Վարչապետը խնայողություն է անում

Վարչապետը խնայողություն է անում

Նիկոլ Փաշինյանին սպասարկող զրահապատ Mercedes S-Class-ը, ասում են, խնդիրներ ունի շարժիչի հետ։ Ժողովրդական լեզվով ասած՝ «շարժիչը յուղ է վառում»։ Վարչապետին առաջարկել են, որ նոր մեքենա գնի իր համար, սակայն Փաշինյանը հրաժարվել է՝ ասելով, որ պետք չէ մեքենայի վրա ավելորդ փող ծախսել։ Դրա համար էլ նա հաճախ, հատկապես մարզային այցելությունների ժամանակ, երբ ստիպված է անցնել քարուքանդ ու անբարեկարգ ճանապարհներով, սկսել է օգտվել վարչապետին սպասարկող մեկ այլ մեքենայից՝ BMW X5-ից, որն արտաճանապարհային մոդել է։ Ասում են՝ այս մեքենան էլ մի լավ վիճակում չէ, բավականին հին է։ Կառավարությունից մեքենայի խնդիրների մասին որեւէ մեկնաբանություն չտվեցին, նաեւ չասացին՝ BMW X5-ը զրահապա՞տ է, թե՞ ոչ։ Թեպետ մենք տեղեկացանք, որ սա զրահապատ է։

Նկատենք, որ զրահապատ մեքենաների դեպքում հաճախ է շարժիչի հետ խնդիր առաջանում, քանզի զրահապատվելուց հետո մեքենայի քաշը նկատելիորեն ավելանում է, ինչը մեծացնում է շարժիչի ծանրաբեռնվածությունը՝ դրանից բխող բացասական հետեւանքներով։ Նկատենք, որ Փաշինյանին սպասարկում է այն նույն զրահապատ Mercedes-ը, որը սպասարկում էր Սերժ Սարգսյանին։ Կառավարությունից ասացին, որ Սերժ Սարգսյանին այժմ պետությունից հատկացվել է Toyota Camry մակնիշի ավտոմեքենա՝ 154 LL 50 պետհամարանիշով։ Վերջինս, սակայն, որքանով հասցրել ենք նկատել, Փաշինյանի նման օգտվում է Mercedes S-Class-ից, ոչ թե կառավարության հատկացրած Toyota Camry-ից: