Անոմալիաների պակաս չկա

Անոմալիաների պակաս չկա

Հայեր, Պուտինը վերջը Հայաստան եկա՞վ, թե՞ չէ…

Սպասեք, մի շտապեք մատներդ վերեւ տնկել: Ես դեռ խելքս լրիվ հետ չեմ տվել, իսկ այսօր պատրաստվում եմ խոսել մի շատ լուրջ երեւույթի՝ անոմալիայի մասին, եւ կարծում եմ՝ դա օգտակար կլինի բոլորիս:
Անոմալիան նորմայից եւ ընդհանուր օրինաչափությունից շեղումն է: Անոմալիան, մեր լեզվով ասած, նույն աննորմալությունն է՝ անկանոնությունը: Անոմալիաներ ամենաշատը հանդիպում են տիեզերքում, բայց դրանք քիչ չեն նաեւ Երկիր մոլորակի վրա, որտեղ ծագել եւ արդեն միլիոնավոր տարիներ շարունակվում է միապաղաղ կյանքը: Մեր մոլորակն իր համար տարին մեկ պտույտ է անում արեգակի շուրջ, օրը մեկ պտույտ՝ իր առանցքի շուրջ, մարդիկ ու անասունները քնում են, արթնանում, ծառերը ծաղկում ու տերեւաթափվում են, բայց անոմալիաներ՝ ինչքան ուզեք:

Երկիր մոլորակի վրա, ես այդպես եմ կարծում, անոմալիաներ գուցե ընդհանրապես չլինեին, եթե չլիներ մարդը: Այդ արարածին Ազատիչը… էս ինչ եմ ասում, է, Արարիչը վստահեց ամեն ինչ, անգամ իր պատկերը ու ընկավ, շատ ներողություն, ք…ը: Եվ անոմալիա էր, որ դրանից հետո սկսեց տեղի ունենալ Երկիր մոլորակի վրա… Ի դեպ՝ ոչ մի անոմալիա անհետեւանք չի մնում, մի անոմալիան ծնում է երկրորդը, սա իր հերթին պատճառ է դառնում երրորդ անոմալիայի, եւ այդ շղթան ձգվում է այնքան, մինչեւ բոլորն են սովորում դրան կամ ճարահատ համակերպվում՝ դա համարելով ճակատագիր: Դիցուք՝ Ձախորդ Փանոսի հեքիաթում հրաշալի են ներկայացված անոմալիաների պատճառահետեւանքային կապերը: Իսկ ինչ վերաբերում է Քաջ Նազարի հեքիաթին, ապա այնտեղ անոմալիաները ներկայացված են արդեն երգիծանքի ժանրում, սակայն դա չի խանգարել, որ այդ հեքիաթը պատմողները պահպանեն անոմալիաների գլխավոր առանձնահատկությունը՝ շարունակականությունը:

Եթե ձանձրացրեցի, կարող եմ կոնկրետ եւ շատ ավելի թարմ փաստերով խոսել: Եվ, ուրեմն, մի փոքրիկ գյուղում մեծ, շատ մեծ հարսանիք էր: Բոլոր կողմերից մարդիկ էին եկել՝ Միջին Ասիայից, Մերձավոր Արեւելքից, Արեւելյան Եվրոպայից, անգամ՝ Հնդկաչինի երկրներից հարսանքավոր կար… Տեսա՞ք, քիչ էր մնում մոռանայի: Ամերիկայից էլ մարդ կար, բաց շշկռել էր ճամփեն եւ հայտնվել էր հարեւան գյուղում, որտեղ նրան եւս ճոխ պատիվներ էին արել, որովհետեւ վաղուց էին ճանաչում այդ ամերիկացուն, հարգում ու սիրում էին՝ որպես իրենց գյուղի անունը բարձր պահող օտարերկրացու: Այդուհանդերձ՝ բուն գործողությունները ծավալվում էին հարսանիքում: Փեսու եւ հարսի բարեկամները նստել էին կարգի համաձայն, գյուղի հարսները սրընթաց երթեւեկում էին ճոխ սեղանների շուրջ, տանում-բերում էին ինչ կար-չկար, բայց էլի մի տեղ հացն էր քչություն անում, մի ուրիշ տեղ՝ արաղը… Թամադան էլ ես էի ու հերթով-կարգով կենացներ էի ասում: Բայց մեկ էլ գյուղապետի քեֆը լավացավ, ու անոմալիաներն սկսվեցին: Պարզվեց, որ նա ներկաներին եւ գյուղի հասարակայնությանն արդեն մի թեթեւ հասկացրել էր, որ այս ամենն իր շնորհիվ է տեղի ունենում, ապա անցել էր ինքնագլուխ գործողությունների, ի մասնավորի՝ սելֆիներ արել կարեւոր հյուրերի հետ՝ չհարցնելով նրանց համաձայնությունը: Այնքան էր «դավադիտ» արել, որ հարսանքավորներից մեկը մոտեցավ ինձ եւ Հնդկաչինի բարբառով հարցրեց. «Քա էդ ախպեր նշանաձը վո՞վ է»:

Գյուղապետն է՝ ասացի ես, սիրում է բոլորին ուրախացնել եւ ադապտացնել իրեն: Հա՛ա՛ա՛, գյուղապե՛ե՛ե՛տ, հասկացա, մեզ մոտ գյուղապետերին քեֆչի Հասան են ասում… Ես շփոթվեցի, բայց արագ հավաքեցի ինձ եւ, մինչեւ խորովածը կբերեին, պաշտոնապես ներկայացրեցի հարսանիքի քավորին, որ նույն ինքը՝ գյուղապետն էր. «Սիրելի հյուրեր, էլ ի՞նչ գյուղական հարսանիք, առանց գյուղապետ-քավորի: Եկեք բարձր ծափերով ողջունենք․ ահավասիկ քավորը՝ յուր տիկնոջ հետ… ծափերը չեմ լսում, ավելի բարձր…»։ Էդ արանքում չմոռացա նաեւ նվագողներին նշան անել՝ մի հատ տուշ…

Իմ կարճ խելքով մտածում էի, որ այդ կենացով ինձ հաջողվեց անոմալիաների առաջն առնել, բայց, ինչպես հետո պարզվեց՝ սխալվել էի: Գյուղում հարսանիքի թամադա լինելու համար պետք է ոչ միայն գյուղապետին լավ ճանաչես, այլեւ գյուղապետարանի աշխատակիցներին: Մեկ էլ Ֆեյսբուքից լուր բերին գյուղ, թե գյուղապետարանի գլխավոր պաշտոնյաներից մեկի օգնականն իր «անհավասարակշիռ» գրառումով խառնել է հարեւան գյուղի անդորրը՝ ոտքի հանելով եղան բռնելու ունակ ողջ ազգաբնակչությանը: Պարզվեց, որ երրորդ բաժակից հետո էդ աշխատակիցը որոշել է ինքնատիպ երեւալ եւ գրել է. «Մինչ մենք այստեղ հարսանիք ենք անում, մի ամերիկացի է եկել հարեւան գյուղ, որ հողերը տալուց առաջ վերջին անգամ տեսնի»: Ես, որպես անոմալիաներ չսիրող թամադա, սկսեցի արագ կարգադրություններ անել, որ այդ լուրը մեր բարձր հարսանքավորների, մեր գյուղապետի եւ հատկապես հարեւան գյուղի բարձրաստիճան հյուրի ականջը չընկնի:

Հաջողվե՞ց դա ինձ, թե ոչ, չգիտեմ, որովհետեւ հենց այդ պահին հերթական անոմալիան տեղի ունեցավ, այս անգամ՝ իմ քթի տակ: Գյուղապետի խոսնակն իր աղերսող հայացքով ինձ նայեց՝ կարո՞ղ եմ մի կենաց ասել: Ասա՝ սխալմամբ թույլ տվեցի ես: Եվ նա սկսեց… Էս բաժակով էլ ուզում եմ խմել մեր գյուղի ու նրա հպարտ հասարակության կենացը, որ իր օրում այս քանակությամբ լիդեր չէր տեսել, բայց այսօր տեսավ մեր գյուղապետի շնորհիվ… Նրա այս խոսքերից ես պայթյունի կանխազգացում ունեցա: Կողքի սեղանից մի մարդ արձագանքեց կենացին՝ սուտ ես ասում, դու մեր գյուղի պատմությունը լավ չգիտես, 2015 թվին, երբ մենք ուրիշ գյուղապետ ունեինք, ավելի շատ էին լիդերները եւ ավելի որակով… Ու մի լեզվակռիվ սկսվեց… Գյուղի հարսները չլինեին՝ սրանք իրար քֆուր-քյաֆար էին անելու… Էդ լեզվակռվի թեժ պահին կրկին ինձ է մոտենում հնդկաչինցի ծանոթս.

- Ո՞վ է այդ մարդը, որ խանգարում է կենացը:

- Մեր գյուղի Պողոսն է, չեք ճանաչի: Բայց նա չի խանգարում, այլ ծաղկացնում է: Մեզ մոտ այդպես են ասում: Խոլորձ տեսել ես, չէ՞, Պողոսը պարզապես ծաղկացնում է…

- Խոլորձը գոռգոռալով չի ծաղկում, ինձ նույնիսկ թվում է, որ ձեր գյուղի Պողոսն այն երիտասարդին ասում է՝ «ֆաք յու»:

Ես անմիջապես անցա պատմությանն ու սկսեցի ծանոթիս համար թվարկել լեռնցի ժողովուրդների բոլոր, այդ թվում եւ գոռգոռալով խոսելու սովորությունները, նշեցի, որ լեռնային երկրներում, որտեղ կապը միշտ վատ է եղել, մարդիկ իրար հետ շփվել են ձորի մի կողմից մյուսը ձայն տալով եւ այլն:

- Բայց այստե՞ղ ինչու է գոռում Պողոսը, մենք նրա կողքին ենք, ոչ թե ձորի մյուս կողմում…

- Այ մարդ, չես հասկանո՞ւմ, ասում եմ՝ սովորություն է… Համ էլ՝ Պողոսը մի քիչ անգրագետ է, պրծա՞նք…

Անոմալիաներն այսքանով չավարտվեցին, իհարկե: Հարսանիքի թունդ պահին մի խումբ գյուղացիներ, որոնց մասին հարսանիքի գլխավոր հյուրն ասել էր՝ դրանց ստեղ չտեսնեմ, պլակատներով եկել էին գյուղամեջ ու աղմկում էին, «սենց-սենց» բաներ էին անում, որ գլխավոր հյուրի քեֆը փչացնեն: Գյուղապետն ինչքան փորձում էր գրավել գլխավոր հյուրի ուշադրությունը, զբաղեցնել նրան իր գեղեցիկ պատմություններով, անկոչների խումբն ավելի էր բորբոքվում: Մի ուրիշ կարգի անոմալիա էր տեղի ունենալու, եթե ես նվագողներին չկարգադրեի կատարել հարսանիքների վերջին երգը՝ «Ես իմ սիրածին առա, տղեք, ձեզ բարի գիշեր»-ը:

Կամաց-կամաց վեր կացանք, սկսեցինք ցրվել: Լիդերներից որը գնաց ուղիղ օդանավակայան, որը՝ իր ծանոթ մեծահարուստի տուն՝ նախորդ գիշերն այնտեղ թողած ճամպրուկները վերցնելու, որն էլ՝ երկրի դեսպանատուն… Ես էլ, որպես արդեն նախկին թամադա, գյուղի առաջին տիկնոջ հետ ընկա գյուղապետի թեւերը, որ տանենք տուն… Լսեմ՝ տիկինը մարդուն ասում է՝ արի, արի, այ մարդ, գնանք՝ մի քիչ քնի, էս ի՞նչ ա քո վիճակը…
Գյուղապետին բարեհաջող տուն հասցնելուց հետո որոշեցի մի քիչ թափառել գիշերային փողոցներով: Հասա գյուղամեջ: Մարդ չկար: Ուտելիքով ու խմիչքով ծանրաբեռնված սեղանները մնացել էին անտեր… Տխուր տեսարան էր: Ճիշտ է ասում Գալուստ Գրիգորիչը՝ հարսանիքը հարսանքավորներով է գեղեցիկ… Սպասիր, բայց ո՞ւմ հարսանիքն էր, Վաղոյի տղո՞ւ… Չէ, Վաղոյի տղեն բանակում է, Լուսիկ տատի թոռա՞ն… Չէ, դա վաղուց էր… Բա ո՞ւմ… Մեկ էլ տեսնեմ՝ Պողոսը ելավ դեմս: Ասի՝ հարցնեմ, բայց նախընտրեցի լռել:

- Կերած-խմածներդ անուշ,- ասաց Պողոսը:

- Մերսի, Պողոս ջան, քոնն էլ,- պատասխանեցի ու շարունակեցի քայլել...
Մտել էի ծուռ մի փողոց եւ հանկարծ հիշեցի, որ խորովածի միսը Պողոսն էր ապահովել՝ չխնայելով սեփական փոքրիկ ֆերման: Հա, բայց Պողո՞սն ինչու էր խոզ մորթել, եթե հարսանիքն իրենը չէր… Մտքերի մեջ ընկած՝ չէի էլ նկատել, որ հասել եմ տուն:

- Այ մարդ, ինչո՞ւ ես մոլորված կանգնել դռանը, տուն արի,- կանչեց կինս,- արի տես էս ինչ է կատարվում գյուղում:

- Ես ամեն ինչ իմ աչքով տեսել եմ, էլ ի՞նչ տեսնեմ…

- Չէ, էս մեկը հաստատ չես տեսել… Սե՛ե՛նց աննորմալ բա՞ն… հարսանիքը շարունակվել է, բայց առանց գյուղապետի:

- Չէ, հա, բա թամադա՞ն ով է եղել…

- Եսի՞մ…

ՀԳ. Արժե՞ մանրամասնել, թե ինչ նոր անոմալիայի մասին էր հաղորդում տալիս կինս…