Իրավաբան գիտնականի քողի ներքո համակարգ են սողոսկել արդարադատության հետ աղերս չունեցող անձինք

Իրավաբան գիտնականի քողի ներքո համակարգ են սողոսկել արդարադատության հետ աղերս չունեցող անձինք

Բարձրագույն դատական խորհուրդը վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է 9 անձի թեկնածություն։ Ուշագրավ է, որ գեթ մեկ օր դատական իշխանությունում չաշխատած փաստաբաններ Գեւորգ Գյոզալյանը եւ Արթուր Դավթյանն ընտրվել են վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորներ: Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը «Հրապարակի» հետ զրույցում նշում է, որ նման ընտրությունը խոսում է միմիայն քաղաքական շահեր հետապնդելու մասին: Նրա պնդմամբ` օրինակ Գեւորգ Գյոզալյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան փաստաբանն է, իսկ Լիպարիտ Մելիքջանյանն իջեւանցի է, վարչապետի մանկության ընկերն է, եւ, ըստ փաստաբանի` դատավոր դառնալու նրա միակ արժանիքը թերեւս սա է:

- Բարձրագույն դատական խորհուրդը վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորներ է առաջադրել մարդկանց, ովքեր փաստացի գեթ մեկ օր իրենց գործունեության ընթացքում դատավոր չեն աշխատել: Որքանո՞վ է օբյեկտիվ այս ընտրությունը:

- Ես կառաջարկեի ոչ թե սեւեռվել այն հանգամանքի վրա, որ վերոնշյալ անձինք գեթ մեկ օր դատավոր չեն աշխատել, այլ պետք է փաստել մի շարք այլ, իմ կարծիքով` առավել կարեւոր հանգամանքներ։ Արդյո՞ք անաչառ դիտորդի մոտ, ով պետք է վճռաբեկ դատարան բողոք ներկայացնի, չի կարող ընկալում ստեղծվել, որ, օրինակ, Արթուր Դավթյանին մակագրված վճռաբեկ բողոքը քննվելու է անաչառ պայմաններում, այն պարագայում, երբ Արթուր Դավթյանն առնվազն վերջին չորս տարվա ընթացքում եղել է իշխանական խմբակցության պատգամավոր: Կամ՝ եթե քննվի ընդդիմադիր գործչի կոռուպցիոն բնույթի գործ, եւ նա վճռաբեկ դատարան բողոք ներկայացնի, արդյո՞ք բողոք ներկայացնողը կարող է վստահ լինել, որ գործը քննվում է անաչառ անձի կողմից: Գեւորգ Գյոզալյանն էլ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան փաստաբանն է: Վարչապետի ընտանիքին վերաբերող մի քանի գործեր նա է պաշտպանել, բոլորովին վերջերս էլ Նիկոլ Փաշինյանի շահերն էր ներկայացնում: Հասկանալի է, չէ՞, որ անձը, ով վճռաբեկ դատարան կարող է բողոք ներկայացնել, այս անձանցից չի կարող ակնկալել արդար եւ անաչառ գործի քննություն, մեկ պարզ պատճառով` գործը քննում է Նիկոլ Փաշինյանի ընտանեկան փաստաբանը: Ընդ որում, նշեմ, որ դատարանը ոչ միայն պետք է անկողմնակալ լինի, այլեւ` երեւա հենց այդպիսին: Հենց այս գաղափարախոսությունն է դրված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներում. այն է` դատավորը ոչ միայն պետք է անկախ ու անաչառ լինի, այլեւ` կա հատուկ պահանջ, որ այդպիսին երեւա հանրությանը: Լիպարիտ Մելիքջանյանի միակ վաստակն այն է, որ իջեւանցի է, Նիկոլ Փաշինյանի մտերիմը: Հիմա այս բոլոր հարցերի պատասխանները ստանալուց հետո միայն կարելի է գալ Ձեր այն հարցին, թե որքանով է իրավաչափ՝ դատական իշխանությունում չաշխատած մարդկանցից սպասել որակյալ քննություն` վերջին երրորդ դատական ատյանում: Միանշանակ, այստեղ եւս կան խնդիրներ: Թեեւ Արթուր Դավթյանն ու Գեւորգ Գյոզալյանը նախկին փաստաբաններ են, սակայն ես հակված եմ կարծել, որ փաստաբանի եւ դատավորի մոտեցումները բոլորովին տարբեր են: Մինչեւ 2018 թվականը մենք հասել էինք մի հանգրվանի, երբ դատավորի պաշտոնին հավակնում էին հենց դատավորի օգնականները: Վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնին կարող էր հավակնել առաջին ատյանի դատարանի դատավորը, վճռաբեկ դատարանին էլ վերաքննիչի դատավորները կարող էին հավակնել: Այս կառուցակարգը, որը, ի դեպ, գերազանց աշխատում էր, խաթարվել է այսօր: Խաթարվեց, որովհետեւ այսօր իրավաբան գիտնականի քողի ներքո դատական համակարգ են սողոսկել եւ շարունակում են սողոսկել առհասարակ արդարադատության հետ որեւէ աղերս չունեցող անձինք, ինչը, մեծ հաշվով, դատական իշխանությանը հեղինակազրկում է: Այսօր մենք՝ փաստաբաններս, երբ վստահորդի հետ քննարկում ենք գործը, մենք չենք քննարկում գործի փաստական հանգամանքները: Չենք խոսում կալանքի հիմքերի առկայության մասին, չենք խոսում այն մասին, թե մեղադրանքը հիմնավո՞ր է կամ հիմնավո՞ր չէ, մեր եւ մեր պաշտպանյալների թիվ մեկ քննարկման հարցն այն է, թե գործն ում կմակագրվի: Սա արդարադատության ոլորտի համար առաջին ցուցանիշն է: Հենց այս ամենը խոսում է այն մասին, թե ինչպիսին է մեր արդարադատության որակը, ինչն աղետալի է: Վերաքննության ինստիտուտն այն աստիճան է խեղվել, որ գրեթե վերաքննիչ բողոքներ սկսել ենք առհասարակ չներկայացնել: Նույն իրավիճակը սպասվում է նաեւ վճռաբեկ դատարանում: Հատկապես վարչական պալատում ես՝ ինքս, ողջունեցի Քրիստինե Մկոյանի նշանակումը, որը երկար տարիներ աշխատել է վերաքննիչ դատարանում, դրանից առաջ` առաջին ատյանում, եւ այլն: Նա մշտապես պրոֆեսիոնալ մասնագետ է եղել, նրա մասով որեւէ ասելիք չկա, հրաշալի ընտրություն է:

- Պարոն Կոչուբաեւ, ենթադրվում է, որ, օրինակ, վարչապետի ընտանեկան փաստաբանն ավելի շատ եկամուտ պետք է ունենա, քան, ասենք, վճռաբեկ դատարանի դատավորը: Հիմա ինչպե՞ս է ստացվում, որ փաստաբանը որոշում է թողնել իր մեծ եկամուտները եւ անկախությունն ու դառնալ դատավոր:

- Ես այդ որոշումը եկամուտների տեսանկյունից չեմ դիտարկում: Այո, գուցե նրանք որպես փաստաբան ավելի շատ գումար են վաստակել, սակայն ես նորից եմ կրկնում` այս ամենի տակ տեսնում եմ միայն քաղաքական ենթատեքստ: