«Մեծարգո վարչապետով», նախարարով-բանով մնացինք անտեր
2021 թվականի գարնան վերջից, երբ որպես հրապարակախոս վերսկսեցի «Հրապարակ»-ի խմբագրության հետ իմ համագործակցությունը, գլխավոր խմբագրին ուղարկել եմ 1500-ից ավելի հոդված: Սակայն երբ գալիս էր նոյեմբերի 9-ը՝ երկար ժամանակ չէի կողմնորոշվում, թե ինչպիսի նյութ է գրվելու: Թեման, իհարկե, ակնհայտ էր, սակայն այդ թեմայով մինչ այդ օրը թե՛ իմ և թե՛ ուրիշների կողմից այնքան հոդված էր գրվել, որ հատկապես այդ օրը նոր խոսք ասելը՝ նույնն է, թե նոր միտք արտահայտելն անտանելի ծանր էր: Ես, օրինակ, չեմ հիշում, թե ինչ եմ գրել 2021-ի կա՛մ 2022-ի և կա՛մ 2023-ի նոյեմբերի 9-ի առնչությամբ:
Իհարկե, դժվար չէ թեկուզ «Հրապարակ»-ի կայքից գտնելու այդ օրվա նյութերը: Բայց զարմանալիորեն այլ նյութերի դեպքում մեկ-մեկ նայում եմ իմ նախկին հոդվածներին՝ չկրկնվելու կամ այլ նպատակով, սակայն երբեք չեմ նայել հենց նոյեմբերի 9-ի կապակցությամբ գրված ու հրապարակված իմ նյութերին: Ասեմ, որ ուղղակի ծանր է հոգեբանորեն, ու նույնիսկ չեմ էլ մտածում, որ կարող եմ կրկնվել:
Նախկին իշխանության դեմ մղված փողոցային պայքարի ընթացքում, որի վկայությունն էր, օրինակ, նախորդ հոդվածիս լուսանկարը՝ արված 2007 թվականին, ես պայքարում էի հանուն արդարության, հանուն օրենքի գերակայության, հանուն օրենքի առջև բոլորի հավասարության: Բայց հանուն ինչի էլ մղվեր այդ պայքարը՝ իմ թիկունքին Հայաստանն էր, իսկ Հայաստանի թիկունքին՝ Արցախը: Ու Հայաստանի և Արցախ թիկունքին՝ մեր հաղթական բանակը: Ու այդ ամենի շնորհիվ անվտանգության զգացումով լցված՝ ես հավատով էի նայում դեպի մեր ապագան: Դեպի, Չարենցի ասած, «գանգրահեր պատանու ապագան», չնայած ես գանգրահեր չեմ եղել ու վաղուց արդեն պատանի չէի: Բայց զգացողությունը հենց այդպիսին էր: Ու այդ պատճառով էլ երբեք չեմ հետաքրքրվել, թե ինչ են գրում արևելյան թշնամու լրատվականները մեր մասին: Ինչը բնական էր, քանի որ թշնամուց նորմալ բան չես սպասում՝ լինի նա պարտված, թե հաղթանակած: Հատկապես որ առաջին դեպքում ուղղակի բանի տեղ չես դնում: Իսկ 2020 թ.-ի նոյեմբերի 9-ից հետո մեր անվտանգությունը դարձել է իմ (ու, բնականաբար, ինձ նմանների) մտահոգության հիմնական առարկան: Ու ստիպված ենք ուշադրություն դարձնել ոչ թե երկրի վարչապետի աթոռից կառչած անձի, ով իբրև թե ներկայացնում է մեր պետության շահերը, այլ թշնամի երկրի ղեկավարի ելույթներին:
Ժամանակին մտածում էի, որ մենք վրացիներից ավելի խելացի ենք. դա որպես Թիֆլիսում ծնված ու մեծացած մեկն եմ ասում: Բայց կյանքը ցույց տվեց, որ պետք է ներողություն հայցենք նրանցից «տուտուց» (թեթևամիտ) անվանելու համար: Եթե այդպիսին լինեին, ապա նրանց կյանքում չէր հայտնվի Ռուսաստանում դոլարային միլիարդատեր դարձած անձը, ով իր կարողությունն ի սպաս կդներ իր հայրենիքի զարգացմանը: Ու վճռական պահին կպաշտպաներ կրկին սեփական դարձած պետության (ծնվել է Վրաստանում, սակայն հետո քաղաքացիություն է ստացել ՌԴ-ում, այնուհետև այլ երկրներում ևս ու կրկին Վրաստանում) շահերը: Իսկ մեր երկիրը տեր չկանգնեց նրան (խոսքը Ռուբեն Վարդանյանի մասին է), ով որոշեց տեր կանգնել իր ազգի մի հատվածին: Իսկ մինչ այդ էլ մեր բանակը տեր չկանգնեց պետությանը՝ երբ մեր երկիրն ամենից ավելի էր զգում դրա կարիքը (խոսքը 2021 թ.-ի փետրվարի 25-ի մասին է): Ու այդպես էլ «մեծարգո վարչապետով», նախարարով-բանով արդեն չորս տարի մնում ենք անտեր…
Կարծիքներ