Եթե Փաշինյանը մինչև վերջ գնա, ապա մի քանի «վերջ» կա․ Ստեփան Դանիելյան

Եթե Փաշինյանը մինչև վերջ գնա, ապա մի քանի «վերջ» կա․ Ստեփան Դանիելյան

«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Ստեփան Դանիելյանն է։

- 1 շաբաթվա ընթացքում վարչապետը 2 անգամ հանրահավաք է հրավիրում, ի՞նչ է ուզում ցույց տալ։

- Իմ կարծիքով՝ խնդիրը շատ պարզ է, իշխանությունը կորցնելու հավանականությունը շատ է լրջացել, գիտենք բանակի դիրքորոշումը, գիտենք Գիտությունների ազգային ակադեմիայի դիրքորոշումը, եկեղեցու դիրքորոշումը, վստահ եմ՝ հանրության մեծ մասը նույնպես ցանկանում է, որ կառավարությունը հրաժարական տա, սակայն կա մի հարց․ հրաժարականից հետո կարող են լինել տարբեր բնույթի հետաքննություններ՝ և՛ կոռուպցիայի հետ կապված, և՛ պատերազմի պատճառների հետ կապված, և, բնականաբար, գործող իշխանությունն ու գործող վարչապետը հետքայլ չունեն, իրենք նահանջելու տեղ չունեն և պետք է պայքարեն մինչև վերջ, գնան մինչև վերջ։ Հիմա մենք տեսնում ենք այդ մինչև վերջ գնալու փուլը։ Այսինքն՝ հաշվի առնելով մեր Սահմանադրության թերությունները, որոնք նման դեպքերում լուծումներ չեն առաջարկում, ապա ստեղծվել է պատային իրավիճակ, որը մեզ առաջ գնալու տեղ չի թողնում՝ ո՛չ մի կողմը, ո՛չ մյուս կողմը։ Պարզ է, որ վերը նշված կառույցներն ու հանրության մեծ մասը չեն ընդունելու, որ այսպիսի կառավարությունը մնա, պարզ է նաև, որ մյուս կողմը, օգտվելով Սահմանադրության թերություններից, մինչև վերջ փորձելու է մնալ իշխանության։ Ահա այս իրավիճակն է ստեղծվել։

- Վերջը ո՞րն է լինելու, եթե Փաշինյանը մինչև վերջ գնա։

- Մի քանի «վերջ» կա, մեկը Հայաստանի վերջն է, որ որպես պետություն` դադարի գոյություն ունենալ, մյուս վերջը քաղաքացիական բախումներն են, 3-րդ վերջն այն է, որ երկրում ստեղծված այս պատային իրավիճակը հանգեցնի արտաքին միջամտությունների, 4-րդ վերջը, որ ինչ-որ հակասահմանադրական ոչ ստանդարտ լուծումներ լինեն։

- Կրկին վերաշրջանառվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման, դա իրավիճակը լիցքաթափելու տարբերակ չէ՞։

- Ոչ, հնարավոր տարբերակ չէ, որովհետև, ես վստահ եմ, ընտրությունների մասին խոսակցությունները զուտ հանրության կրքերը հանդարտեցնելու համար են, այսինքն՝ բերել ինչ-որ նոր քաղաքական դիսկուրս, և այս թեմաները մի կողմ դրվեն, քննարկվի ընտրությունների թեման, և որքան հնարավոր է, դա ձգձգվի, հետաձգվի, նույնիսկ հասցվի մինչև 2023 թվականը։ Այսինքն՝ սա քաղաքական դիսկուրսի փոփոխության փորձ է։ Եթե նույնիսկ լինի մի իրավիճակ, որ արտահերթ ընտրություններ լինեն, մենք այս իշխանության կողմից կազմակերպված հանրահավաքը տեսանք, թե ինչպիսի ադմինիստրատիվ ռեսուրսներ օգտագործվեցին․ ավելի դաժան ձևով, քան նախկին իշխանություններն են անում, ապա ես վստահ եմ, որ նույնը ընտրությունների ժամանակ տեղի կունենա։ Այդ առումով՝ ես կարծում եմ, որ արտահերթ ընտրությունների նախ հավանականությունն է քիչ, երկրորդը՝ եթե նման ընտրություն լինի, ապա կլինեն խոշոր ընտրակեղծիքներ, հնարավոր են նաև ընտրատեղամասերում բախումներ։ Այսինքն՝ նորմալ ընտրություններ սպասելն անիմաստ է։

- Դուք նշեցիք, որ մի շարք պետական մարմիններ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, բայց կան նաև մարմիններ, որոնք ենթարկվում են նրան, Փաշինյանն այսպես չի՞ կարող իշխանությունը պահել։

- ԱԱԾ նախկին տնօրենը մոտ ամիսուկես առաջ մի հայտարարություն արեց, որ գործող իշխանությունը կարողանում է լիարժեքորեն վերահսկել 3 շենք՝ կառավարության շենքը, Պռոշյան փողոցի վրա գտնվող ամառանոցը և Բաղրամյան փողոցը։ Այսինքն՝ ԱԱԾ նախկին պետի խոսքերով՝ մեր անվտանգությունը մնացած բոլոր վայրերում ապահովված չէ, սա ասում է ոչ պատահական մարդ, այլ ասում է կոմպետենտ, տեղյակ մարդ՝ ԱԱԾ-ի նախկին տնօրենը։ Հիմա սա ցույց է տալիս, որ նա, ըստ էության, երկրում լիարժեք իշխանություն չունի, և խոսելն էլ ավելորդ է, եթե չունի իշխանություն բանակի վրա, ապա էլ ի՞նչ իշխանության մասին է խոսքը, սակայն քանի որ Սահմանադրությունում նման դեպքերի վերաբերյալ լուծումները բացակայում են, այդ տարբերակները կարող են լինել, որի մասին ես խոսեցի։ Կա մյուս տարբերակը, երբ խորհրդարանական ճգնաժամ առաջանա, իսկ դա կարող է հեշտությամբ առաջանալ, եթե 3 խմբակցություններից մեկը կամ երկուսը վայր դնեն մանդատները, ապա արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան և տեղի կունենան ոչ այս իշխանության կողմից պլանավորված եղանակով։ Այս հարցով արդեն պետք է դիմել խորհրդարանական ընդդիմադիր ֆրակցիաներին։

- Բայց Սահմանադրությունը Ազգային ժողովը ցրելու միայն 1 եղանակ է նախատեսում․ եթե վարչապետը հրաժարական տա, և խորհրդարանը 2 անգամ վարչապետ չընտրի, Սահմանադրությունում նշված չէ, որ եթե ընդդիմադիր խմբակցությունները մանդատները վայր դնեն, ապա դա հիմք է խորհրդարանը ցրելու համար։

- Դա և՛ ճիշտ է, և՛ սխալ։ Ճիշտ է այնքանով, որքանով․․․ այո, Սահմանադրության մեջ նշված չէ այդ տարբերակը, սակայն Սահմանադրության մեջ կան խիստ պահանջներ, որ պետք է լինեն ընդդիմադիր ֆրակցիաներ, Ազգային ժողովի խորհուրդը պետք է կազմված լինի նաև ընդդիմադիրներից, խորհրդարանի նախագահի 1 տեղակալը պիտի լինի ընդդիմադիր, խորհրդարանի առնվազն 30 տոկոսը պիտի լինի ընդդիմադիր, որոշակի հանձնաժողովների ղեկավարները պետք է լինեն ընդդիմադիր  ֆրակցիաներից և այլն, այսինքն՝ եթե դա չի լինում, ապա այս խորհրդարանը չի կարող գործել, սակայն լուծումը նման դեպքերում նախատեսված չէ։ Սա նորմալ պրակտիկա է, և միջազգային փորձում նման դեպքեր շատ են եղել, երբ ճգնաժամ է ստեղծվում, և Սահմանադրությունը չի նախատեսել այդ ճգնաժամի լուծումը , ապա ի՞նչ են անում․ շատ պարզ բաներ են անում, այսինքն՝ որոշ դեպքերում նախագահն է որոշում կայացնում և ինքն է լուծում տալիս, և դա դառնում է նախադեպ։