Հադրութի սարի մոտ հրամանատարը մեզ թողեց ու փախավ․ 44-օրյա պատերազմի մասնակիցը մանրամասներ է հայտնում

Հադրութի սարի մոտ հրամանատարը մեզ թողեց ու փախավ․ 44-օրյա պատերազմի մասնակիցը մանրամասներ է հայտնում

Դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ,  այսօր՝ փետրվարի 7-ին, ընթանում է զորամասերից մեկի գումարտակի հրամանատար, ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի պետ Իշխան Վահանյանի գործի քննությունը:

Նիստերի դահլիճում են նաեւ 44-օրյա պատերազմին զոհված զինծառայողների հարազատները։
Իշխան Արմենի Վահանյանը, նշենք, մեղադրվում է հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, 2020թ. հոկտեմբերի 9-ից նշանակված լինելով որպես Պաշտպանության բանակի համապատասխան զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի հրամանատար, կոչումով մայոր, ծառայողական դիրքով եւ կոչման բերումով հանդիսանալով նույն գումարտակի ժամկետային եւ կրտսեր սպայական կազմի ուղղակի պետը, 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության կողմից հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարի վրա տեղի ունեցած մարտական գործողություններին ակտիվ մասնակցություն չունենալու եւ սեփական կյանքը չվտանգելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ դրսեւորել է իշխանության անգործություն՝ չի կատարել իր վրա ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքով եւ ՀՀ ԶՈՒ մարտական կանոնադրությամբ դրված պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, այն է՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի համապատասխան զորամասի 5-րդ հրաձգային գումարտակի մի շարք զինծառայողներ զոհվել են, անհայտ կորել, գերեվարվել, ինչպես նաեւ՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

«Իշխան Վահանյանը Հադրությում՝ «Վիշկա» կոչվող սարի մոտ մեզ թողել ու հեռացել է, փախել է։ Մանրամասն չեմ կարող ասել՝ ուր է գնացել, բայց այդպես է եղել»,- դատախազի հարցերին պատասխանելիս քիչ առաջ ասաց 44-օրյա պատերազմի մասնակից, գործով վկա Մստոյան Մստոն։