Թույլերին չեն սիրում. ի՞նչ հասկանա Հայաստանը Պուտինի վերջին հայտարարությունից

Թույլերին չեն սիրում. ի՞նչ հասկանա Հայաստանը Պուտինի վերջին հայտարարությունից

Հայտնի ճշմարտություն է՝ թույլերին չեն սիրում, կամ, ինչպես ասում են, ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր: Փոխկապակցված ու արագահոս աշխարհում հետզհետե օրինաչափ է դառնում, մի կողմից, ուժեղների մերձեցումը, մյուս կողմից՝ ուժային կենտրոնների մրցակցությունը, հաճախ՝ կոշտ հակամարտությունը: Այս ամենի ճիշտ արտապատկերն են ռուս-ուկրաինական հակամարտությունն ու այդ համատեքստում Արեւմուտք-Ռուսաստան առճակատումը: Գլոբալ Արեւմուտքի, Միասնական Եվրոպայի դիմադրությունը պուտինյան Ռուսաստանին երկար պատմություն ունի: Այս ընթացքում, սակայն, Կրեմլը կարողացել է ամուր կապեր հաստատել եւ դաշնակցել այլ գլխավոր խաղացողների հետ, հատկապես՝ Չինաստանի:

Ռուսաստանի Դաշնության եւ ԿԺԴՀ-ի միջեւ ստորագրված համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը նախատեսում է արտաքին ագրեսիայի դեպքում փոխօգնության տրամադրում: Այս մասին 24 տարի անց՝ հունիսի 19-ին Հյուսիսային Կորեա կատարած այցի ժամանակ հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընն իր հերթին Ռուսաստանին անվանեց «ամենաազնիվ բարեկամ եւ դաշնակից», իսկ Պուտինին՝ «կորեացի ժողովրդի ամենաթանկ բարեկամը»։ 

Ի դեպ, Ռուսաստանի բարեկամ Չինաստանում արդեն մտահոգված են Մոսկվայի եւ Փհենյանի մերձեցմամբ՝ գրում է BBC-ն. «Չինաստանը չի ցանկանում նոր սառը պատերազմ, նա ցանկանում է լինել համաշխարհային առաջնորդ եւ գործ ունենալ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Եվրոպայի հետ՝ չխզելով հարաբերություններն աշխարհի հետ այնպես, ինչպես դա անում են Ռուսաստանը եւ Հյուսիսային Կորեան»: Միեւնույն ժամանակ, ինչպես պնդում է BBC-ն, ո՛չ Մոսկվան, ո՛չ Փհենյանը չեն կարող իրենց թույլ տալ՝ ռիսկի ենթարկել Պեկինի հետ իրենց հարաբերությունները. «Հյուսիսային Կորեայի եւ Ռուսաստանի միջեւ ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագիրը, մասնավորապես «մասնակիցներից մեկի դեմ ագրեսիայի դեպքում փոխադարձ օգնություն ցուցաբերելու մասին» կետը, կարող է հետեւանքներ ունենալ նաեւ Ուկրաինայում Ռուսաստանի վարած պատերազմի վրա: Մասնավորապես, բաց է մնում է հարցը, թե արդյո՞ք Ռուսաստանը կարող է Հյուսիսային Կորեային ներքաշել հակամարտության մեջ՝ միջամտության անհրաժեշտությունը հիմնավորելով ռուսական քաղաքների վրա ուկրաինական հարձակումներով»: Սա արդեն Մոսկվա-Փհենյան-Պեկին գլոբալ խաղացողների միջեւ մրցակցության հայտ է, որը բնավ էլ նորություն չէ:

Մոսկվան ջուր է լցնում Բաքվի ջրաղացին

Հայտնի է, որ Հայաստանի հետ սառը, բայց տակավին դաշնակցային հարաբերություններ ունեցող Ռուսաստանը (որը նաեւ դաշնակցի վրա ռազմական ագրեսիայի դեպքում աջակցության պարտավորություն ունի, այդ թվում՝ նաեւ ՀԱՊԿ շրջանակում) խորացրել է կապերն Արցախը զավթած ու Հայաստանի նկատմամբ շարունակական ագրեսիա իրականացրած եւ իրականացնող Ադրբեջանի հետ՝ դրանք բարձրացնելով ռազմավարական դաշնակցության մակարդակի: Ավելին, Հայաստան-Արեւմուտք-Եվրոպա մերձեցման ցանկացած դրսեւորում միաժամանակյա եւ նույնաբովանդակ ջղաձիգ արձագանք է ստանում թե՛ Բաքվում եւ թե՛ Մոսկվայում:  

«Հայաստանի քաղաքականությունը, որն ուղղված է տարածաշրջանում նոր լարվածություն ստեղծելուն եւ խաղաղությանն ու կայունությանը խոչընդոտելուն, որեւէ արդյունքի չի բերի»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Հայաստանի ԱԳՆ-ի՝ հունիսի 19-ին տարածած հայտարարությունը՝ ի պատասխան Ադրբեջանի ՊՆ-ի անհեթեթ արձագանքի։ Բաքվի ռազմական գերատեսչությունում նշել էին, թե «Ֆրանսիայի կողմից Հայաստանի վերազինումը սրում է իրավիճակը եւ կարող է հանգեցնել նոր պատերազմի»:
«Հայտնի է, որ այնպիսի երկրները, ինչպիսին Ֆրանսիան է, իբր պահպանում են խաղաղությունը եւ մրցակցում՝ Հայաստանին հարձակողական զենքի մատակարարման հարցում, ի հեճուկս պաշտպանունակության բարձրացմանն ուղղված հայկական կողմի հայտարարությունների, ծառայում են Հայաստանը լարվածության եւ սպառնալիքների նոր օջախի վերածելուն: Նկատի առնելով, որ այս քաղաքականությունը նպաստում է Հայաստանի կողմից հերթական հնարավոր ագրեսիային, կարեւոր է ձեռնպահ մնալ այս քայլերից, քանի դեռ ուշ չէ»,- ցնդաբանել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որտեղ նշվել է, որ Հայաստան-Ֆրանսիա ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ պաշտոնական Բաքվի արձագանքը տարակուսանքի տեղիք է տալիս: Մարտունակ եւ ժամանակակից զինտեխնիկայով սպառազինված բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է: Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է իր բոլոր հարեւանների տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը՝ նշել են ԱԳՆ-ում: «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս եւ գալիս է հիմնավորելու մի շարք կենտրոնների կողմից արվող վերլուծությունները, թե Ադրբեջանն ամեն ինչ անելու է՝ վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը»,- ընդգծել են ՀՀ ԱԳՆ-ում:

Ֆրանսիայի կողմից Caesar 155 միլիմետրանոց ինքնագնաց հրետանային կայանքների մատակարարումը Հայաստանին սպառնում է վատթարացնել իրավիճակը։ Այս մասին էլ ռուսական լրատվամիջոցներին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նրա կարծիքով, աշխարհում չկան տարածաշրջաններ, որտեղ արեւմտյան զենքի մատակարարումները հանգեցնում են լավագույն իրավիճակի։ «Ես չգիտեմ տարածաշրջան, որտեղ արեւմտյան զենքի մատակարարումները բարելավել են իրավիճակը»,- ասել է ռուս դիվանագետը:

Մոսկվան հուսով է` Երեւանում կհասկանան, որ ՀԱՊԿ հարթակը բոլոր հնարավորություններն ընձեռում է՝ տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցերով համագործակցության համար։ Այս մասին էլ Գալուզինն ասել է «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում՝ մեկնաբանելով հունիսի 21-ին Ալմաթիում կայանալիք ԱԳ նախարարների խորհրդի նիստին Հայաստանի չմասնակցելը: Հունիսի 19-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը չի մասնակցի Ալմաթիում կայանալիք ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին. «Մենք հույս ունենք, որ մեր հայ գործընկերները, իսկ մենք մնում ենք դաշնակիցներ, այնուամենայնիվ, կհասկանան, որ տարածաշրջանային անվտանգության ապահովման ամենաարդյունավետ մեթոդը տարածաշրջանային պետությունների միջեւ համագործակցությունն է, եւ ՀԱՊԿ հարթակը դրա համար տալիս է բոլոր հնարավորությունները»:

Կարեւորն Ուկրաինայի պատերազմն է, իսկ Հայաստանից չենք հրաժարվում

Հունիսի 19-ին Մոսկվայից այլ արձագանք էլ եղավ՝ շոշափելով հայ-ռուսական փլուզվող դաշնակցային հարաբերությունների թեման: Ռուսաստանը չի հրաժարվում ռազմատեխնիկական ոլորտում Հայաստանի հետ շփումներից՝ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան եւ անդրադարձավ ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությանը եւ այն լուրերին, թե ՌԴ-ն կարող է հրաժարվել Հայաստանի հետ զենքի մատակարարման շուրջ ցանկացած բանակցությունից։ Իսկ Գալուզինը «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանի անցումն ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի «հովանոցի» տակ անհնար կդարձնի ՌԴ-ի հետ եւ ՀԱՊԿ–ի շրջանակներում միասնական պաշտպանական տարածքի պահպանումը:

Զախարովայի պնդմամբ, երրորդ երկրներին ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումն իրականացվում է հատուկ ռազմական գործողության կարիքների հաշվառմամբ, ինչի մասին ՌԴ ղեկավարությունը բազմիցս խոսել է․ «Սպառազինության եւ ռազմական տեխնիկայի որոշակի տեսակների նկատմամբ առկա սահմանափակումները վերաբերում են ռազմատեխնիկական համագործակցությանը ոչ միայն Հայաստանի հետ, այլ նաեւ մեր մյուս գործընկերների։ Ինչ վերաբերում է ռազմատեխնիկական ոլորտում Հայաստանի հետ շփումներին, ապա մենք դրանցից չենք հրաժարվում. դրանք կանոնավոր կերպով են ընթանում, այդ կողմից պահանջներ չենք տեսել»:
Այն, որ 2018-ից ի վեր, տխրահռչակ խմբի իշխանության գալուց հետո բազում աղետներ, կորուստներ, պարտություններ տեսած ու անվտանգային լուրջ սպառնալիքներ ունեցող Հայաստանը թուլացել է, հնարավոր չէ ժխտել: Եվ խոսքը, ցավոք, միայն ներքին տկարության մասին չէ, այլեւ միջազգային ասպարեզում պետության դիրքի աղետալի թուլացման: Իսկ այստեղ փրկության չեն կարող հասնել ո՛չ Բլինքենի տեղակալի ու արեւմտյան այլ պաշտոնյաների այցերն ու խոստումները, ո՛չ ֆրանսիական ու հնդկական սպառազինությունները, ո՛չ էլ Ռուսաստանից մատակարարվող այս կամ այն զինատեսակները: Կա պարզ բանաձեւ՝ չնեղացնել հին դաշնակիցներին, փնտրելով եւ ձեռք բերելով նորերին, չհակադրել մեկը մյուսին, ինչպես վարվում են աշխարհի արժանապատիվ երկրները՝ անկախ հզորության աստիճանից: Իսկ Պուտինի՝ Փհենյանում հնչեցված հայտարարությունն աշխարհին, այդ թվում՝ դաշնակից Հայաստանին ուղղված ակնարկ էր...