ԱԺ գերիների հարցերով հանձնաժողովը չի տիրապետում իրավիճակին

ԱԺ գերիների հարցերով հանձնաժողովը չի տիրապետում իրավիճակին

Բորիս Ավագյանի ասուլիսից եւ Նրան Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տնօրենի տեղակալի պաշտոնից ազատելուց հետո ԱԺ «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Վարդան Աթաբեկյանն առաջարկել է նրան իր օգնականը դառնալ՝ հասարակական հիմունքներով, որպեսզի գերիների վերադարձի հարցով աշխատանքային խումբ ձեւավորելու իր նախաձեռնած գործընթացը չկասեցվի։ Աթաբեկյանը նշեց՝ իր համար տարօրինակ էր, որ Արցախի իշխանությունները նման պահվածք դրսեւորեցին՝ փորձելով պատգամավորների սկսած գործընթացը կասեցնել։ Զրուցել ենք Աթաբեկյանի հետ։

- Ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամբողջ պատմությունը։

- Արայիկ Հարությունյանը երեկվա իր պահվածքով վիրավորեց ՀՀ ԱԺ-ին՝ որպես ինստիտուտի։ Ստացվում է, որ 6 պատգամավոր չգիտեին, թե ում հետ են հանդիպում։ Իհարկե, ավելի ուշ խմբագրեցին եւ հրապարակեցին իրականությունը, որ փոխնախարարին ազատում են այդ ասուլիսից հետո։ Սակայն ինձ համար ավելի զարմանալին այն է, որ գերիների հարցով քննարկում է տեղի ունենում, եւ հետո պարզվում է՝ մարդուն ազատում են աշխատանքից։ Ինչո՞ւ, ի՞նչ են ուզում կանխել, սրանով արդյոք մեսիջ չե՞ն հղում, որ այսուհետ ցանկացած պաշտոնյա պատգամավորների հետ հանդիպմանը պետք է զգուշավոր լինի իր հայտարարություններում, այլապես իրեն էլ կազատեն։

- Ավագյանն իշխանություններին  քննադատեց, Արցախի իշխանություններն ինչի հետ համաձայն չէին, որ նրան ազատեցին։

- Մի օր որ հանդիպենք, անպայման պարզաբանում կտան։ Իսկ այսօր ամենակարեւորն այն է, որ սկսենք մեր նախաձեռնած գործընթացը եւ այն առաջ տանենք։

- Աղմուկի մեջ երկրորդ պլան մղվեց երեկվա հանդիպման նպատակը, դուք ցանկանում եք գերիների հարցով զբաղվող աշխատանքային խումբ ձեւավորել, չէ՞ որ կա գերիների հարցով զբաղվող հանձնաժողով։

- Մեր նպատակը գերիների վերադարձի գործընթացին աջակցելն է։ Հաջորդ քայլը լինելու է Արցախ այցը, որից հետո կհասկանանք, թե ինչ թիմով պետք է խումբը ձեւավորվի։ Ես վստահ եմ, որ իշխանությունների գործողություններն էլ ուղղված էին այդ խմբի գործունեության կասեցմանը, ես Ձեզ վստահեցնում եմ, որ իրենք չեն հաջողելու, խումբը ձեւավորվելու է, եւ ի պատասխան իրենց քայլերի՝ ես Բորիս Ավագյանին առաջարկել եմ իմ օգնականը դառնալ, որպեսզի ակտիվ շարունակենք գործընթացը։ Հույս ունեմ՝ Ավագյանը չի մերժի։
Ինչ վերաբերում է Ձեր մատնանշած հանձնաժողովին․ եթե կա նման հանձնաժողով, բայց այստեղ տեղյակ չեն, որ գեներալ Մուրադովը գնում է Ադրբեջան՝ գերի՞ է բերելու, թե՞ այլ այցով է, ապա այդպիսի հանձնաժողովը չի տիրապետում իրավիճակին եւ չի զբաղվում խնդրով։ Միգուցե հանձնաժողովն աշխատում է, բայց դա չի նշանակում, որ ԱԺ պատգամավորներն իրավունք չունեն այդ հարցով զբաղվելու։ Կզբաղվենք, եթե որեւէ կետում կհատվի մեր գործունեությունը, ավելի լավ, կնշանակի՝ ճիշտ ուղու վրա ենք։ Իսկ այսօր այդ հանձնաժողովն աշխատում է «հույսի» ժանրում, Ալեն Սիմոնյանի հայտարարությունը․․․ չէ՞ որ ասաց՝ հույս ենք ունեցել, որ գերիներ կվերադառնան։ Մեր խմբում լինելու են նաեւ ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչներ։

- Երեկ Ավագյանին ԱԱԾ էին կանչել, սրճարանում վերցրին նրա ծառայողական զենքը, Դուք նրա կողքին էիք, ինչո՞ւ էին ԱԱԾ կանչել։

- Ես տեղյակ չեմ, կարծում եմ՝ պարոն Ավագյանն ինքը կտեղեկացնի, թե ինչու էին կանչել։ Ինչ վերաբերում է զենքը հետ վերցնելուն, այո, մենք նույն սրճարանում էինք, եւ հավատս չէր գալիս, երբ զանգեցին եւ ասացին, որ գալիս են համազգեստն ու զենքը վերցնելու։ Չէի հասկանում՝ նպատակը որն է, ինչու սրճարանում, ինչու այդքան հապճեպ, երբ դեռ ազատման հրամանի տակ Ավագյանը չէր ստորագրել, բայց նրանից զենքն էին հետ ուզում։ Հայտնի քննարկման ժամանակ նա ասաց, որ եթե որեւէ ադրբեջանցի մտնի Ստեփանակերտ, ես իմ անձնական զենքով կգերեվարեմ նրան, երեւի դրանից են վախեցել, որ հապճեպ կարգով եկան զենքի ետեւից։