Կարկատանային տրամաբանություն

Կարկատանային տրամաբանություն

ՀՀ վարչապետի պաշտոնին կառչած անձը «Տրամաբանություն» դիսցիպլինի (ըստ բառարանների՝ գիտության ճյուղ կամ ուսումնական առարկա) առումով նորարարություն է մշակել: Չէ, ավելի ճիշտ՝ մոգոնել: Այն անվանել է կարկատանային տրամաբանություն: Մինչև շարունակելն ասեմ, որ «Տրամաբանություն» առարկան բուհերում անցնում են բարձր կուրսերի ուսանողները: Քանի որ այն բավականին բարդ է և պահանջում է որոշակի պատրաստվածություն, ինչը ձեռք է բերվում բուհական ուսումնառության ընթացքում: Չգիտեմ, Նիկոլն անցել է այդ առարկան, թե ոչ, սակայն վստահ եմ, որ անցնելու դեպքում չէր կրկնի այն, ինչում մեղադրել է նախկիններին: Եվ զարմանալիորեն շարունակում է իր մեղադրանքները: Ինչի հերթական վկայությունը ՀՀ մի շարք մարզերում պարեկային ծառայության գործարկման առիթով պարեկների հետ հանդիպման ժամանակ իր արտասանած ճառն է: «Ամենատարբեր ոլորտներում մեր խնդիրները ԴՆԹ մակարդակում» բնորոշող անձնավորությունը չի գիտակցում, որ մի ողջ վաշտի զինվորներին գոմանման կացարանում ութ ամսից ավելի տեղավորելը հենց կարկատանային տրամաբանության դրսևորում է: 

«Այդ խնդիրները ծագում են կարկատանի տրամաբանությունից դուրս գալու բավարար կամքի բացակայության պատճառով շատ հաճախ», - ասել է Նիկոլը։ Բայց իր մատնանշած «բավարար կամքի բացակայության» մեղավորը հրդեհի դեպքում կա՛մ ինքն է և կա՛մ իր կողմից նշանակված նախարարը: Նախ, այն պատճառով, որ չկարողացավ խանգարել, որպեսզի թշնամին նախորդ տարի ևս ներխուժեր Հայաստանի սուվերեն տարածք: Երկրորդ, չկարողացավ խանգարել, որպեսզի թշնամին չպայթեցներ մի ողջ զորամաս: Երրորդ, չցանկացավ ամանորյա տոնակատարության անցկացման և պարգևավճարների տրամադրման փոխարեն գումարներ հատկացնել նոր զորամասի կառուցման ուղղությամբ: Իսկ եթե գումարների խնդիր չէր եղել, այլ համապատասխան ծախսեր չեն կատարվել, ապա, չորրորդ, դրա պատճառը կա՛մ իր և կա՛մ իր կողմից նշանակված նախարարի անգործությունն է: Եվ այդ ամենը ոչ միայն կարկատանային տրամաբանության, այլև արդեն հինգերերդ տարին գործող իշխանության ԱՊԱՇՆՈՐՀՈՒԹՅԱՆ դրսևորում է: Եթե, իհարկե, բացառում ենք դավաճանական վարքագծի թեզը:

Ինչ մնում է վերը նշված հանդիպման ժամանակ նրա արտասանած ճառի մեկ այյլ հատվածին (ահա այն՝ «Սա բարեփոխում է ոչ թե ոստիկանի համար, սա բարեփոխում է քաղաքացու համար»), ապա այն վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հերթական մանիպուլյացիան է: Քանի որ քաղաքացու համար բարեփոխումը նշանակում է, առաջին հերթին, պարեկային ծառայության թեկնածուների ընտրություն և բավականաչափ ուսուցում: Եվ ոչ թե այն, ինչ տեղի է ունենում այսօր. ով ցանկություն է հայտնում՝ նրան հավաքագրում և կարգում են պարեկ, ինչի արդյունքում պարեկները ոչ թե նոր, այլ նախկիններից ավելի նախկին վարքագիծ են դրսևորում քաղաքացիների հետ հաղորդակցվելիս: Հենց այդ գործընթացն էլ վկայում է, որ ԴՆԹ մակարդակի խնդիրներն ինչպես եղել են, այնպես էլ շարունակում են մնալ և ավելի խորանալ՝ հասնելով սպիտակուցների մակարդակի, քանի որ կարկատանային տրամաբանությունը շարունակում է գերիշխել գործող իշխանության պայմաններում: