Հանուն 2 կոպեկի ծախում եք բուհը․ պրոռեկտորը հեռացավ համալսարանից
![Հանուն 2 կոպեկի ծախում եք բուհը․ պրոռեկտորը հեռացավ համալսարանից](https://hraparak.am/uploads/images/2023/11/image_750x_654544c27f62e.jpg)
«Այն, ինչ տեղի ունեցավ մեր համալսարանում, կմտնի Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի պատմության մեջ եւ գուցե կրի հեղինակի՝ մեծանուն լեզվաբան, հայերենագետ, «արիստոկրատ» ռեկտոր Դավիթ Գյուրջինյանի անունը: Տեղի ունեցած գործընթացները ոչ միայն հակաիրավական էր, այլ նաեւ հակաբարոյական»,- նախօրեին Բրյուսովի ռեկտորատի նիստում հայտարարել է համալսարանի ուսումնագիտական աշխատանքների հարցերով պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանն ու հեռացել համալսարանից, քանի որ դեռ սեպտեմբերի 20-ին, ինչպես ինքն էր նկատել, «ապօրինի ռեկտորի ապօրինի հրամանով» ազատվել էր աշխատանքից։ Իսկ աշխատանքից ազատվելու պատճառը, ըստ նրա, իր քաղաքական եւ քաղաքացիական հայացքներն են, քանի որ ակտիվորեն մասնակցում է քաղաքացիական գործընթացներին, Բրյուսովի միավորմանը դեմ արտահայտվողներից է, նաեւ «Հայաքվե» նախաձեռնության անդամ է:
Մինչ դատարանի կողմից աշխատանքային իրավունքների վերականգնումը, հարկ է համարել նշել․ «Իրավական գնահատականը, համոզված եմ, կտան համապատասխան մարմինները, այս պահին ես ավելի շատ կցանկանամ խոսել երեւույթի բարոյական կողմի մասին: Ինչպես մեր հասարակության ներսում շատերը հանուն իրենց պարգեւավճարների ծախեցին Արցախը, այնպես էլ այստեղ նստածներիցդ շատերը հանուն 2 կոպեկի ծախում եք ձեր բուհը»։ Ապա նկատել է, որ պայքարն այս մասով դեռ ավարտված չէ։ «Ինչպես գիտենք, կառավարությունն արդեն ներկայացրել է բուհերի խոշորացման ծրագիրը, որի համաձայն՝ Բրյուսովի համալսարանն այլեւս չի լինելու: Հաջողություն եմ համարում այն, որ այդ թվում նաեւ իմ ջանքերի շնորհիվ գոնե հետաձգել ենք այդ ծրագիրը մինչեւ 2027թ., ինչի մասին խոսեց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը (չնայած տիկին նախարարը բազմիցս արդեն ապացուցել է, որ կարող է ասել մի բան եւ անել լրիվ դրա հակառակը): Ուրախ եմ, որ կարողացանք գոնե կանխել մեր համալսարանը Մանկավարժական համալսարանին եւ Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ինստիտուտին միացնելու անհեթեթ նախագիծը»:
Կարծիքներ