Բա կտրեք թաթիկները

Բա կտրեք թաթիկները

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը «Մալբըրի» համակարգով նյութեր է ուղարկել դատախազություն՝ պահանջելով պարզել Զինծառայողների սոցիալական ապահովության հիմնադրամ չփոխանցված արդեն շուրջ մեկ միլիարդի հասնող գումարի հարցը, եւ ակնկալում է համարժեք քրեաիրավական գնահատական՝ քրեական գործի հարուցում ու մեղավորների նկատմամբ պատժամիջոցների կիրառում։ Կամ «կտրել այն թաթիկները», որոնք յուրացրել են Զինծառայողների հիմնադրամի շահառուների փողերը։

Հիշեցնենք, որ այս ուղղությամբ, մոտ 2 ամիս առաջ ԱԺ-կառավարություն-պատգամավորներ հարցուպատասխանի ժամանակ հրապարակային վեճ էր ծավալվել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ուրիխանյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ՝ զինծառայողների ապահովագրության 1000-ական դրամների հետ կապված։ «Չկա ոչ միայն Ձեզ ներկայացված այն 300-ից ավելի միլիոն դրամը, որի մասին ասացիք անցած անգամ, առավել եւս չկա 600 միլիոն դրամը։ Եկեք բացահայտենք էս խնդիրը եւ պատժենք մեղավորներին»,- ԱԺ-ում առաջարկել էր  Տիգրան Ուրիխանյանը։ Թաթիկներ կտրելու խոստում տված վարչապետն էլ ամբիոնից մեջբերել էր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի տրամադրած մեկ այլ տեղեկանք, ըստ որի՝ այդ գումարները կան, մասնավորապես՝ 2019-ի 9 ամիսներին հիմնադրամին ավելի է փոխանցվել նույն ժամանակահատվածի համեմատ 648․8 միլիոն դրամ։ Ուրիխանյանը պնդել էր, որ իր ձեռքում պաշտոնական փաստաթուղթ է, ինչին Փաշինյանը բառացի հակադարձել էր, որ իրենն ավելի պաշտոնական է, եւ սկսել խոսել ինչ-որ սխեմաների մասին, որ հնարավոր է այս ամիս լինի, մյուս ամիս չլինի, որովհետեւ սկզբում մտնում է ՊԵԿ եւ այլն։ Հետո Ուրիխանյանը ստացել էր Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանի պարզաբանումը, ըստ որի՝ հաստատվում էր Տիգրան Ուրիխանյանի ասածը՝ 1․9 միլիարդ դրամի չվճարված պարտավորությունների մասին։

Ինչու, երկար մտորումներից հետո Տիգրան Ուրիխանյանը, այնուամենայնիվ, որոշեց դիմել դատախազություն։ Նա բացատրեց այսպես․ «Քանի որ բոլոր ուսումնասիրությունների արդյունքները եւ ստացված նյութերի համակցվածությունը ոչ միայն չտվեցին պատասխաններ, այլ առավել մտահոգությունների առիթ տվեցին։ Հատկապես մտահոգությունների առիթ տվեցին վարչապետի հանձնարարության ուսումնասիրությամբ օգնականի կողմից ստացած տեղեկությունները»։

Անցյալ շաբաթ մամուլում գրվեց նաեւ, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի, այսպես ասած՝ «1000 դրամների հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի կազմից ծածուկ որոշմամբ հեռացրել են Մեսրոպ Մանուկյանին։

Մանուկյանը, հիշեցնենք, ամենաակտիվն էր բարձրաձայնում հիմնադրամից գումարների անհետացման կամ թվերի անհամապատասխանության մասին։ Մեսրոպ Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն էլ է մամուլից լսել իր հեռացման մասին, բայց պաշտոնապես որեւէ ծանուցում չի ստացել։

«Ես դիմել եմ պաշտպանության նախարարին՝ որպես հոգաբարձուների խորհրդի նախագահ, որ տա պարզաբանում եւ իրավական հիմքերը։ Քանի որ ես 5 տարի ժամկետով ընտրված եմ, եւ մեր կանոնադրությունը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամի փոփոխություն չի ենթադրում, եթե հոգաբարձուների խորհրդի անդամը հրաժարականի դիմում չի գրում»,- ասաց Մանուկյանը։

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ հիմնադրամի հարցերով իրենք չեն զբաղվում, դա Կենտրոնական բանկի կառավարման տիրույթում է։ Ե՛վ խոսնակը, ե՛ւ ԿԲ-ից խոստացան ճշտել ու ասել, թե ինչպես եւ ինչու է հիմնադրամից հեռացվել Մեսրոպ Մանուկյանը։ Ի դեպ, Մանուկյանն այն անձն է, ում Նիկոլ Փաշինյանը մեղադրում էր կառավարության մոտ սեւազգեստ մայրերի բողոքը կազմակերպելու մեջ եւ հանդիմանում, թե ինչու ժամանակին չի վաճառել գեներալ Մանվելի գույքը, որի օգնականն է եղել ինքը, չի բաժանել որդեկորույս մայրերին։ Տիգրան Ուրիխանյանը, օրինակ, կարծում է, որ Մեսրոպ Մանուկյանին պետք էր ոչ թե հեռացնել, այլ՝ պարգեւատրել։