Որ դեպքում քաղաքացին չի տուգանվի. հայտարարագրմանն ընդառաջ

Որ դեպքում քաղաքացին չի տուգանվի. հայտարարագրմանն ընդառաջ

Եկամուտների հայտարարագրման գործընթացում ամսաթվի նշումը պարտադիր չէ՝ անկախ եկամուտի տեսակից։ Այս մասին հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստի ընթացքում։ Նրա խոսքով՝ հայտարարագրում կարևոր է ներկայացնել եկամուտների փաստը, սակայն չպետք է անհանգստանալ, եթե կոնկրետ ամսաթիվը քաղաքացին չի հիշում։

Նա այս հարցին անդրադարձել է՝ պատասխանելով պատգամավոր Սերգեյ Բագրատյանի մտահոգությանը, ըստ որի՝ կարող է առաջանալ վարչարարություն, եթե քաղաքացին չհիշի, թե երբ է ստացել փոխանցումը կամ նվիրատվությունը։ Պողոսյանը վստահեցրել է՝ նման դեպքերում վարչական ճնշում չի գործադրվի, և պետությունը պատրաստ է աջակցել քաղաքացիներին՝ պարզեցված ընթացակարգերով։

Նախարարի տեղակալը հիշեցրել է նաև, որ չհարկվող եկամուտների, մասնավորապես նվիրատվությունների դեպքում, գոյություն ունի սահմանված շեմ՝ մինչև 300 հազար դրամը չի համարվում պարտադիր հայտարարագրման ենթակա։ Սակայն եթե նվիրատվության չափը գերազանցում է այդ շեմը, այն արդեն պետք է ներառվի հայտարարագրում, բայց հարկային պարտավորություն չի առաջանում։

Պողոսյանը շեշտել է, որ կառավարությունը հայտարարագրման գործընթացին մոտենում է զգուշորեն ու հոգատարությամբ։ Եթե քաղաքացին հայտարարագիր չի ներկայացնում առաջին 30 օրվա ընթացքում, պատիժը կլինի նախազգուշացում, և այդ ընթացքում ՊԵԿ-ը կաշխատի քաղաքացու հետ՝ անհրաժեշտության դեպքում օգնելով տեղեկատվությամբ։

Մինչև 30 օր ուշացման դեպքում տուգանքը սահմանվում է 5000 դրամ, իսկ եթե նույն քաղաքացու կողմից նորից ևս 30 օր ուշացում լինի, տուգանքը կդառնա 10 հազար դրամ։ Փոխնախարարը նշել է, որ պետության նպատակը պատժելը չէ, այլ քաղաքացիների հետ կառուցել փոխվստահության վրա հիմնված հարաբերություն և ունենալ ամբողջական պատկեր նրանց եկամուտների վերաբերյալ։