Զուտ «հայկական» ուղղագրություն

Զուտ «հայկական» ուղղագրություն

Սեպտեմբերի 27-ին սկսված հայրենական մեծ պատերազմի առաջին իսկ րոպեներից սոցցանցերում, մասնավորապես՝ Ֆեյսբուքում, առաջարկվեց համազգային մի կարգախոս, որ արագ տարածում գտավ՝ Հաղթելուենք։ Մեկ բառի արժեք ունեցող այս բայաձեւը, որ գրվում է առանձին բաղադրիչներով, կարգախոսի հեղինակի կողմից (որքան գիտեմ՝ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի), պատահաբար, թե գիտակցորեն, առաջարկվեց միացյալ գրությամբ, եւ շատ հետեւորդներ հենց այդպես էլ տարածեցին կարգախոսը։

Նույնիսկ զարմանալի էր այն ներքին՝ ենթագիտակցական կռահման համընդհանուր լինելու իրողությունը, որ կոնկրետ այդ պահին (կարծում եմ՝ նաեւ հետո՝ ողջ պատերազմի ընթացքում) «ճիշտ» էր այդ բառի հենց միասնական գրությունը, որն իրենով խորհրդանշում էր նաեւ բոլոր այն հայորդիների միասնականությունը, որոնց միավորել էր ընդհանուր թշնամուն դիմադարձ կանգնելու ազգային հսկա բնազդը, ինչն իրենով ավելին է, քան յուրաքանչյուրիս անհատական գիտակցությունը։ Հաղթանակի գաղափարին, հաղթանակի հավատին մեր ժողովուրդը փարված է այնպիսի ջերմեռանդությամբ, «կպած» է այնքան անքակտելիորեն, որ անհնար է բաժանել այդ երկուսին, ինչպես․․․ Հաղթելուենք բառի բաղադրիչները, բնականաբար՝ «նոր» ուղղագրությամբ։ 

Անշուշտ, մեկնաբանությունը որոշակիորեն էմոցիոնալ է, նույնիսկ սյուրռեալիստական, բոլոր դեպքերում Հաղթելուենք բառի երկու բաղադրիչների միասնական գրության մեջ ես լսում եմ պատերազմական այս օրերի անընդհատ խտացող հեւքը, զգում չափազանց արագացած ռիթմը, որը, փաստորեն, տեղ չի թողնում այդ բաղադրիչների ոչ միայն արտասանական, այլեւ գրային բացակի (պրաբելի) համար։

Եվ ես միլիոնավոր հավատավորներից մեկն եմ՝ Հաղթելուենք։