Ճակատագրի դաժան ծաղր

Ճակատագրի դաժան ծաղր

Ադրբեջանի զինուժը հերթական սադրանքն է իրականացրել սահմանին, ինչին հետևել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի՝  մեզ ուղղված հոխորտանքի ու ստորացումների հերթական չափաբաժինը: Դրան պատասխանելու փոխարեն ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյան Նիկոլին ընդամենը «հարկավոր են ամուր նյարդեր»՝ վիրավորանքները կուլ տալու համար: Ինքը, բնականաբար, չի ընդունում այդ մեկնաբանությունը, այլ տալիս է սեփականը՝ ամուր նյարդերն անհրաժեշտ են, որպեսզի «մեր երկրի շուրջ ձևավորվի կայուն ու անվտանգ միջավայր»: Ճիշտ է, ինքն ընդունում է, որ առաջնային խնդիրներից մեկը մեր երկրի պաշպանողականությունը շարունակաբար բարձրացնելն է: Բայց, մյուս կողմից, իր հռչակած «խաղաղ զարգացման օրակարգը բացելու համար» առաջին հերթին հենց նյարդերն են կարևորը: Սակայն մենք տեսանք, որ հենց երկրի ներսում «խաղաղ զարգացման օրակարգ» ձևավորելն իր համար կարևոր չէ: Իսկ տեսանք դա «չաքուջային» քարոզարշավով և «պողպատե» մանդատով: Չնայած, որպես տարիքն առած, գրագետ և շատ կարդացած անձնավորություն, ես գիտեմ, որ որևէ երկրի անվտանգության առաջնային նախապայմանը հենց սեփական երկրի ներսում խաղաղ զարգացումն ապահովելն է: Ինչն, իր հերթին, ապահովվում է հասարակության համախմբման (հեղափոխական պոետ Չարենցի ականջը կանչի) և ոչ թե պառակտման միջոցով:

Բայց, ինչպես մենք համոզվեցինք վերջին մի քանի տարում (երեք ամսից կլրանա 4-րդ տարին), այն, ինչ գիտեն գրագետ մարդիկ, հիմնավորում (տվյալ դեպքում ավելի կսազեր ռուսերեն «ասնավանի» բառը) չէ Փաշինյան Նիկոլի համար: Վերջինս առաջնորդվել է և շարունակում է առաջնորդվել իր վտանգավորությունը բազմիցս ապացուցած «սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» կեղծ թեզով: Ինչ մնում է արտաքին «կայուն ու անվտանգ միջավայր» ապահովելուն, ապա թե՛ պարզ տրամաբանությունը և թե՛ փողոցային կյանքը հուշում են, որ դա անելու համար անհրաժեշտ է ունենալ մկանունք՝ մարդկային կամ ռազմական: Մի դեպքում անձնական, մյուս դեպքում միջպետական խնդիրների (իսկ այս դեպքում ավելի կսազեր ռուսերեն «ռազբորկա» ժարգոնային բառը) պարզաբանման համար: Քանի որ դրա բացակայության դեպքում ուրիշ մեկը (էլ չեմ ասում թշնամիները) մեզ համար նման միջավայր չի ձևավորի: 

Ամեն անգամ Իլհամի հոխորտանքն ու Նիկոլի պարտվողական խաղաղասիրական բարբաջանքը լսելիս անկախ ինձանից հիշում եմ «Приключения кота Леопольда» խորհրդային հանրահայտ մուլֆիլմի հերոսների՝ երկու մկների և Լեոպոլդ կատվի «երկխոսությունը». «Леопольд, выходи, выходи, подлый трус. Ребята, давайте жить дружно.»: Բայց քանի որ մերն իսկապես ուրիշ է՝ ապա մեր դեպքում Նիկոլը հանդես է գալիս ոչ թե ուժեղ և խաղաղասեր կատվի, այլ թզաչափ մկնիկների դերում, այն էլ՝ թույլ և խաղաղություն մուրող: Եվ ողջ խնդիրն այն է, որ նրա նշած ճանապարհով «հետևողական շարժվելու» դեպքում մահանում է ոչ թե հենց իր զավակը, այլ անցյալ տարվա հունիսի 20-ին ենթադրաբար իրեն քվե տված «պողոսներից» մեկի որդին: Բայց արտահերթ խորհրդարանական ընտրության քարոզարշավին ընդդիմության կողմից բազմիցս ասվեց, որ Նիկոլի վերընտրությունը ոչ թե խաղաղություն է բերելու, այլ հերթական զոհեր ու գերիներ: Սակայն ասողին միշտ լսող է պետք՝ այն, ինչը միշտ բացակայել և այսօր էլ բացակայում է մեր երկրում: Եվ որպես դրա հետևանք՝ Նիկոլին ձայն տված կամ ընտրությանը չմասնակցած անձանց առումով մեր զավակների կորուստը կարող է համարվել ճակատագրի դաժան ծաղր: 

Հ. Գ. Որպեսզի իմ հոդվածներին անծանոթ մեկը չմտածի, որ «նախկին եմ կամ սև»՝ ասեմ, որ շուրջ 20 տարի ես կռիվ եմ տվել նախկինների դեմ, բայց, հանուն մեր պետականության, 2021 թ.-ի հունիսի 20-ին ձայն եմ տվել ՀՀ երկրորդ նախագահի ղեկավարած դաշինքին: