Կենտրոնի տնօրենը ոչ թե Արծվիկ Մինասյանի, այլ Արամայիս Գրիգորյանի մարդն էր

Կենտրոնի տնօրենը ոչ թե Արծվիկ Մինասյանի, այլ Արամայիս Գրիգորյանի մարդն էր

Երեկ՝ օրվա վերջում, նախկին պաշտոնյաների քրեական հետապնդման սերիալից հերթական լուրը ստացանք: Քննչական կոմիտեն հարցաքննության է հրավիրել բնապահպանության նախկին նախարար եւ պատգամավոր, Դաշնակցության գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանին՝ մի  մարդու, որը համարվել է զգուշավոր ու ազնիվ գործիչ եւ երբեք չի ասոցացվել կոռուպցիայի հետ: Յուրացումների գործը, որի շրջանակներում հարցաքննվել է Մինասյանը, վերաբերում է «Զվարթնոց ավիաօդերեւութաբանական կենտրոն» ՓԲ ընկերությունում հայտնաբերված չարաշահումներին: Քննչական կոմիտեն, ինչպես պարզվեց այս մարմնի ժամեր անց տարածած հաղորդագրությունից, տվյալներ ունի, որ այս ընկերության տնօրենը 6 երկաթյա բաշխիչ արկղ է ձեռք բերել անհատից՝ «Շիրակ» օդանավակայանի թռիչքուղում տեղադրելու համար, բայց չի տեղադրել: Սակայն փաստաթուղթ է կազմվել՝ ակտ, որի համաձայն՝ այդ արկղերը տեղադրվել են ու հանձնվել շահագործման: Նաեւ, ըստ հաշիվ-ապրանքագրերի, գնվել է 14 խոնավաչափ եւ 15 ջերմաչափ, որոնք առկա են գույքային ցանկերում:

«Այսկերպ ընկերությանը պատճառվել է ընդհանուր 1.060.000 ՀՀ դրամի գույքային վնաս»,- ասված է ՔԿ տարածած հաղորդման մեջ, միաժամանակ շեշտված է, որ Արծվիկ Մինասյանն ընդամենը վկայի կարգավիճակ ունի: «Արծվիկ Մինասյանը որեւէ առնչություն չունի առերեւույթ յուրացման եւ փաստաթղթերի կեղծման հետ: «Զվարթնոց ավիաօդերեւութաբանական կենտրոն» ՓԲ ընկերությունը ստեղծվել է, երբ Մինասյանը եղել է բնապահպանության նախարար, եւ այդ ընկերության ստեղծման, ինչպես նաեւ գործունեությանն առնչվող քննության համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի պարզաբանման համար այսօր Մինասյանը՝ որպես վկա, հրացաքննվել է»։

Քննչական կոմիտեին մոտ աղբյուրը հայտնում է, որ Արծվիկ Մինասյանի կարգավիճակը չի փոխվելու: «Ուղղակի կանչել էին այդ ընկերության հետ կապված բան ճշտելու»,- ասում է նա: 
Չարաշահումները, որոնց վերաբերյալ քրեական գործ է քննվում՝ «Յուրացնելը կամ վատնելը» հոդվածով (Քրեական օրենսգիրք, 179-րդ հոդված), տեղի են ունեցել, երբ «Զվարթնոցի» ավիաօդերեւութաբանական կենտրոնը գլխավորում էր Սարգիս Բարսեղյանը: Նրան պաշտոնի էր նշանակել ՀՀԿ նախկին պատգամավոր Արամայիս Գրիգորյանը, որը բնապահպանության նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Արծվիկ Մինասյանից առաջ: Մեր տեղեկություններով, Արծվիկ Մինասյանը «չուներ» Սարգիս Բարսեղյանի հետ եւ պարբերաբար փորձում էր ազատվել նրանից, սակայն նախկին նախարար Արամայիս Գրիգորյանն աջակցում էր Բարսեղյանին՝ պահելով նրան այս պաշտոնում:

Մենք դիմեցինք նախկին նախարար Արամայիս Գրիգորյանին՝ խնդրելով պատասխանել, թե արդյոք ի՞նքն է ժամանակին նշանակել Բարսեղյանին պաշտոնի եւ ի՞նչ կարծիք ունի կատարվածի մասին: «Արծվիկ Մինասյանին հարցաքննել են, Դուք ինձ ինչո՞ւ եք զանգահարում, ընկերուհի ջան: Ես բացարձակ ոչ մի տեղեկություն չունեմ, որեւէ մեկի հետ կապ չունեմ, Դուք նայեք, համապատասխան նախարարին հարցրեք»,- ասաց նա: Դուք չե՞ք Բարսեղյանին նշանակել այդ պաշտոնին եւ պահել նրան: «Որտեղի՞ց եք այդ բառերը վերցնում, ասում եք՝ պահել եմ, ես ո՞ւմ եմ պահել, չեմ հասկանում»,- ասաց Արամայիս Գրիգորյանը:

Մենք փորփրեցինք համացանցում առկա ծառայությունների մատուցման պայմանագրերը, որոնք կնքել է «Զվարթնոց ավիաօդերեւութաբանական կենտրոնի» տնօրեն Բարսեղյանը, եւ հայտնաբերեցինք, որ 2016 թվականին ավիաօդերեւութաբանական կենտրոնը տարբեր անհատ ձեռներեցների հետ ծառայությունների մատուցման բազմաթիվ պայմանագրեր է կնքել: