Ինչու «Ապրելու երկիրը» որոշեց չմասնակցել ընտրություններին

Ինչու «Ապրելու երկիրը» որոշեց չմասնակցել ընտրություններին

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում մարտի 26-ին նախատեսված են ՏԻՄ ընտրություններ։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Սիսիանում ձայները բաշխվել էին հետեւյալ կերպ․ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 8 մանդատ, «Աշխատանք եւ Արդարություն» դաշինք՝ 5 մանդատ, «Ապրելու երկիր»՝ 4 մանդատ, «Հանուն Հանրապետության» եւ «Մեկ Հայաստան»՝ 2-ական մանդատ։ Այսինքն, ոչ մի ուժ չէր ստացել ձայների բացարձակ մեծամասնությունը եւ կոալիցիաներ եւս չկազմվեցին։ Երկար պայքարից ու ճնշումներից հետո անգամ ՔՊ-ն չկարողացավ Սիսիանում իշխանություն ձեւավորել, ուստի գնացին նոր ընտրությունների։ Սակայն պարզվեց, որ այս անգամ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ցանկն այնքան էլ բազմազան չի լինելու, ինչպես դա եղավ նախորդ ՏԻՄ ընտրությունների ժամանակ։ Մասնակցում է, բնականաբար, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ համայնքապետի ԺՊ Արմեն Հակոբջանյանի դեմքով։ Մասնակցության հայտ է ներկայացրել նաեւ ՀՀԿ-ն, նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանը ոչ միայն իր թեկնածությունը չդրեց, այլ որեւէ մեկին էլ կարծես չի պաշտպանում։ Տարօրինակ է «Ապրելու երկիր» կուսակցության չմասնակցելը, որը նախորդ անգամ լուրջ հաջողություն էր գրանցել եւ իր թեկնածուն էլ՝ Արա Զաքարյանը հավակնում էր համայնքապետի պաշտոնին։

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանից «Հրապարակը» հետաքրքրվեց, թե ինչու որոշեցին այս անգամ չմասնացել Սիսիանում կայանալիք ընտրություններին, նա պատասխանեց․

«Սիսիանի տարածքային թիմը քննարկումներ է իրականացրել և հաշվի առնելով որոշ հանգամանքեր, կուսակցության խորհրդին է ներկայացրել չմասնակցելու մասին դիրքորոշումը, որն ընդունել ենք ի գիություն»։

Հիշեցնենք, որ ՔՊ թեկնածուի՝ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանի շտաբի պատասխանատուն նրա ազգականն է՝ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանը, որը մոբիլիզացրել է բոլոր ուժերն այս անգամ հաղթանակ տանելու համար, ինչը մրցակիցների բացակայության պայմաններում միանգամայն հնարավոր է դառնում։