Հասարակություն

Գագիկ Խաչատրյանի 1.5 մլն դոլարանոց նվերը՝ քաղաքապետարանին

Գագիկ Խաչատրյանի 1.5 մլն դոլարանոց նվերը՝ քաղաքապետարանին

Այսօր Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հայտարարել է, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը նվեր է մատուցել քաղաքապետարանին, և կարծում է՝ դա ոչ թե տեխնիկայի, այլ անշարժ գույքի տեսքով է։ Հիշեցնենք, որ այսօր մամուլում տարածվեց տեղեկություն այն մասին, թե Գագիկ Խաչատրյանը «ԿամԱԶներ» է նվիրել քաղաքապետարանին, որն այդքան էլ այդպես չէ։ 

Իրականում, ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ խոսքը Չարբախում (Աէրացիա, Շիրակի 88/1 հասցեում) կառուցվող քաղաքապետարանի Սանմաքրման և աղբահանության հիմնարկի համար նախատեսված ավտոպարկ և սպասարկման կենտրոնի շինարարության մասին է, որը, մեր տեղեկություններով, արժե 1.5 մլն դոլար։ Այս շինարարությունը Գագիկ Խաչատրյանի որդիները անում են որպես նվեր քաղաքին, որի դիմաց նրանց թույլատրվել է Պուշկինի փողոցում, Աֆրիկյանների քանդված շենքի տեղում կառուցվող հյուրանոցի վրա ևս հինգ հարկ ավելացնել։ Կառուցապատողը «Տերյան 5» ՍՊԸ-ն է, որը սկզբում ստացել էր 17 հարկանի շենքի թույլտվություն, հիմա, փաստորեն, դարձել է 22 հարկ։


Ի դեպ, բացի Չարբախից, շինարարություն է ընթանում նաև Աջափնյակում գտնվող քաղաքապետարանին կից «Երևան տրանս» ՓԲԸ տարածքում, որտեղ աղբատար մեքենաներն են կանգնում։ Այստեղ էլ, ըստ տեղեկության, ավտոբուսների պարկ են կառուցում։ Քաղաքապետարանի աղբահանության և սանմաքրման հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանը Hraparak.am-ի հետ զրույցում հաստատեց այս փաստը, որ շինարարություն է ընթանում երկու տարածքներում էլ։


Նկատենք նաև, որ հեղափոխական իշխանությունները, որոնք ժամանակին պայքարում էին Աֆրիկյանների՝ մշակութային արժեք հանդիսացող շենքը քանդելու և մայրաքաղաքի կենտրոնում բարձրահարկ շենքեր կառուցելու դեմ, այսօր 22 հարկանի շենքի թույլտվություն են տալիս քաղաքի սրտում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image