Լսողության խնդիրներ ունեցող երեխաների ծնողների համար կարևոր է ունենալ 2՝ հատուկ և հանրակրթական դպրոց

Լսողության խնդիրներ ունեցող երեխաների ծնողների համար կարևոր է ունենալ 2՝ հատուկ և հանրակրթական դպրոց

Լսողության խնդիրներ ունեցող երեխաների հատուկ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Բադալյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսին կարծիք հայտնեց, թե ինչ  ճանապարհով էլ գնա կրթության և գիտության նախարարությունը՝ վերածելով այլ հատուկ դպրոցները հատուկ կարիքներ ունեցող ՊՈԱԿ-ների աջակցության կենտրոնների, միևնույն է՝ իրենց դպրոցը չի կարող և չի լուծարվի։

«Մեր հատուկ դպրոցը տալիս է կրթություն, պարզապես մենք ունենք հատուկ մեթոդներ, միջոցներ, մեր կրթահամալիրը կազմակերպում է կրթությունը ժեստերի լեզվով։ Սա շատ կարևոր է, որովհետև կան երեխաներ՝ չլսողների ընտանիքներից են, և իրենց համար միակ և բնական հաղորդակցման միջոցը ժեստերի լեզուն է, և կարևոր է, որ այս երեխաների համար լինի կրթօջախ, որտեղ կարող է կազմակերպվել այս միջոցով իրենց կրթությունը։ Կան երեխաներ, որոնք դպրոցի շեմին չունեն խոսքի զարգացում կամ ոչ այն աստիճանի, որ լիարժեք յուրացնեն հանրակրթական ծրագիրը։ Սա ամենաբարդ ընտրությունն է ծնողների համար։ Եվ պետք է լինի 2 դպրոցների գոյության իրավունք, որովհետև, երբ ասում ենք, որ ծնողն իրավունք ունի ընտրելու՝ հանրակրթական դպրոց տանե՞լ երեխային, սա նշանակում է, որ ծնողը կարող է նաև ընտրել հատուկ դպրոցը»,- ասում է տնօրենը՝ նշելով, որ իրենց դպրոցն այն դեպքն է, երբ իսկապես ապահովում է առանձնահատուկ համայնքի կրթություն ստանալու իրավունքը։

Ներառական կրթության համընդհանուր ներառման մոդելի ներդրման  գործընթացը, ըստ տնօրենի պաշտոնակատարի, նոր չէ, սկսվել է 2016-ին, հիմա շարունակվում է, ուղղակի նախարարությունը մի քիչ ոչ շտապողական է եղել այս հարցում։ Ոչ շտապողական լինելը, ըստ Լուսինե Բադալյանի, պայմանավորված էր հենց ռիսկերի նվազեցման միտումով։ Իրականում ոչ միայն կրթության և գիտության, այլև աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների կողմից նախքան այս ձևին անցնելը իրականացվել են մի շարք բազմակողմանի հետազոտություններ՝ հասկանալու, թե արդյոք հատուկ դպրոցներում կա՞ն երեխաներ, որոնք հայտնվել են սոցիալական կարգավիճակից, ոչ թե խնդրից ելնելով։ Այսինքն, որ գիշերօթիկ դպրոցներում կարողանան սնվել, քնել և այլն։ 

«Եվ եթե այդպիսիք կհայտնվեն, ապա նրանց սոցիալական կարիքի լուծման հարցերն արդեն իր վրա կվերցնի համապատասխան գերատեսչությունը։ Իսկ բազմակողմանի հետազոտության նպատակն է՝ պարզել, թե արդյոք բոլորի համար կգտնվի՞ ճիշտ լուծում, արդյոք բոլոր երեխաները կլինե՞ն համապատասխան դպրոցներում, և արդյոք բոլոր ուսուցիչները պատրաստ կլինե՞ն մեր բալիկներին՝ կրթական առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ընդունել»,- ասում է Լուսինե Բադալյանը։

Նա այս ծրագիրն արդարացված է համարում, մասնավորապես պայմանավորված «բալիկների՝ ընտանիք վերադառնալու» հանգամանքով ևս։ Այսինքն՝ հատուկ դպրոցից վերադառնալ ընտանիք և ընտանիքի հետ, իր համայնքում փորձել ստանալ արդյունավետ կրթություն։

Որքանո՞վ է պատրաստ հանրակրթական դպրոցը, աշակերտները՝ ընդունել առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաներին։ Լուսինե Բադալյանն ասում է, որ մանկական հասարակությունը շատ ավելի բաց է, քան մեծերինը, ինչն ամենևին չի նշանակում, որ միշտ երեխայի կարիքը ճիշտ է լուծվում, և միշտ հասարակությունը պատրաստ է լինում ընդունել այս երեխաներին՝ «լավագույն մոդելով»։

Կոնկրետ լսողության խնդիրներ ունեցող երեխաներին ընդունելու պատրա՞ստ է հանրակրթական դպրոցը։ Տնօրենի պաշտոնակատարն ասում է, որ ամեն ինչ կախված է դպրոց գնալու պահին երեխայի խոսքի զարգացման մակարդակից։

Քանի որ այսօր ՀՀ-ում իրականացվում է լսողության նորածնային սկրինինգ, ինչը վաղ ախտորոշման և վաղ աջակցության  հնարավորություն է տալիս, արդյունքում՝ այս ուղին անցած երեխաներից շատ շատերը պատրաստ են գնալ հանրակրթական դպրոց՝ սովորական պայմաններում կրթություն ստանալու համար։ 

Ներկա պահին լսողության խնդիրներ ունեցող երեխաների դպրոցում 100-ից ավելի աշակերտ է սովորում։ Նախկին շրջանավարտներից շուրջ 10 հոգի սովորում է բուհերում։ Բարձրագույն բուհական, հետբուհական համակարգի ինտեգրում, ուսում արտերկրում, լավ, ըստ մասնագիտության վարձատրվող աշխատանք․ մեր այն հարցին, թե այս ամենը հասանելի՞ է լսողության խնդիրներ ունեցող անձանց, դպրոցի տնօրենն արձագանքեց, որ դժվար է հարցին այդ տեսանկյունից մոտենալ, որովհետև նույնպիսի խնդիրներ ունեն նաև լսողները։ Բայց ասաց, որ կան երեխաներ, որոնք հետագայում ծրագրավորման գրասենյակներ են բացել, կան, որ ընտրել են արվեստ, մշակույթ, օրինակ՝ աշխատում են Մնջախաղի թատրոնում։