Մի քանի Հայաստան

Մի քանի Հայաստան

Իրական Հայաստանը մի քանի Հայաստաններից է կազմված: Մի Հայաստանն այն է, որտեղ ապրում են իշխանության ներկայացուցիչները: Նրանք շատ չեն` մի քանի տասնյակ հազար մարդ, որոնք ավելի ու ավելի են կտրվում հայկական իրականությունից եւ ապրում են իրենց նեղ աշխարհում, որտեղ բոլորովին այլ մտածողություն է իշխում: Նրանց մտահոգում է, թե որ երկրում են առաջիկայում հանգստանալու, ինչ նոր գույք են ձեռք բերելու, երբ է հաջորդ անգամ իրենց աշխատավարձը կամ եկամուտն աճելու: Մեկ-մեկ էլ անհանգստանում են, որ հանկարծ պատերազմ չսկսվի, որ այս բարիքներից չզրկվեն:

Մյուս Հայաստանը ֆեյսբուքահայաստանն է, որն ապրում է իր կանոններով ու հետաքրքրություններով: Այստեղ կարող է աղմուկ բարձրանալ եւ մի քանի օրվա քննարկման առարկա դառնալ ինչպես Մոնթեի անունն օգտագործողների պրոֆիլները բլոկելու Ցուկերբերգի ադմինիստրացիայի որոշումը, այնպես էլ Մացոյի` Հակակոռուպցիոն դատարանում նշանակվելը կամ` Ռոնալդուի եւ Մեսսիի գովազդում լուսանկարվելը: Սա մի խայտաբղետ եւ տարակարծիք աշխարհ է, որի հետաքրքրությունները ոչ մի կերպ չեն խաչվում Ֆեյսբուքից դուրս ապրողների հետաքրքրությունների հետ:

 Եվ վերջապես` կա երրորդ Հայաստանը, թերեւս` ամենաիրականն ու շոշափելին, որտեղ ապրում են հողի մարդը, աշխատավորը, բժիշկն ու ուսուցիչը, գիտնականն ու փոքր խանութ ունեցողը, սահմանամերձ գյուղում եւ մարզային քաղաքում ապրողը, ովքեր ժամանակ չունեն ֆեյսբուքներում ժամավաճառությամբ զբաղվելու, որոնք ապրում են դժվար կյանքով, հոգսերից աչք չեն բացում եւ ովքեր աշխարհին նայում են բոլորովին այլ տեսանկյունից: Ցավոք սրտի, մենք վատ գիտենք այս մարդկանց եւ չենք պատկերացնում, թե ինչ են նրանք մտածում: Քիչ ենք շփվում նրանց հետ, եւ մեր հույզերն ու ապրումները խորթ են նրանց: