժանվել են 3 քառյակների, որոնցից յուրաքանչյուրում կայանալիք, այսպես ասած` կիսաեզրափակիչ եւ եզրափակիչ հանդիպումներից հետո հայտնի կդառնա, թե ովքեր են մնացած 3 ուղեգրի տերերը։ Այդ հանդիպումները կայանալու են գալիք գարնանը։
Ներկայացնում ենք վիճակահանությամբ որոշված 3 քառյակների կազմերը.
1. Շոտլանդիա-Ուկրաինա, Ուելս-Ավստրիա
2. Ռուսաստան-Լեհաստան, Շվեդիա-Չեխիա
3. Իտալիա-Մակեդոնիա, Պորտուգալիա-Թուրքիա
Խաղերը կկայանան զույգերում առաջինը նշված թիմերի դաշտերում, իսկ վճռական բոլոր 3 մրցավայրերը որոշվելու են վիճակահանությամբ։

Մարտ ամսին կորոշվեն նաեւ մյուս աշխարհամասերը ներկայացնող ուժեղագույն թիմերը։ Հարավային Ամերիկայի առաջնության աղյուսակը ներկայումս գլխավորողներն են` 1. Բրազիլիան` 35 միավոր, 2. Արգենտինան` 23, 3. Էկվադորը` 23, 4. Պերուն` 17, 5. Կոլումբիան` 17։ Կանոնակարգի համաձայն, առաջին 4 տեղերը զբաղեցնողները կստանան ուղեգրեր, իսկ 5-րդ տեղում հայտնվածն իր վերջին շանսը կփորձի Օվկիանիայի խմբի մրցաշարին մասնակցելով, որտեղ կխաղարկվեն երկու ուղեգրեր։

Աֆրիկյան 10 աչքի ընկած երկրների` Ալժիրի, Թունիսի, Նիգերիայի, Կամերունի, Մալիի, Եգիպտոսի, Գանայի, Սենեգալի, Մարոկկոյի եւ Կոնգոյի Դ. Հ. թիմերը վիճակահանությամբ զույգեր կազմած, կպայքարեն նախատեսված հինգ ուղեգրերի համար։ Ասիան ներկայացնող 4 բախտավորներին վերստին մարտ ամսին կորոշեն 2 խմբի բաժանված թիմերի ավարտական 4 տուրերի խաղերը։ Առայժմ առաջատարներն են Իրանը (16 միավոր) եւ Հարավային Կորեան (14), ինչպես նաեւ Սաուդյան Արաբիան (16) եւ Ճապոնիան (12)։ Երրորդ տեղեր գրաված թիմերը միմյանց հետ հանդիպելով՝ կորոշեն, թե ով է մասնակցելու Օվկիանիայի խմբի մրցումներին։

Վերջապես՝ Կոնկակաֆի (կամ Հյուսիսային Ամերիկայի) խմբի մասին։ 8 թիմերի առաջին շրջանի մրցաշարից հետո աղյուսակը գլխավորում են Կանադայի (16 միավոր ), ԱՄՆ-ի (15) եւ Մեքսիկայի (14) թիմերը, որոնք էլ համարվում են 3 ուղեգրերի անվիճելի հավակնորդները։ Իսկ եռյակին հաջորդած Պանաման, եթե պահպանի իր դիրքերը, նույնպես կունենա երանելի ուղեգիրը վիճարկելու հնարավորություն, սակայն՝ Օվկիանիայի խմբում։

 Միսակ Նազարյան