Պարտության հետ երբեք չհամակերպվող Սոսե Բալասանյանը վազքարշավով հասել էր Շուշիի մատույցներ

Պարտության հետ երբեք չհամակերպվող Սոսե Բալասանյանը վազքարշավով հասել էր Շուշիի մատույցներ

Պատերազմին մասնակցած աղջիկը, երբեք չի հանձնվում ու չի համակերպվում պարտության հետ: Սոսե Բալասանյանին ճանաչում են ամբողջ Արցախում: Սոսեն 44-օրյա պատերազմի մասնակից է, ամբողջ պատերազմի ժամանակ եղել է առաջնագծում: Նա նաև մի շարք սպորտաձևերում միջազգային մրցույթներում մրցանակներ է ստացել՝ ձյուդոյի եվրոպայի ու աշխարհի արծաթե և բրոնզե մեդալակիր է, սամբոյի միջազգային կարգի սպորտի վարպետ, գոտիներով ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր: Նախօրեին՝ մայիսի 8-ին, Սոսեն միայնակ վազքարշավով Ստեփանակերտի հուշահամալիրից հասել էր Շուշիի մատույցներում գտնվող տանկ-հուշարձան: Վազքարշավի նպատակի, խորհրդի, մայիսի 9-ի ու այլ թեմաների շուրջ զրուցեցինք Սոսե Բալասանյանի հետ:  

-Սոսե նախ շնորհավոր մայիսի 9: Տարիներ շարունակ մեզ համար այդ օրը մեծ խորհուրդ ուներ` նշում էինք եռատոնը, մեր ամենամեծ հաղթանակներից մեկը՝ Շուշիի ազատագրումը: Ի՞նչ խորհուրդ ունի այն Ձեզ համար:

- Մայիսի 9-ը իմ ապրելակերպի մեջ առավել է, քան տոն, այն իմ կյանքի ամենանշանակալից օրն է: 28 տարի շարունակ տոնել եմ այն, դեռևս մանկուց հորս գրկում Շուշիում եմ տոնել այն՝ խոնարհվելով մեր հերոսների առջև և շնորհակալ լինելով առ Աստված, որ մենք ունենք հաղթական խաղաղություն:

- Ինչ եք կարծում՝ Շուշիի կորուստը պետք է փոխի՞ մայիսի 9-ի նշանակությունը մեր կյանքում:

- Շուշիից է սկսվել Արցախի ազատագրումը: Այն հիմք է դրել ոչ միայն Արցախի՝ այլև ամբողջ հայ ազգի անվտանգությանն ու հաղթական խաղաղությանը: 2 տարի է ինչ Շուշին հանձնվել է թշնամուն, բայց մենք ունենք հաղթանակի հիշուղություն, որը չպետք է երբևէ մոռացվի և հաղթանակը ու այդ տոնը հավերժ պետք է լինի ոչ միայն հայ ազգի հիշողություններում, այլև՝ որպես տոն մեր կյանքի մաս պետք է լինի, քանի որ անկախ այսօր իրավիճակից ու հանգամանքներից, անկախ նրանից, որ Շուշին դավաճանաբար հանձնվել է թշնամուն, մենք ունեցել ենք հաղթանակներ, որոնք վերածվել էին տոնի ու մենք պարտավոր ենք այն միշտ պահել, քանի որ այն մեզ փոխանցվել է մեր նահատակների արյան գնով: Համոզված եմ, որ մենք դեռևս հաղթանակներ կնշենք Շուշիում:

- Գիտենք, որ Դուք մայիսի 8-ին Ստեփանակերտի հուշահամալիրից վազքարշավ եք կատարել դեպի Շուշիի մատույցներում գտնվող տանկ-հուշարձանի մոտ: Ի՞նչ էր խորհդանշում Ձեր այդ քայլը, ինչի՞ն էր ուղղված այն:

- Ես ուխտ ունեմ պահած իմ սրտում՝ ի փառք ու խոնարհում Արցախի ազատագրման ու պաշտպանության բոլոր գոյամարտերում նահատակված ու սրբացած մեր հայորդիների: Նրանք իրենց կյանքը նվիրաբերել են հանուն հայրենիքի, հանուն մեր բոլորի կյանքի իրավունքի: Շուշիի ազատագրումը սկսվել է հենց մայիսի 8-ին, որին իր մասնակցությունն է ունեցել նաև իմ հայրը՝ իր մարտական ընկերների հետ: Հայրս ու նրա ընկերները Շուշիի մատույցներում՝ տանկ-հուշարձանից մի քիչ վերև ընկած հատվածում, անհավասար մարտում թշնամու զինտեխնիկա ու մեծ քանակությամբ կենդանի ուժ են ոչնչացրել, որտեղ հայրս ծանր վիրավորվել էր, իսկ իր եղբայրը ու մարտական ընկերները զոհվել էին: Այդ վայրում խաչքար է տեղադրված ու ես ամեն տարի կրոսավազքով գնում էի խոնարհվում այդ խաչքարի առջև: Ի դեպ, այն այսօր ցավոք սրտի գտնվում է թշնամու ուղիղ նշանառության տակ ու թշնամու դիրքը, ինձ համար սրբազան այդ վայրից, ընդամենը 50-100 մ հեռավորության վրա է գտնվում, սակայն դա ինձ չի վախեցնում և չի կարող ետ պահել ինձ իմ ուխտից: Ուստի ես այն  շարունակում եմ, նաև թշնամուն ապուցուցում, որ մենք ոչ միայն նրանցից չենք վախենում, այլև՝ նոր հաղթանակներ ենք կերտելու ու ազատագրելու ենք մեր հողերը:

- Սոսե ջան, մի առիթով Դուք ասել էիք, որ անցած տարի Ձեր ուխտը կատարելիս թշնամին փորձել է սադրել Ձեզ: Կպատմե՞ք այդ մասին և, արդյո՞ք, այս անգամ ամեն ինչ նորմալ է անցել:

- Անցած տարի մայիսի 8-ին, երբ մեր Շուշին արդեն հանձնվել էր թշնամուն, ես որոշեցի ետ չկանգնել իմ ուխտից ու իմ համոզմունքներից և շարունակել այն, ինչին տարիներ շարունակ նվիրված եմ եղել: Եվ ի խոնարհումը մեր նահատակների ու ի փառս մեր ապագա հաղթանակների՝ կրկին վազելով հասել էի նշված խաչքարի մոտ, չնայած, որ ինչպես նշեցի, թշնամին գտնվում էր խաչքարից շատ մոտ, ինչը որևէ կերպ ինձ չի կարող ետ պահել ու առավել ևս վախեցնել: Բայց երբ ես հասա այդ վայրը, թշնամին նկատելով ինձ, փորձում էր հոգեբանորեն ճնշում գործադրել ինձ վրա՝ գոռում էին, Ալլահ ագբար էին կանչում, բայց ես արհամարհելով նրանց խաչակնքվեցի, ձեռքերս վեր պարզելով առ Աստված՝ բարձր գոռացի «Արցախը մերն է, Շուշին մերն է»: Այս տարի որևէ միջադեպ չէր եղել, միգուցե մառախուղի պատճառով, քանի որ այդ վայրում թանձր մառախուղ էր այս տարի ու թշնամին տեսանելի չէր:

- Գիտենք նաև, որ Դուք անմիջականորեն մասնակցել եք 44-օրյան պատերազմին, ընդ որում, հենց առաջմագծում: Կպատմե՞ք այդ մասին: Ինչպե՞ս որոշեցիք մեկնել առաջնագիծ: Որպես աղջիկ դժվա՞ր չէր Ձեզ համար։

- Սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեց պատերազմը, գտնվում էի Երևանում: Առավոտ շուտ լուրը լսելով՝ անմիջաապես հասա Արցախ: Եկա մեր տուն ու, ստանալով ծնողներիս օրհնանքը, ասացի, որ մեկնում եմ ռազմաճակատ: Չնայած որ անհանգիստ էին ծնողներս, բայց չփորձեցին ինձ հետ պահել իմ մտքից ու օրհնեցին ինձ և ես անմիջապես շտապեցի ռազմաճակատ: Մինչև վերջ մնացել եմ դիրքերում՝ նույնիսկ երեք օր ուշ եմ իջել դիրքերից: Ամեն ինչի պատրաստ էի՝ նույնիսկ զոհվելուն, որպեսզի հասնեինք հաղթական խաղաղության: Երբ նոյեմբերի 9-ին ստորագրվեց պարտության կապիտուլացիոն փաստաթուղթը, ես չէի համակերպվում պարտությաան հետ, նույնիսկ չէի ուզում իջնել դիրքերից ու երեք օր ավել մնացի այնտեղ: Ես գտնվում էի Ակնայի ուղղությամբ ու մինչև վերջ պահել ենք մեր դիրքերը, սակայն կապիտուլացիոն փաաստաթղթով նաև մեր արյան գնով պահված դիրքը հանձնվեց թշնամուն: Դա ինձ համար ու ոչ միայն ինձ համար, այլև՝ Արցախը պաշտպանող շատ հայերի համար՝ անկախ նրանց բնակվելու վայրից,  մահվանից էլ ավելի մի բան էր:

- Այսօր Արցախը գտնվում է դժվարին իրավիճակում, անորոշ ապագա ու անհասկանալի իրավիճակ: Ի՞նչ եք մտածում այդ մասին:

- Ցավոք սրտի, մարդիկ միայն կորցնելուց հետո գիտակցեցին, որ մեր հերոսները իզուր չէին բարձրաձայնում, որ Արցախը հայոց դարպասն է, տեղին է հիշել նաև Մոնթեի խոսքերը՝ «Կորցնելով Արցախը, մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»: Բայց քանի որ մենք հավատ ունենք առ Աստված ու առ Հայրենիք, մենք չենք համակերպվում կորցնելու հետ ու իրավունք չունենք համակերպվել: Պետք է պատրաստվենք նոր ազատագրական պայքարի ու հարատև հաղթանակներ կերտենք՝ արժանապատիվ խաղաղության հասնենք, որպեսզի հայ ազգը հարատև ապրի:

- Ի՞նչ ունեք ավելացնելու:

Հայ ազգ, Հայաստան, Արցախ, Սփյուռք, խնդրում եմ Ձեզ՝ նորից ոտքի կանգնեք, միավորվեք, որպեսզի հաղթենք ներքին ու արտաքին թշնամուն, ազատվենք մեզ պարտության տարած իշխանություններից: Մայիսի 9-ին միշտ հաղթանակներ ենք նշել, 2 տարի է, ինչ կորցրել ենք մեր հաղթանակները, խնդրում եմ՝ նորից միացեք, որպեսզի հաղթենք կրկին, որպեսզի հաղթենք մեր ներքին թշնամիներին՝ դավաճաններին, սրբապիղծներին, որպեսզի կարողանանք կռվենք ու հաղթենք մեր արտաքին թշնամուն:


Վահե Հարությունյան
Ստեփանակերտ

Սոսե Բալասանյանի ուղերձը Շուշիի տանկ-հուշարձանից տեսանյութում: