Այս ամենը որեւէ աղերս չունի թուրքականության հետ․ պարզաբանում

Այս ամենը որեւէ աղերս չունի թուրքականության հետ․ պարզաբանում

Գրել էինք, որ գյումրեցիներին բարկացրել էր Մանկապատանեկան Արվեստի Պալատ-ի 100-ամյակին նվիրված լոգոն, որի դրոշակները ձեռքներին՝ հունիսի մեկին երեխաները դուրս եկան հրապարակ ։ Քաղաքացիներն այն ամբողջությամբ նմանեցնում են թուրքական դրոշին, ավելին ասես դրոշի կրկնօրինակը լինի։ Համացանցում գյումրեցիներն իրենց դժգոհություն են արտահայտում՝ պահանջելով փոխել այն։

«Գյումրու մանկապատանեկան արվեստի պալատը» հանդես է եկել  պաշտոնական պարզաբանմամբ․ «Սա «Մանկապատանեկան արվեստի պալատ»-ի լոգոն է։ Կենաց ծառ է՝ խորը արմատներով, նոր ճյուղերով ու տերեւներով։ Արմատները՝ դար առաջ ստեղծված լինելու, ճյուղերն ու տերեւները՝ ի նշան այսօրվա սերնդի ու սաների։ Շրջանը դարի պտույտն է՝ բոլորապտույտ 100 տարի։ Արդեն մի քանի տարի մանկապատանեկան արվեստի պալատը հանդես է գալիս այս լոգոյով։ Լոգոների մեջ գույնի փոփոխությունը գովազդատեղեկատվական, տպագիր կամ ներկայացուցչական այլ նյութերում երբեմն կատարվում է, ինչն էլ արվել է երեկվա միջոցառման պարագայում, քանի որ միջոցառման ընդհանուր գույնը ընտրված էր կարմիրը։ Այս ամենը որեւէ աղերս չունի թուրքականության հետ։ Ազգային արժեքների տարածումն ու սերունդներին հայկական ոգով դաստիարակելու առաքելություն ստանձնած կառույցը չէր կարող տարածել որեւէ հակահայկական բան։ Այս ամենի մեջ թրքականություն, առավել եւս դիտավորություն տեսնելը անմիտ է, վիրավորում է մեր արժանապատվությունն ու ստվերում մեր 100-ամյա անբասիր կենսագրությունը։ Խնդրում ենք զերծ մնալ չհիմնավորված կարծիքներ հայտնելուց եւ անհարկի քննարկումներով չստվերել ո’չ երեխաների մասնակցությամբ շքերթը, ոչ էլ մեկդարյա կառույցի կենսագրությունը։ Միեւնույն ժամանակ հայտնում ենք, որ հաշվի առնելով մարդկանց ասոցիատիվ մտածողությունը, թե ամեն կիսաշրջան լուսին է ու ամեն կարմիր՝ թուրքական դրոշ, հաջորդիվ լոգոյի գունային փոփոխություններն անելիս նկատի կառնենք նաեւ այս հանգամանքը։ Առջեւում մանկապատանեկան արվեստի պալատի 100-ամյա հոբելյանի միջոցառումներն են։ Մաղթում ենք բոլորիդ խաղաղություն»։