Քաղաքականություն

Հայ քաղաքական մտքի «հսկաները» ծաղրի առարկա են դարձնում մեզ բոլորիս և մեր երկիրը

Հայ քաղաքական մտքի «հսկաները» ծաղրի առարկա են դարձնում մեզ բոլորիս և մեր երկիրը

Պատկերացնում եմ, թե ինչ բարձր ծիծաղ է բարձրացել Բաքվում` այն բանից հետո, երբ թունդ պացիֆիստական «թավշյա» հայկական իշխանությունն առաջարկել է ստեղծել «Հայաստանի և Ադրբեջանի միջև սպառազինությունների փոխադարձ վերահսկողության» մեխանիզմ, կամ` երբ լուրջ դեմքով հայտարարում են, որ Ալիևի վերջնագրերից հետո այնուամենայնիվ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակվում են «բնականոն հունով»։
Դա շատ ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ:

Ընդհանրապես ափերը կորցրած բռնապետ Ալիևին ուղղված «ոչ բռնի, թավշյա» պատասխանները բազմաթիվ հարցեր են առաջացնում հայաստանյան իշխանությունների ադեկվատության առումով, բայց փաստը մնում է փաստ։
Արձանագրում ենք հազարերորդ անգամ, Հայաստանի իշխանությունները նախանձելի համառությամբ իսպառ հրաժարվում են (կամ պարզապես իրենց արգելել են) ընդունել այն փաստը, որ թուրք-ադրբեջանական տանդեմը՝ ի դեմս անդրկովկասյան թաթարների առաջնորդ Ալիևի չի ցանկանում, չի կարող և չի էլ գնա հայերի հետ տարածաշրջանային կայունության տեսանկյունից  ինչ-որ շոշափելի քայլերի։

Քանզի Ալիևի և նրա թուրք-իսրայելական «հայրիկի և մայրիկի» խնդիրը միանգամայն կոնկրետ և հասկանալի է, տարածաշրջանում հայկական էթնո-քաղաքական գործոնի տոտալ չեզոքացումը, անկայունության գոտու տեղափոխումն Իրանի ուղղությամբ։ Ընդ որում, ադրբեջանցիներն իրենց նպատակների մասին գոռում են շուրջօրյա ռեժիմով։

Հետաքրքիր է, կա՞ արդյոք որևէ մեկը, ով անկեղծորեն կարծում է, որ Ադրբեջանը զինվում է հայկական հիպոթետիկ ագրեսիան կանխելու համար։ 

Կամ միգուցե Զանգեզուրի միջանցքի մասին ալիևյան երազանքները, Հայաստանը քոչվոր թյուրքերի ցեղերով բնակեցնելը կամ Հայաստանի ամբողջ տարածքի նկատմամբ հավակնությունները «կողմերի միջև անվստահության» հետևա՞նք են։

Միայն իսպառ անադեկվատ, իրականությունից կտրված մարդը կարող է ենթադրել, որ «կառուցողական առաջարկների» միջոցով կարելի է հայ-ադրբեջանական բանակցություններում իրավիճակը բերել խաղաղության դաշտ։

Հայկական ներկայիս իշխանությունը կրկին մեզ խաբեց` երբ երեք տարի (գրողը տանի` երեք տարի) «սիրելի ժողովրդին» ասում էր, որ Արցախին դավաճանելու, Հայաստանի ռազմավարական տարածքները հանձնելու գնով (Գորիս-Կապան մայրուղին, հուսով եմ, չենք մոռացել), պետական ու ազգային շահերը մսխելով` կարելի է հասնել նրան, որ թուրքերն ու անդրկովկասյան թաթարները մեզ հանգիստ կթողնեն։ 
Մի՞թե հասկանալի չէ, որ Արցախյան ազատագրական շարժման պատճառը նախ և առաջ թուրքերին Հայաստանը մասնատել չթողնելու ձգտումն էր։ 

Հայ բանահյուսության մեջ կա «չէ մի չէ` թան չէ բրդած մածուն» արտահայտությունը, իմաստային տարբերակով դա նշանակում է, որ ցանկություններդ պետք է համադրես իրականության հետ, այլ ոչ թե իրականությունից կտրված  վարդագույն երազանքների հետ։
Այս կոնկրետ դեպքում մենք ունենք մի իրավիճակ, երբ հայ քաղաքական մտքի «հսկաները», իրենց աբսուրդային հաշվարկներն ինչ-որ կերպ արդարացնելու ձգտումով, համընդհանուր ծաղրի առարկա են դարձնում և իրենց, և մեզ բոլորիս, և ամենավտանգավորը՝ մեր երկիրը։

Արման Աբովյան

Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image