Ինչ փոխեց 2022-ը Հայաստանի շուրջ եւ Հայաստանում 

Ինչ փոխեց 2022-ը Հայաստանի շուրջ եւ Հայաստանում 

Հայաստանի շուրջ 2022-ը փոխեց համարյա ամեն ինչ: Աշխարհաքաղաքական տեղաշարժի իր խորությամբ, մասշտաբով եւ հեռագնա հետեւանքներով 2022-ը համեմատելի է միայն 1856-ի հետ: Ո՛չ Արեւելյան Հայաստանում, ո՛չ Արեւմտյան Հայաստանում 1856-ին նշանակալից ոչինչ չի պատահել, մեր պատմության տարեգրության մեջ այդ տարեթիվը տեղ չունի: Սակայն մեր շուրջը 1856-ին կատարված իրադարձություները բացեցին մեր պատմության ամենասեւ շրջափուլը, որին մաս կազմեցին ե՛ւ աբդուլ-համիդյան կոտորածները, ե՛ւ հայոց ցեղասպանությունը, ե՛ւ Սեւրի դաշնագրի վիժեցումը, ե՛ւ Հայաստանի խորհրդայնացումը, ե՛ւ եթե իրերն իրենց անունով կոչենք` 20-րդ դարի 90-ականաներին երկու-երեք տասնամյակ տեւած ղարաբաղյան ճգնաժամը: 2022-ին այդ սեւ շրջափուլը կարծես ավարտվում է: Ինչպես այն սկսվել էր առանց մեր իմացության կամ մասնակցության` 1856-ի Ղրիմյան պատերազմով, այնպես էլ ավարտվում է առանց մեր մասնակցությամբ` 2022-ի Ղրիմի շուրջ հյուսվող ռուս-ուկրաինական պատերազմով:

Իհարկե, ռուսներին Արեւելյան Հայաստան հրավիրողը դեռ 18-րդ դարի սկզբներից եղել են ղարաբաղցիները: Այդ նրանք էին 300-տարի առաջվանից Իսրայել Օրու դեմքով ռուսական կայսրությանը Արեւելյան Հայաստան բերելու սազանդարություն անում: Դժվար է պնդել, որ եթե Իսրայել Օրու եւ ղարաբաղցիների հրավերները չլինեին, ռուսական կայսրերը ինքնուրույնաբար Պարսկաստանի հետ պատերազմի չէին բռնվի եւ Արեւելյան Հայաստանում իրենց իշխանությունը չէին տարածի: Այդուհանդերձ մինչեւ 1856թ. որքան էլ ռուսները իշխանություն էին հաստատել Արեւելյան Հայաստանում, նրանց գոյությունը կամ չգոյությունը արեւմտահայության եւ վերջնահաշվում հավաքական հայության համար նշանակություն չուներ: 

Իրերի վիճակը փոխվեց 1856թ-ին: 1853-ին սկսված Ղրիմյան պատերազմը Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի միջամտության արդյունքում 1856-ին ավարտվեց ռուսական նավատորմի կատարյալ ջախջախումով, ինչից հետո ցարական արքունիքում գիտակցեցին, որ Արեւմտյան տերությունները Ռուսաստանին երբեք թույլ չեն տա Կոստանդնուպոլիսը գրավել եւ Բոսֆոր-Դարդանելով դեպի Միջերկրական ծով դուրս գալ: Որպես հետեւանք ռուսները սկսեցին մտմտալ Արեւմտյան Հայաստանի տարածքով Միջերկրական ծով դուրս գալու մասին, եւ ծայր առան Արեւմտյան Հայաստանի հանդեպ ռուսական հավակնությունները:

1856-ից ի վեր Ռուսաստանի մտքում միշտ էլ պտտվել է երբեւէ Միջերկրական ծով հասնելու գաղափարը, ինչի միակ պոտենցիալ ուղին Արեւմտյան Հայաստանի տարածքն է: Դրա համար էլ, ինչ իշխանություն էլ Ռուսաստանում լիներ, նրան հարկավոր էր, որ Հայաստանը ինտեգրված չլինի Եվրոպային, քանի որ եվրոպական ներկայությունը շրջանցել ռուսները երբեք չեն կարող: Եւ երկրորդ` Ռուսաստանին հարկավոր էր լինել հայկական պետության դաշնակցի դերում, որպեսզի հայության իրավունքների կարգախոսով` հարմար ժամանակ, հարմար իրավիճակում կարողանա հասնել Արեւմտյան Հայաստան եւ Միջերկրական ծով: Երկրորդ համաշխարհայինի տարիներին փորձել են դա անել, չէ՞: 

Թուրքերին էլ նույն կերպ հարկավոր է, որպեսզի Արեւմուտքը կանգնած չլինի Հայաստանում, որպեսզի ըստ իրենց հաշվարկների մի օր, երբ ռուսները թուլանան, իրենք կարողանան տարածվել դեպի Ռուսաստանի ինքնիշխանության ներքո գտնվող թյուրքաբնակ անդաստաններ: Թուրքերին թվում է, որ մի օր իրենք կարող են Ռուսաստանին հաղթել, կամ Ռուսաստանի փլուզումից օգտվել, մինչդեռ Եվրոպայի եւ Արեւմուտքի դեմ երբեք եւ ոչինչ չեն կարող անել: Հայաստանում եվրոպական ներկայության խափանելն է մինչեւ 2022թ. միավորել այլապես իրար միս կրծող եւ արյուն հեղեղ ռուսներին եւ թուրքերին` ընդդեմ Հայաստանի շահերի եւ հայության:  

1856-ին սկզբնավորված այս աշխարհա-քաղաքական իրականությունը շարունակվում էր մինչեւ 2022թ. երբ Ուկրաինայի վրա ՌԴ հարձակման մի հետեւանքը եղավ Պետրոս Մեծի` դեպի Եվրոպա բացած պատուհանի գործնականում փակվելը Ռուսաստանի համար: Դա իր հերթին շղթայաբար բերեց բլոր երեք` Բալթիկ, Սեւ եւ Միջերկրական ծովերի առչությամբ Ռուսաստանի 200-ամյա դիրքավորման եւ հավակնություների փոփոխության` Հայաստանի համար անմիջական արդյունքներով: 

Պետրոս Մեծի պատուհանի փակվելը 

Ինչպե՞ս էր պատահել, որ 19-րդ դարի սկզբներից Ռուսական կայսրությունը սկսել էր մտմտալ Միջերկրական ծով ելք ունենալու մասին, եւ Կոստանդնուպոլսից հույսը կտրելով հայացքը դեպի Արեւմտյան Հայաստան էր դարձրել: Դա եղել էր նրանից հետո, երբ ռուսական Պետրոս Մեծ կայսրը տարածքներ էր նվաճել Բալթիկ ծովի ափին եւ «պատուհան էր բացել դեպի Եվրոպա», Եկատերինա II կայսրուհին եւ կոմս Պոտյոմկինն էլ նվաճել էին Ազովի ծովը, Ղրիմի թերակղզին, Սեւ ծովի հյուսային ափի զգալի տարածքներ` հիմք ստեղծելով, որ հաջորդները մտածեն արդեն Կոստանդնուպոլիսը նվաճելու մասին: 

Երբ ռուսական ներկայությունը, որոշ դեպքերում նույնիսկ գերիշխանությունը հաստատված էր Բալթիկ եւ Սեւ ծովերում, օրինաչափորեն Ռուսաստանը հայացքը ուղղել էր երկրագնդի ամենակարեւոր ծովին` Միջերկրականին եւ 19-րդ դարի կեսերից ուղիներ էր փնտրում դրա ափերին հասնելու: Եվ քանի որ 1856-ի դառը դասից գիտակցել էր, որ չի կարող Միջերկրական ծով հասնել Բոսֆոր-Դարդանելով, մնում էր ջանալ հասնել Արեւմտյան Հայաստանով: Դրա համար էլ Մոսկվան «դարավոր բարեկամության» անվան ներքո կպել էր Հայաստանից եւ ոչ միայն 1920-ականներին թուրքերին զինեց, Հայաստան ներխուժեց եւ Սեւրի դաշնագրի գործադրումը վիժեցրեց` միայն թե Հայաստանում եվրոպական ներկայություն չլինի, այլեւ 1990-ականների վերջերին իրենից կախված ամեն ինչ արեց, որ Արցախյան պատերազմում հաղթանակի հասած հայությունը այդ էջը չփակի եւ Հայաստան կախման մեջ պահվի Ռուսաստանից: Որպես ապահովագրություն` Ռոբերտ Քոչարյանը, պալատական հեղաշրջման արդյունքում, Երեւանում բերվեց իշխանության եւ նրա ձեռամբ էներգետիկ, տրանսպորտային, այլ ենթակառուցվածքներ ու արդյունաբերական հզորություններ նվիրաբերվեցին Ռուսաստանին` Հայաստանն ավելի մեծ կախման մեջ գցելու համար: 

2018-ին, մարդկային ոչ մի արժանիք չունեցող եւ կառավարելու կատարելապես անընդունակ Նիկոլ Փաշինյանը` իր ուսապարկերի հետ կարողացավ Հայաստանում իշխանափոխություն իրականացնել լոկ շնորհիվ նրա, որ Հայաստանում մարդիկ համատարած մերժում էին Քոչարյանին, Սարգսյանին, ղարաբաղյան կլանին եւ նրանց հետ ասոցացվող գրեթե ամեն ինչ` ներառյալ Ռուսաստանը: Ընդսմին մերժում էին այն աստիճան, որ նույնիսկ 2020-ի` շուրջ 3600 կյանք խլած պատերազմից հետո, այդ կորուստների գլխավոր մեղավոր Փաշինյանը (ով միանգամայն արժանի իր անկարողության ու անճարակության համար որպես պետական դավաճան դատվելու), Հայաստանի խորհրդարանական ընտրություններում կրկին գերակշիռ թվով ձայն ստացավ: Նրան ձայն տվողները չէին էլ թաքցնում, որ իրենց մոտիվացիան դարձյալ Քոչարյանին, Սարգսյանին, նրանց իշխանությունը մերժելն է: 

Այդուհանդերձ Հայաստանի հասարակության այդ արմատական դիրքորոշումը` ընդդեմ ղարաբաղյան կլանի եւ նրանց հետ ասոցացվող գրեթե ամենայն ինչի, այդ թվում` Ռուսաստանի, առանձնապես պտուղներ չէր տա, եթե չբռնկվեր ռուս-ուկրաինական պատերազմը: Բռնկված այդ պատերազմի օգտակարությունը միայն այն չէ, որ խարխլվեցին Ռուսաստանի ռազմական եւ տնտեսական հիմքերը, իրեն միջազգային բեւեռ երեւակայող Ռուսաստանը դարձավ միջազգային վտարանդի: 

Հայաստանի համար շատ ավելի դարակազմիկ ու հեռահար նշանակություն ունեցավ այն, որ 2022-ի ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում Շվեդիան, որը Բալթիկ ծովում ամենամեծ առափնյա հատված ունեցող պետությունն է, ավարտեց իր 200-ամյա չեզոքության քաղաքականությունը եւ 2022-ին անդամագրվեց ՆԱՏՕ-ին: Սա էր անսպասելի, պատմական ու արմատական բեկումը, որ 1856-ի անիվը ետ շրջեց` իր շղթայական հետեւանքներով, որ ժամանակի մեջ ամենքին տեսանելի կդառնան: Ինչպես գիտենք` Շվեդիայից բացի ՆԱՏՕ-ին անդամագրվեց նաեւ Ֆինլանդիան` Բալթիկ ծովը դարձնելով գրեթե ՆԱՏՕ-ի փակ ծով:  Դա նշանակեց, որ Ռուսաստանի համար Պետրոս Մեծի օրոք Բալթիկ ծովով բացված պատուհանը դեպի Եվրոպա գործնականում վերստին փակված է: Բալթիկ ծովն այլեւս ՆԱՏՕ-ական փակ ծով է: Իր հերթին Սեւ ծովի հյուսիսում ՆԱՏՕ-ի ամրապնդումը, առավել եւս Ղրիմի թերակղզու`Ուկրաինայի կողմից վերանվաճումը Ռուսաստանին սեղմելու են Ազովի ծովի ափերին: Իսկ Բալթիկ եւ Սեւ ծովերում ազդեցության կորուստը էֆֆեկտիվորեն վերջակետ է դնում Ռուսաստանի` Միջերկրական ծով հասնելու ձգտումներին կամ միրաժներին ճիշտ այնպես, ինչպես 18-րդ դարում Բալթիկ եւ Սեւ ծովերում գերիշխանություն հաստատելն էր ծնունդ տվել Միջերկրական հասնելու հավակնություններին: 

Ո՞րն է զարգացումների ուղեգիծը    

Այժմ Ռուսաստանի շահերից բխում է առանց աղմուկի Հայաստանում իր դիրքերը ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին զիջելը, որպեսզի Հայաստանում եւ Վրաստանում հաստատվող Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի շնորհիվ Թուրքիան օղակվի Եվրոպայի կողմից, եւ Թուրքիայի` դեպի Ռուսաստանի թյուրքաբնակ տարածքներ երբեւէ տարածվելու ծրագրերը խափանվեն: Կրեմլում ոմանք այդքանը ակնհայտորեն գիտակցել են: Դա է բացատրում, թե ինչպես պատահեց, որ ՌԴ ռազմաբազա ունեցող եւ ՀԱՊԿ անդամ Հայաստանում նախ ԵՄ քաղաքացիական դիտորդներ տեղակայվեցին, ապա դեկտեմբերի 20-ին Բրյուսելից հայտարարվեց առավել էականն ու ցանկալին` Հայաստան է ժամանում (համաձայն ՀՀ ԱԽ քարտուղարի արդեն ժամանել է) անցումային ծրագրմանը խումբը «Հայաստանում CSDP քաղաքացիական առաքելության տեղակայումը ծրագրելու եւ նախապատրաստելու համար» (contribute to the planning and preparation of a possible civilian CSDP mission in the country). 

CSDP mission-ները այս տարի հունիսին ԵՄ-ի որոշմամբ ստեղծված արագ արձագանքման խմբեր են, եթե ճիշտ եմ հիշում` 300 քաղաքացիական դիտորդների եւ 500 սպառազեն խաղապահների կազմերով, անհրաժեշտության պարագայում ԵՄ սահմանամերձ երկրներում արագ գործարկման համար: CSDP քաղաքացիական առաքելության տեղակայումը հաջորդիվ CSDP-ի սպառազեն խաղաղապահների տեղակայման պլացդարմն է ըստ էության: Ի տարբերության ԵԱՀԿ-ի` CSDP-ի խաղաղապահ առաքելութան տեղակայումը որեւէ իրավական կախվածություն չունի Ադրբեջանից, Թուրքիայից կամ Ռուսաստանից, քանի որ այդ երկրներից ոչ մեկը ԵՄ անդամ չէ, հետեւաբար չունի ձայն, veto-ի կամ խոչընդոտելու կարողություն: Հայաստան-Ադրբեջան սահմանագծին CSDP-ի սպառազեն խաղաղապահ առաքելության տեղակայման հիմքերը 2022-ին ստեղծվեցին եւ ամեն ինչ պետք է անել, որ 2023-ին այդ առաքելությունը տեղակայվի: Ոչ թե Ադրբեջանի հետ որեւէ համաձայանգիրը, այլ Հայաստանում ԵՄ խաղաղապահների տեղակայումն է Հարավային Կովկասում խաղաղության երաշխիքը: