Դիվանագիտական հարաբերություններ՝ բացառապես շնորհավորական ուղերձների տեսքով

Դիվանագիտական հարաբերություններ՝ բացառապես շնորհավորական ուղերձների տեսքով

Շնորհավորական ուղերձներ, իհարկե, բոլոր երկրների ղեկավարներն էլ հղում են․ դա արարողակարգ է՝ իրենից ոչինչ չներկայացնող եւ ոչինչ չպարտադրող։ Բայց այնպես է ստացվել, որ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական հարաբերություններն այսօր նեղացել են եւ դրսեւորվում են բացառապես շնորհավորական ուղերձների, երբեմն էլ ցավակցություններ հղելու տեսքով, որոնց հարցում ՀՀ վարչապետը շատ շռայլ է եւ շատ ուշադիր։ 

Հուլիսի 1-ից մինչեւ օգոստոսի 31-ը նա 23 շնորհավորական ուղերձ է հղել տարբեր երկրների ղեկավարների՝ սկսած Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի 80-ամյակը շնորհավորելուց, վերջացրած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ «Սահմանադրության մեջ փոփոխությունների հաստատման վերաբերյալ համառուսական քվեարկությունը հաջող անցկացնելու կապակցությամբ» հղված շնորհավորանքը։ 

Այս ցանկում շնորհավորանքներ կան՝ ուղղված Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության նախագահ Լուիս Լակալե Պոուին՝ Անկախության օրվա կապակցությամբ, Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնին՝ երկրի Անկախության օրվա առթիվ, Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզյոեւին՝ ծննդյան օրվա կապակցությամբ,  Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդային՝ պաշտոնում վերընտրվելու, Ժան Կաստեքսին՝ Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ այլն։ Իսկ Ալեքսանդր Լուկաշենկոյին 2 ամսվա ընթացքում երկու անգամ է շնորհավորել․ մեկը՝ Բելառուսի նախագահի պաշտոնում վերընտրվելու, մյուսը՝ երկրի անկախության տոնի կապակցությամբ։ 
Նկատենք նաեւ, որ հեռախոսային խոսակցություններ շատ քիչ են եղել։ 2020 թվականի ապրիլի 28-ին ՀՀ վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի, մայիսի 8-ին՝ Հռոմի պապի, հունիսի 2-ին՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի, հունիսի 9-ին՝ Ղրղզստանի նախագահի, օգոստոսի 5-ին՝ Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ։

Վերջին զրույցը՝ բնականաբար, պայմանավորված Լիբանանի դեպքերով ու հայ համայնքի գոյությամբ։ Լավ է՝ դեռ կորոնավիրուսի անվան տակ կարելի է բացատրել վերջին կես տարվա ընթացքում փոխադարձ այցերի բացակայությունը, թեեւ նախորդ մեկ-երկու տարվա ընթացքում արդեն Հայաստան եւ Հայաստանից դուրս կատարված բարձրաստիճան այցերը գրեթե բացակայել են, ինչը եւս խոսում է ՀՀ դիվանագիտության բացակայության կամ կատաստրոֆիկ նեղացման եւ արտաքին հարաբերություններում մեր ձախողումների մասին: