Նոր Արամ Դանիելյան չծնվեց, իսկ հինը էլի փող չի տալիս

Նոր Արամ Դանիելյան չծնվեց, իսկ հինը էլի փող չի տալիս

 Արաբկիրի թաղապետարանում փոխըմբռնման մթնոլորտը խաթարված է։ Կոլեկտիվը թաղապետ Արամ Դանիելյանի առաջ, հետագայում նաև քաղաքապետարանում ու ԶԼՄ-ներում  բարձրաձայնեց խնդիրների մասին՝ որ թաղապետը իր աշխատողներին չի վստահում, ամեն չնչին առիթով նկատողություն է տալիս ու ստիպում է բացատրագիր գրել, միանձնյա է որոշում բոլոր աշխատանքային հարցերը, առանց մարդկանց կարծիքը հաշվի առնելու, շատերին զրկել է պարգևատրումներից։ Թաղապետարանում ստորագրահավաք արվեց, բողոքներ գնացին ԶԼՄ-ներ։ Աշխատողները պահանջում էին թաղապետի հրաժարականը, իսկ նա պատասխանում էր, որ հրաժարական չի պատրաստվում տալ, «հրաժարականը չի կարող լինել բանսարկությունների հիմքով»։ 

Թաղապետը փորձեց հարթել հարաբերությունները աշխատողների հետ, անգամ իր ընկերոջը՝  Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թաղապետին՝ Կարեն Հակոբյանին ուղարկեց կոլեկտիվի հետ բանակցելու։ Այս քայլը զարմացրեց արաբկիրցիներին։ «Նման բան չէինք պատկերացնի՝ որ հիմնարկի ղեկավարը ուրիշ հիմնարկից տղա բերի իր աշխատողների վրա», - ասում էին նրանք։ Կարեն Հակոբյանը գնաց Արաբկիրի թաղապետարան, լսեց արաբկիրցիների բողոքները ու խոստացավ, որ Դանիելյանը կփոխվի, որ երկուշաբթի օրվանից կոլեկտիվը անճանաչելի Արամ Դանիելյան կունենա։ Բայց խոստումն այս չկատարվեց։ Երկուշաբթի գործի եկավ նույն Արամ Դանիելյանը։ 

Իրավիճակը լիցքաթափվեց այն բանից հետո, երբ թաղապետը մի քանի ԶԼՄ-ների առաջ ընդունեց, որ աշխատակիցների որոշ պահանջներ արդար են․ «Դրանք հաշվի առնելով որոշում եմ կայացրել, որ պարգևատրումները կտրվեն», - ասել էր թաղապետը։ Ըստ աշխատակիցների, նա նույնիսկ փողերը տալու վերջնաժամկետ էր նշել՝ անցյալ չորեքշաբթի' 22 մայիսի ։ Չորեքշաբթին անցավ, մյուս «շաբթիները» ևս, բայց մարդիկ այդպես էլ փող չստացան։