Մեղադրանքները ինքն է հնչեցրել․ ինքն էլ գուցե պատասխանի հարցերին

Մեղադրանքները ինքն է հնչեցրել․ ինքն էլ գուցե պատասխանի հարցերին

Ամիսներ առաջ Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան հայտնեց, որ Նատալյա Ռոտենբերգը՝ Տիգրան Արզաքանցյանի կինը, այլևս ֆեդերացիայի փոխնախագահը չէ։ Ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր, որ մարմնամարզության գծով փոխնախագահի պաշտոնում նշանակված Նատալյա Ռոտենբերգն ազատվել է աշխատանքից, քանի որ մարզիչներին ուղղորդել է դառնալ իրենց կուսակցության անդամ։ Ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնը թողնելուց հետո Ռոտենբերգը շարունակում է մեղադրանքներ հնչեցնել ֆեդերացիայի հասցեին։

«2022 թվականին Բուլղարիայում անցկացված գեղարվեստական մարմնամարզության աշխարհի առաջնությունը անհաջող էր Հայաստանի համար։ Մարմնամարզության ֆեդերացիան՝ Գագիկ Վանոյանի և գլխավոր մարզիչ Զառա Գրիգորյանի գլխավորությամբ, որոշում են կայացրել մասնակցել և Հայաստանից ուղարկել մարմնամարզիկներ։ Անհատական վարժությունում Հայաստանը 78-ից զբաղեցրեց 77-րդ տեղը, խմբակային վարժությունում 29-ից 29-ը, ի՞նչ է սա նշանակում։ Այն, որ Հայաստանում մարմնամարզությունը գտնվում է ամենավերջում. Ո՞վ է մեղավոր, կհարցնեք։ Սկսենք հերթականությամբ. այս տարվա սկզբին անցկացվեցին միջազգային FIG մրցավարական քննություններ, Հայաստանը հնարավորություն ուներ 14 տեղի համար դիմել,մենք հազիվ հավաքեցինք 7 հոգու ամբողջ Հայաստանում, ովքեր որոշեցին իրենց գիտելիքները ստուգել. դառնալ միջազգային կարգի մրցավար: Ես ինքս եմ վճարել 7-ից երկուսի համար, ուզում էի, որ Հայաստանն ունենա որքան հնարավոր է շատ սեփական դատավորներ, և որ կարիք չունենանք դիմել օտարերկրացիների ։ Ցավոք, 3-րդ և 4-րդ կարգերի քննությունը միայն 4 մարզիչ է կարողացել հանձնել, ոչ ոք ավելի բարձր չի առաջադիմել, ինչը նշանակում է, որ միջազգային մրցումներին մենք ստիպված կլինենք ներգրավել 1-2 կարգերի մեկ այլ դատավորի։ Օրինակ, Հայաստանն ունի 2-րդ կարգի դատավոր Ռուսաստանից, որը կարող է ներկա լինել և ներկայացնել Հայաստանը Եվրոպայում և աշխարհում։ Եզրակացություն. դուք պետք է սովորեք կանոնները և տեղյակ լինեք բոլոր փոփոխություններին, որպեսզի համարժեք և անկախ ներկայանաք միջազգային ասպարեզում: Նշում եմ, որ գլխավոր մարզիչ Զառա Գրիգորյանը (որին ես առաջադրել եմ այս պաշտոնում) հրաժարվել է միջազգային և նույնիսկ հանրապետական քննություններից՝ պատճառաբանելով, որ չի ցանկանում դատավոր լինել, այլ ցանկանում է մարզիչ մնալ։ Բայց ինչպես տեսնում ենք մրցույթի վերջին արդյունքներից, վարժությունները կազմվել են կոպիտ սխալներով և այս տարիքի աղջիկների համար բարդ ռիսկերի բացակայությամբ։ Ինչպես ասացին, գլխավորը մասնակցությունն է։ Բայց նման մասնակցությամբ կարելի էր գնալ Գյումրի ու Հայաստանը ծիծաղի առարկա չդարձնել։

Կարելի է եզրակացնել, թե արժե՞ արդյոք նման գլխավոր մարզչին պահել այս պաշտոնում, եթե նրա գիտելիքներով դժվար թե պայծառ ապագա է սպասվում։Մարմնամարզության ֆեդերացիան և Գագիկ Վանոյանը որոշել են ուշադրություն չհրավիրել այս անհաջողության վրա, բայց այդ մասին խոսում ու գրում են նրանք, ովքեր հասկանում են և անտարբեր չեն։ Աշխարհի առաջնության մասին իմ գրառումից հետո նրանք սկսեցին ինձ գրել, որ ես չպետք է խոսեմ այդ մասին, որպեսզի որևէ մեկին չվնասեմ կամ չնեղացնեմ։ Ինչո՞ւ մենք չենք կարող արժանապատվորեն պարտվել և ընդունել մեր սխալները։ Ինչո՞ւ պետք է ժպտանք ու ծափ տանք, որ Հայաստանը վերջին տեղում է։ Ռուսաստանում նման արդյունքի համար ֆեդերացիայի նախագահն ու գլխավոր մարզիչը կազատվեին իրավասությունների անհամապատասխանության պատճառով։ Այն, որ Գագիկ Վանոյանը գեղարվեստական մարմնամարզության մեդալներ է հավաքում, նրա հետ կապ չունի, դա մարզչական շտաբի շնորհիվ է,նրանք ուժ ու երանդ չխնայելով աշխատում են հանուն Հայաստանի։ Ի դեպ, մարմնամարզության ֆեդերացիայում ընդգրկված է նաև ակրոբատիկան, ի՞նչ վիճակում է այս մարզաձևը։

Նշում եմ, որ կան նաև հայ մարմնամարզիկներ, ովքեր մարզվում են Ռուսաստանում, Ուկրաինայում և այլ երկրներում, նրանք շատ մակարդակներով բարձր են Հայաստանում մարզվողներից։ Եվրոպայում Սիլվա Սարգսյանն ավելի շատ միավորներ վաստակեց, սակայն, ցավոք, Զառա Գրիգորյանը թույլ չտվեց նրան դուրս գալ աշխարհի առաջնություն։ Ես հասկանում եմ, որ մենք պետք է հնարավորություն տանք մեր աղջիկներին հանդես գալ լուրջ մրցումներում, բայց ուժեղագույնները պետք է գնան աշխարհ։ Նաև Գրիգորյանն ու Վանոյանը թույլ չտվեցին Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության ֆեդերացիայի իմ աղջիկներին մասնակցել Հայաստանի առաջնությանը՝ նկատի ունենալով այն, որ մենք իրենց դեմ ենք, և որ նրանք չեն կարող ընդունել մեր դիմումները,նրանք դեռ երեկ սկսեցին խաղալ այս անարդարության խաղերը. որը խախտում է երեխայի իրավունքները. Յուրաքանչյուր հայ մարմնամարզիկ իրավունք ունի հանդես գալ Հայաստանի առաջնությունում, անկախ նրանից՝ դա ինչ-որ մեկին դուր է գալիս, թե ոչ։ Մենք հետևում ենք նորություններին»,- իր տարածած հաղորդագրությունում գրել է Ռոտենբերգը։

Հնչեցված մեղադրանքների վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանից, սակայն կապ հաստատել չհաջողվեց։ Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը մեզ տեղեկացրեց, որ այս պահին Վանոյանը երկրում չէ։

«Ես ոչ մի բանի չեմ պատրաստվում անդրադառնալ։ Մեղադրանքները ինքն է հնչեցրել, ինքն էլ գուցե պատրաստ կլինի հարցերին պատասխանել»,- նշեց ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը։