«Հրապարակ».Դատախազությունը ձեռքերը լվաց՝ «բեռը» դնելով Ազարյանի ուսերին

«Հրապարակ».Դատախազությունը ձեռքերը լվաց՝ «բեռը» դնելով Ազարյանի ուսերին

Երեկ վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը բավարարեց «5-րդ հեռուստաալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպանների բողոքը՝ կալանքի ժամկետը երկարացնելու որոշման դեմ, եւ Թավադյանը մի քանի ժամից դուրս եկավ ԱԱԾ-ի մեկուսարանից՝ հայտնվելով իրեն սպասող թիմակիցների գրկում։ Նա կալանքի տակ էր դեկտեմբերի 24-ից, մեղադրվում էր վկային սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու մեջ, սակայն անձը, որն իբրեւ թե կատարել էր նրա պատվերը, ազատության մեջ էր։

Նախաքննությունն ավարտված է, եւ գործը գնացել է դատարան։ Մեր տեղեկություններով, Թավադյանին ուզում էին ազատել դեռ նախաքննության փուլում։ Քննիչներն ու դատախազներն էլ էին հասկանում, որ սարքովի գործ է՝ ապացույցներ չկան եւ վաղ թե ուշ դա ակնհայտ է դառնալու բոլորին, ուստի նման մեղադրանքով մարդուն բանտում պահել չի կարելի։ Հենց նախաքննական մարմինն էլ առաջարկել էր պաշտպանական կողմին, որ երաշխավորագրեր ներկայացրեք՝ խափանման միջոցը փոխենք։ Եւ այդ նպատակով էլ 2 միջնորդություն արվեց՝ հանրային հայտնի դեմքերից, սակայն դատախազությունը, չցանկանալով արժանանալ Նիկոլ Փաշինյանի զայրույթին,վերջին պահին հրաժարվել է խափանման միջոցը փոխելուց եւ որոշել է գործն ուղարկել դատարան՝ «թող դատավորն ազատի» պատճառաբանությամբ։ Իսկ երբ բողոքը հայտնվեց Ազարյանի վարույթում, հասկանալի էր, որ Թավադյանն ազատ է արձակվելու, քանի որ Ազարյանին հնարավոր չէ ճնշել եւ նա ելնում է բացառապես գործի հանգամանքներից։ Քիչ թե շատ անկախ եւ համարձակ դատավորը բավարարելու էր այդ միջնորդությունը, ինչը եւ արեց Ա․Ազարյանը։