ԱԱԾ-ն պետք է ազնվություն ունենար եւ հայտարարեր, որ այդ սպառազինությունն ընդունվել եւ գնվել է ՊՆ-ի կողմից 2018-ին

ԱԱԾ-ն պետք է ազնվություն ունենար եւ հայտարարեր, որ այդ սպառազինությունն ընդունվել եւ գնվել է ՊՆ-ի կողմից 2018-ին

Հարցազրույց պաշտպանության նախկին նախարար, ԱԺ  «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ

- Պարոն Օհանյան, պատերազմից մեկ տարի է անցել, ի՞նչ ստացանք մենք այս մեկ տարվա ընթացքում, բացի սգալուց, բացի զոհերի հիշատակը հարգելուց, եթե դրա պատասխանատուներն ու մեղավորները մինչ օրս բացահայտված ու պատժված չեն։ 

- Նախեւառաջ ես գտնում եմ, որ մինչեւ հիմա մեր պետությունում եւ համապատասխան գերատեսչություններում տրված չէ այն գնահատականը, որն ուղղված պետք է լիներ տարածաշրջանային եւ ռազմաքաղաքական իրավիճակին, աշխարհաքաղաքական զարգացումներին համընթաց մեր գործողություններին, տարածաշրջանային դերակատարությունն ընդլայնելու եւ թուրք-ադրբեջանական տանդեմի, վարձկանների համագործակցությամբ կատարված հանցագործությանը հայ ժողովրդի եւ հատկապես արցախյան հատվածի նկատմամբ եւ դրանից բխող հետեւանքներից դուրս գալու մեր խնդիրները։ Բարձիթողի վիճակի են, եւ մինչեւ հիմա էլ դրա պատասխանը չկա, ՀՀ սահմանների պաշտպանությունը եւ դրա ամրապնդման ուղղությամբ կատարվող աշխատանքներն ու հատկապես դրա նկատմամբ խորհրդարանական վերահսկողությունը։ Եվ ամենացավալին՝ որ այս հոգեբանական վիճակից դուրս գալու ելքերը դեռեւս որոշված չեն․ ես նկատի ունեմ զոհվածների, անհետ կորածների, գերիների քանակների ճշտումը եւ նրանց հարազատներին համապատասխան աջակցության ցուցաբերումն ու միջգերատեսչական համադրմամբ հատկապես անհետ կորածների հայտնաբերման ուղղությամբ աշխատանքների իրականացումը։ Մենք տեսանք հետեւյալը, որ, անտեսելով բանակցային ամբողջ ներուժը, մեր երկիրը մտցվեց պատերազմի մեջ, պատերազմում պարտություն կրեցինք, եւ այդ պարտության պատճառներն անկազմակերպ լինելն է եւ պետության ամբողջ ներուժը ռազմական ռելսերի վրա չփոխադրելն է։

- Միայն անկազմակերպ լինե՞լն էր պարտության պատճառը, թե՞ նաեւ դավաճանությունն ու դավադրությունը դեր խաղացին։

- Գիտե՞ք, դավաճանության եւ դավադրության թեզերը միշտ էլ կան, եւ դրանք ես գտնում եմ, որ անպայման կբացահայտվեն համապատասխան աշխատանքներ տանելու ժամանակ եւ անկողմնակալ քննիչ հանձնաժողովի աշխատանքի, նաեւ իրավապահ ոլորտի աշխատանքի արդյունքում։

- Այսինքն՝ ընդդիմությունը շարունակո՞ւմ է պնդել, որ Նիկոլ Փաշինյանի ու թիմի կողմից տեղի է ունեցել դավաճանություն կամ դավադրություն պետության հանդեպ։

- Բերեք էդ գնահատականը ես չտամ, էլի, ես իմ խոսքի մեջ ասացի։

- Բայց ընդդիմությունն ասում էր՝ թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, ով մեկ տարի անց պատասխանատվության չի ենթարկվել, ավելին՝ վերարտադրվել է։ Այս առումով մենք անելիք չունե՞նք։

- Մենք ամեն օր տեսնում ենք, որ այսօրվա իշխանություններն ինքնուրույն ի վիճակի չեն գնահատական տալու այսօր ստեղծված իրավիճակին, դրա համար ե՛ւ այսօրվա իրավիճակի համար, ե՛ւ պատերազմում կրած պարտության համար պատասխանատու են այսօրվա իշխանությունները։ Նրանք պետք է կազմակերպեին, համախմբեին, մոբիլիզացնեին ամբողջ ազգի ներուժը եւ ուղղեին Արցախը եւ Հայաստանը պաշտպանելու համար։ Ես սեպտեմբերի 26-ին ուղերձ եմ հղել, եւ այդ ուղերձի մեջ ամեն ինչ նշված է, որի մեջ առանձնակի նշել եմ բանակի զինծառայողների, մեր կամավորականների, երկրապահների կատարած սխրանքների մասին, եւ այս օրը, իհարկե, առաջին խոնարհումը պետք է լինի այն քաջարի զինծառայողների, երկրապահների, սպաների ընտանիքների հարազատների առջեւ, որոնք իրենց կյանքը զոհեցին հայ ժողովրդի արժանապատվությունը բարձր պահելու համար։ Մեր խոնարհումը բոլոր հերոսների առջեւ, բանակի զինծառայողների առջեւ։ Եվ, իհարկե, ամենամեծ ցավն ապրում են այն մարդիկ, որոնց հարազատները գերության մեջ են եւ անհետ կորածների ցուցակների մեջ։ Եվ այդ ցավը բոլորինս է։ Մենք՝ բոլորս, ցանկանում ենք, որ օր առաջ հայտնի դառնան նրանց ճակատագրերը, եւ գերիները հետ վերադառնան։

- ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որ ձերբակալվել է ՀՀ ԶՈՒ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը՝ 2011 թ․  ռազմամթերքի ձեռքբերման հարցում մոտ 4.7 մլն դոլարի ենթադրյալ չարաշահումների համար։ Այդ ժամանակ Դուք էիք  նախարարը, հնարավո՞ր է սլաքները փորձում են Ձեր կողմն ուղղել։

- Գիտե՞ք, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պետք է իր գործունեության մեջ ազնիվ լինի եւ ասի, որ 2011 թվականին տվյալ սպառազինության միջոցների մատակարարման ընթացքում անպետք լինելու պատճառով պաշտպանության նախարարությունն այդ ռազմամթերքը չի ընդունել, ի պահ է վերցրել, մինչեւ որ մատակարար կազմակերպությունը որոշի դրա ելքը, այսինքն՝ բերի համապատասխան փաստաթղթեր եւ տանի այլ վայր՝ այլ խնդիրներ իրականացնելու համար, կամ տարանցիկ փոխադրմամբ վաճառի այլ երկրների։ Եվ պետք է նշի, որ սպառազինության այդ տեսակները պաշտպանության նախարարությունն արդեն ընդունել է 2018 թվականին։ Այսինքն՝ եւս մեկ անգամ կրկնեմ․ 2011 թվականին անսարքության պատճառով ի պահ վերցրած... ես ժողովրդի համար ասում եմ՝ ինչ է նշանակում ի պահ վերցնելը, երբ խմբաքանակի մոտ 30 տոկոսը դու ընդունում ես, իսկ 70 տոկոսն անսարք է, անպիտան է, իսկ դրանք բավականին մեծ գաբարիտներով պայթյունավտանգ հրթիռներ են, դրանք ի պահ վերցվում են միայն համապատասխան հարմար շինություններում։ Այսինքն՝ ՊՆ-ին ենթակա հրթիռահրետանային սպառազինության պահեստներում, այն պայմանով, որ մատակարարող կազմակերպությունը պետք է ինքը որոշեր դրանց ելքը։ Պաշտպանության նախարարությունը չի ընդունել այդ սպառազինությունը։ Հարուցված է քրեական գործ, այդ քրեական գործով ես հարցաքննվել եմ, ելնելով նախաքննական գաղտնիությունից՝ սրանից ավել ոչ մի բան չեմ ասի։ Միայն կավելացնեմ հետեւյալը․ ինչպես ես ասացի, ի պահ վերցնելու պայմանը, եւ ԱԱԾ-ն պետք է համարձակություն եւ ազնվություն ունենար եւ հայտարարեր, որ այդ սպառազինությունն արդեն ընդունվել եւ գնվել է ՊՆ-ի կողմից 2018 թվականին։

- Այսինքն՝ 2018-ին անպիտան սպառազինությո՞ւն է գնվել։

- Չգիտեմ՝ դա անպիտան է եղել, թե անպիտան չի եղել։ Մենք չենք ընդունել, դա ընդունել ենք ի պահ, որովհետեւ անսարքություններ են եղել։ 2018 թվականին, թե ինչ պայմաններում, ինչպես եւ ով է ընդունել, դա արդեն իմ խնդիրը չէ։ Դա նախ նախաքննության գաղտնիություն է, մյուսը՝ կարող եք հարցնել արդեն ԱԱԾ-ից կամ ՊՆ-ից։

- Կարծում եք՝ անհի՞մն է հարուցվել քրեական գործը, հաղորդագրության մեջ նշված է, որ տեխնիկական բնութագիրն են փոխել, ձեւական սակարկություններ են իրականացրել եւ ձեռք են բերել շուկայականից էականորեն թանկ հրթիռներ, որոնք հետո չեն օգտագործվել՝ պետությանը պատճառելով մոտ 4.7 մլն դոլարի վնաս։

- Այն, ինչի մասին Դուք խոսում եք, 2018 թվականին է իրականացվել, եւ կարող եք հարցնել, թե ով է դա իրականացրել, ինչու եւ ինչ նպատակով։ Ես հարցաքննվել եմ եւ իմ մասով բացատրություն տվել եմ։

- Իսկ ի՞նչ կարող եք ասել պաշտոնյայի վերաբերյալ, ում մեղադրանք է առաջադրվել։

- Նախաքննության գաղտնիություն եւ անմեղության կանխավարկած գոյություն ունի, թող որոշեն պատկան մարմինները։