Քաղաքապետարանը փորձում է միջամտե՞լ ԶԼՄ-ների գործունեությանը

Քաղաքապետարանը փորձում է միջամտե՞լ ԶԼՄ-ների գործունեությանը

Երևանի քաղաքապետարանում որոշել են ձայնագրել բանավոր հարցումներով իրենց դիմող լրագրողներին, քանի որ դժգոհ են նրանցից։ Լրագրողները լավ չեն լուսաբանում քաղաքապետարանի աշխատանքները։ Ասում են, որ հաճախ հարցումներ են անում, սակայն ստանալով պատասխանները, կրճատում են դրանք, կամ խեղաթյուրում են։

«Ձայնագրությունները հրապարակային օգտագործվելու են որպես փաստ և ապացույց՝ բացառապես այն դեպքում, երբ ձեր հրապարակումներում ներկայացված տեղեկատվությունը կլինի խեղաթյուրված կամ, ինչպես վերը նշվեց՝ չի արտացոլի իրականությունը» - երեկ նախազգուշական ստատուս էր գրել քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ 

«Հրապարակի» հետ զրույցում նա ասաց, որ հաճախ պաշտոնյան բովանդակային պատասխան է տալիս, հետո նայում են պատրաստված նյութը, տեսնում են, որ պաշտոնյայից մի տող, մի ինչ-որ նախադասություն է նշված, ու վերջ։ Մնացածը լրագրողների պատկերացումներն են։ «Շատ հաճախ մեզ մոտ գալիս են, «սինքորն» են վերցնում պաշտոնյայից, պաշտոնյան 20 րոպե խոսում է խնդրի մասին` ինչից է ստեղծվել, ինչ աշխատանքներ ենք տանում, և այլն, մեկ էլ վերջում նայում ես նյութը՝ մարդուն կես ժամ խոսացրել է, կես րոպեանոց ռեպորտաժ է տվել, որում երկու ֆրազ է օգտագործել պաշտոնյայից», – գանգատվում է խոսնակը։ 

30 տարվա լրագրողական փորձի բարձունքից Հայկ Կոստանյանին ընդամենը տեղեկացնեմ, որ ԶԼՄ-ն պարտավոր չէ հրապարակել պաշտոնյայի խոսքն ամբողջությամբ։ Կարող են մեկ բառ վերցնել, կամ մեկ տող, կարող են ընդհանրապես չօգտագործել նրա խոսքից եւ ոչ մի բառ, մանավանդ եթե խոսքը բովանդակություն չունի, եւ նյութը կարող են կառուցել սեփական պատկերացումներին համապատասխան։ Լրագրողի հարցերին պատասխանելը, իր աշխատանաժամից նրան մի քանի րոպե տրամադրելը պաշտոնյայի պարտականությունն է, նրա ծառայության մի մասն է հանրությանը իրազեկելը, որի փողերից ինքը սնվում է։ Իսկ եթե լրագրողական նյութում գրված տվյալները, փաստերը չեն համապատասխանում իրականությանը, իր խոսքը խեղաթյուրվել է, պաշտոնյան իրավունք ունի պատասխանով հանդես գալ, հերքում պահանջել և այլն։ 

Հակառակ գործելաոճը, այդ թվում լրագրողին ձայնագրելը, «բռնացնելը» կամ ինչ որ շարադրանք պարտադրելը դիտվում է որպես միջամտություն լրատվամիջոցի քաղաքականությանը եւ լրագրողի աշխատանքին։ Ի դեպ, հանուն արդարության նշենք, որ Հայկ Կոստանյանը չի պատկանում անբարեխիղճ խոսնակների դասին, որպիսիք են հատկապես` վարչապետի խոսնակը եւ մի շարք այլ խոսնակներ։ Ասենք, ՊՆ-ից կամ «Վեոլիաջուր» ընկերությունից ինֆորմացիա ստանալը հրաշքի հավասար մի բան է։ Հայկ Կոստնանյանը միշտ հասանելի է, պատասխանում է հարցերին, ճիշտ է, երբեմն մոռանում է իր խոստումները կատարել` մեզ կապել որեւէ պաշտոնյայի հետ կամ երբեմն հարցերին ձեւական պատասխաններ է տալիս։