Չեն ձերբազատվել անլրջությունից
Ես չեմ հավատում, որ Քոչարյան Անդրանիկն ավարտել է պոլիտեխնիկի կիբեռնետիկայի ֆակուլտետի ավտոմատ կառավարման համակարգերի բաժինը: Չնայած դա նշված է նրա պաշտոնական կենսագրությունում: Ես չեմ հավատում, որ նա աշխատել է Մերգելյանի ինստիտուտում, չնայած դա ևս նշված է նույն կենսագրականում: Ես չեմ հավատում, որ նա եղել է ներքին գործերի նախարարի, իսկ այնուհետև պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: Չնայած դա ևս նշված է հենց այդ տեղում: Որովհետև այդ կրթությունը ստացած և նման պաշտոններ զբաղեցրած անձը պետք է ձեռք բերեր ռազմավարական և համակարգային մտածողություն, այլապես կա՛մ անելիք չէր ունենա, կա՛մ էլ կտապալեր իր իրավասությանն ենթակա՝ պետական մակարդակի յուրաքանչյուր ձեռնարկ:
Բայց ես խնդիր չեմ տեսնոււմ չհավատալու, որ 1995-1999 թթ.-ին նա եղել է Ազգային ժողովի «Հանրապետություն» խմբակցության անդամ: Փորձենք հիշել այդ ժամանակաշրջանի կարևոր իրադարձությունները: Տեղի ունեցան հանրաքվե, որ ընդդիմությունը համարեց չընդունված, և ԱԺ ընտրություններ, որ ընդդիմությունը համարեց կեղծված: Ես հավատում եմ նաև, որ 1994-1996 թթ.-ին նա եղել է Աղետի գոտում կառավարության արտակարգ լիազոր ներկայացուցիչ, քանի որ նրա «չուզողների» կողմից հետաքրքիր պատմություններ են «հորինվել» այդ շրջանի գործունեության վերաբերյալ: Իսկ որ տարիներ անց նա դարձել է սկզբում ԱԺ «Իմ քայլը», իսկ այնուհետև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ՝ դա վստահաբար չէր կարող տեղի չունենալ: Եվ հատկապես նա չէր կարող «չընտրվել» ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ:
Բացատրեմ, թե ինչու եմ այդպես կարծում՝ նախապես մեջբերում կատարելով «news.am» լրատվական կայքից: Ահա այն. «Ադրբեջանի անհանգստությունները շատ բնական են, որովհետև իրենք արձագանքում են լրագրողների՝ Հայաստանի կողմից սպառազինություններ ձեռք բերելու թեման լարված պահելու տեսակետներին: Մամուլը առավոտից երեկո գրում է, որ Հայաստանը ձեռք բերեց այսքան սպառազինություն Հնդկաստանից, այսքան Ֆրանսիայից, ամերիկյան ինքնաթիռները 10 րոպեն մեկ իջնում են Հայաստանում: Ադրբեջանն էլ նայում է, ասում է՝ էս ինչ է կատարվում»: Ինչպես հասկացաք, այդ «լրջագույն» դատողություններն արվել են ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Քոչարյան Անդրանիկի կողմից:
Ասեմ, որ արդեն 4-րդ տարին է, ինչ ես առավոտից երեկո դիտարկում եմ հայաստանյան մամուլը և չեմ հանդիպել ՔՊ-ականի ասած՝ անընդհատ հրապարակվող գրություններին: Դա՝ մեկ, և երկրորդ՝ եթե նույնիսկ դա լիներ՝ ժամանակակից աշխարհում լուրջ պետությունների՝ իրենք իրենց հարգող իշխանություններն գլխավորապես առաջնորդվում են ոչ թե թշնամի երկրի մամուլի դիտարկումներով, այլ ավելի լուրջ աղբյուրների տեղեկատվության վերլուծությամբ: Իսկ եթե ենթադրենք, որ մեզանում մամուլը նման բան չի գրում, ինչ է, Ադրբեջանն այլևս թշնամի չէ՞ր լինի ու նրա բռնապետն էլ կլինե՞ր Նիկոլի կիրթ ու կառուցողական գործընկերը: Ու, ըստ այդմ, արդեն անհանգստանալու կարիք էլ չէ՞ր զգա:
Ենթադրում եմ, որ այդ ամենը գիտակցում է պոլիտեխնիկի կիբեռնետիկայի ֆակուլտետի ավտոմատ կառավարման համակարգերի բաժնի շրջանավարտ, նախարարի առաջին տեղակալ (և այլն, և այլն) անձը: Սակայն, գիտակցելով հանդերձ, լրագրողներին ինչ-որ լոլոներ է կարդում մամուլի դիտարկումների մասին: Իսկ եթե, այնուամենայնիվ, չի գիտացում, ապա դա շատ վատ է, չափազանց վատ:
Հոդվածը գրելիս մտաբերեցի ՀՀ նախկին վարչապետ Բագրատյանի հետ կատարվածը: Վերջինս 2020 թվականի կարծեմ մայիսին Հայաստանում և նրա շուրջը կատարվող իրադարձությունները վերլուծելով՝ կանխատեսել էր, որ եթե Իլհամը որոշի լայնածավալ պատերազմ սկսել Արցախում, ապա դրա լավագույն ժամանակը լինելու է աշնանը: Եվ դա բավարար էր, որպեսզի մտքի ու գրագիտության բացակայությամբ «օժտված» ֆեյսբուքահայերը մեղադրեին Բագրատյանին այն հարցում, որ վերջինս իշմար է տվել թշնամուն: Այնինչ, թշնամին այնքան ուղեղներ ուներ, որ ինքնուրույն հանգեր այն եզրակացությանը, որ կատարել էր Բագրատյանը: Էլ չասած, որ, որպես պետության ղեկավար, Իլհամը շատ ավելի տեղեկացված էր, քան կարող էր լինել մեր նախկին վարչապետը: Պատերազմից անցել է շուրջ 4 տարի, սակայն «մեր» իշխանավորները դեռևս չեն ձերբազատվել անլրջությունից:
Կարծիքներ